Ծնող լինելու 20 կանոն․ հոգեբան

Դաստիրակություն

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը։

Սեր

Նորմայում բոլոր ծնողները սիրում են իրենց երեխաներին: Երեխաները միշտ զգում են, որ իրենց սիրում են: Բացարձակ պարտադիր չէ մեքսիկական սերիալի նման ամեն րոպե ասել, որ սիրում եք: Սերը շատախոսություն չի սիրում:

 

Մեղքի զգացում

Սերն ու պատասխանատվությունը ծնում են մեղքի զգացում: Սա է ծնողի թուլանալու, կառավարելի, անվստահ դառնալու պատճառը: Անվստահությունն էլ ծնում է բազում սխալներ: Մեղքի զգացումն ամենաանօգուտ զգացումն է:

 

Սովորել ծնող լինել

Որքան երեխայի տարիքն է, այնքան էլ ծնողի տարիքն է: Եթե երեխան նորածին է, ծնողն էլ նորածին ծնող է: Եթե երեխան 3 տարեկան է, ծնողն էլ երեք տարեկան ծնող է: Երբ երեխաները մեծանում են, ծնողները սկսում են կայանալ:

 

Սխալվել

Հետևաբար ծնողներին հատուկ է սխալվել: Այդ սխալները դառնում են անգնահատելի փորձ երեխայի համար: Բացասական փորձը ևս փորձ է և մեր անձին խորություն է տալիս: Ծայրահեղությունները նկատի չունենք:

 

Արդարություն

Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքում պիտի ստանա անարդարության իր բաժինը: Առանց դրա հնարավոր չէ: Ծնողների ցուցաբերած անարդարությունը սովորեցնում է ներել, օգնում է հասկանալ, որ սիրելի մարդիկ ևս կարող են սխալվել:

 

Ծառայել

Երեխաներին ամենաշատը փչացնում է նրանց ծառայելը այն հարցերում, որոնցում նրանք դրա կարիքը չունեն: Ծառաների երեխաները բռնակալներ են դառնում: Ծառաներին նաև չեն գնահատում և չեն հարգում:

 

Կարծրատիպեր

Ծնողների մասին կան բազմաթիվ կարծրատիպեր, դրանք կառավարում են մեր վարքը ավելի շատ, քան մեր գիտելիքները: Դրա համար կարդում ենք մի բան, իսկ անում մեկ այլ բան: Սկսենք մեր կարծրատիպերը ճանաչելուց:

 

Գիտելիքներ

Գիտելիքները հաճախ վնասում են, դրանք երբեմն տագնապ և անվստահություն են առաջացնում: Վախեր են ներշնչում ծնողներին, որոնք սովորաբար չարդարացված վախեր են: Բնականում բոլորս կարող ենք սովորել և լինել լավ ծնողներ: Ամեն ինչ գրքերում չենք կարդա:

 

Սեփական մանկություն

Ծնող դառնալն արթնացնում է մեր մանկական բոլոր խնդիրները: Եթե նույնիսկ դրանք թաղված են խոր անցյալում, միևնույն է երեխայի ծնունդը դրանք նորովի է թարմացնում: Դրանք վերլուծելն ու հաղթահարելը պարտադիր է առողջ և ներդաշնակ ծնող լինելու համար:

 

Հա՞րս, թե՞ մայր

Հաճախ, մեծերի հետ կոնֆլիկտներում կարիք է լինում ընտրելու լավ հարս լինել, թե՞ լավ մայր: Հազվադեպ է հաջողվում դրանք միաժամանակ լավ անել: Պետք է ընտրել այդ դերերից մեկը, մյուսում՝ թեթև տանել անհաջողությունները:

 

Հոգեբանական տրավմա

Հաճախ են խոսում հոգեբանական տրավմաների մասին: Դրանք շատ լուրջ խնդիրներ են: Սիրող ծնողների երեխաները ունենում են հոգեբանական թեթև խնդիրներ, որոնք լիովին լուծելի են: Տրավմաներ նրանք չեն ստանա ձեր սխալներից, մի՛ վախեցեք:  

 

Չսեր

Նորմալ է, որ շատ սիրելով հանդերձ, երբեմն սեր չզգաք երեխայի նկատմամբ, հոգնածություն զգաք և ցանկանաք երեխայից հեռու լինել, հանգստի կարիք ունենաք: Դա չի նշանակում, որ չեք սիրում: Դա նշանակում է, որ ձեզ սիրելու կարիք ևս ունեք:

 

Մենակ մնալ

Առողջ ծնող լինելու համար պետք է մենակ մնալու հնարավորություն ստեղծել, հանգստի և առանձին լինելու 30 րոպե ունենալ: Այդ 30 րոպեն սուրբ կանոնի նման պետք է պահել: Հայրերը այդ հարցում կարող են օգնել: Իսկ լավ հայրերը դա կդարձնեն 1 ժամ, կամ…

 

Վախ

Վախերից շատ են վախենում ծնողները, սակայն դրանք ամենահեշտ հաղթահարվող խնդիրներն են: Բացի այդ գրեթե միշտ տարիքային բնույթ են կրում: Իսկ դրանց ինքնուրույն հաղթահարելը երեխային օգնում է ինքնուրույն դառնալ և անձնապես ամրանալ:

 

Փրկել հարաբերությունները

Մեծ երեխաների հետ խնդիրների դեպքում պետք է շեշտը դնել հարաբերությունների վրա: Երբ ուզում ենք փոխել երեխային, կորցնում ենք և՛ երեխային, և՛ հարաբերությունները: Փրկելով հարաբերությունները՝ փրկում ենք երեխային:

 

Զրու՞յց, թե՞ դաստիարակություն

Երեխաների դաստիարակությունը պետք է փոխարինել զրույցով: Զրույցի բացակայությունը հանգեցնում է բազում խնդիրների: «Դու սխալ ես, մյուս անգամ էսպես կանես»-ը փոխարինել «Իսկ դու ինչպե՞ս ես կարծում, իսկ ինչու՞ էդպես արեցիր»-ով: Զրույցը պիտի լինի միակ և ամենազորեղ գործիքը երեխայի վրա ազդելու:

 

Շահագրգռվածություն

Երբ ծնողներն ավելի շահագրգռված են երեխայի հաջողություններով քան երեխան, երեխան դառնում է ալարկոտ և չմոտիվացված: Շահագրգռված պիտի լինի երեխան, իսկ մեծերն աջակցող և քաջալերող: Շահագրգռվածությունն իրենն է, և աստիճանաբար պետք է ամբողջությամբ թողնել երեխային:

 

Ագրեսիա

Վախկոտ մարդիկ ագրեսիվ երեխաներ են դաստիարակում: Մարդկանց վախերն ստիպում են նրանց շատ պաշտպանվել: Չհանձնվե՛ս, կպայքարե՛ս, չզիջե՛ս, չտա՛ս, կտա՛ս գլխին, չխեղճանա՛ս ասելով՝ մենք մեր միջի վախեցած երեխային ենք պաշտպանում: Մի՛ վախեցեք, մարդիկ բարի են ծնվում:

 

Երեխա՞, թե՞ ամուսին

Երեխա, թե ամուսին ընտրության մեջ, երբեք չխախտեք հավասարակշռությունը: Իսկ խախտվելու և ընտրության դեպքում, ընտրեք ամուսնուն: Երեխաներին զոհաբերություններ պետք չեն, նրանց երջանիկ ծնողներ են պետք:

 

Նյութ

Մեղքի զգացումից հետո հաջորդ կործանարար բանը նյութն է: Նյութական աշխարհում նյութերի ավելցուկով երեխաներին դարձնում ենք նյութապաշտ և մակերեսային, ինֆանտիլ: Նյութերը լրացնում են այն բոլոր պահանջմունքները, որոնք պետք է բավարարվեին արվեստի, սիրո, շփման, սպորտի, ճամփորդելու, վայելելու, նվիրելու, ներելու, զոհաբերելու միջոցով: