Պատժե՞լ, թե՞…20 խորհուրդ հոգեբանից

Դաստիարակություն

Դաստիարակության ոսկե կանոնն է. խրախուսիր լավը, անտեսիր վատը: Շատ ծնողների համար դա ուղղակի անհեթեթություն է: Նրանք չեն պատկերացնում` ինչպես կարելի է անտեսել վատ վարքը և միայն խրախուսել լավ արարքները:

Պարզվում է, որ երեխայի վարքում որևէ բան ամրագրելու համար բավական է միայն մեծ ուշադրության արժանացնել այդ երևույթը: Իրականում` կարևոր չէ, թե ինչ ձևով դուք դա կանեք` զայրանալով, թե` սիրելով: Նույն սկզբունքով ամրանում են երեխայի վատ սովորությունները, որոնց

Դաստիարակության ոսկե կանոնն է. խրախուսիր լավը, անտեսիր վատը: Շատ ծնողների համար դա ուղղակի անհեթեթություն է: Նրանք չեն պատկերացնում` ինչպես կարելի է անտեսել վատ վարքը և միայն խրախուսել լավ արարքները:

Պարզվում է, որ երեխայի վարքում որևէ բան ամրագրելու համար բավական է միայն մեծ ուշադրության արժանացնել այդ երևույթը: Իրականում` կարևոր չէ, թե ինչ ձևով դուք դա կանեք` զայրանալով, թե` սիրելով: Նույն սկզբունքով ամրանում են երեխայի վատ սովորությունները, որոնց

համար ծնողներն ու մեծահասակները խիստ զայրանում են, սպառնում կամ վախեցնում երեխային: Նրանք անընդհատ զարմանում են, որ ոչինչ չի փոխվում. երեխան շարունակում է մատիկը քիթիկը տանել: Երեխայի վարքին ուշադրություն դարձնելու մի ձև է նաև պատիժը, որը փաստորեն, ոչ միշտ է օգնում երեխային դաստիարակել, այլ, հակառակը, շատ դեպքերում խանգարում է: Մեր փորձը ցույց է տալիս, որ ծնողներն ավելի հաճախ պատժում են երեխային, որովհետև նրա վարքի վրա ազդելու այլ միջոց չգիտեն կամ չեն գտնում այդ պահին: Սակայն կան միջոցներ, որոնք արդյունավետ փոխարինում են պատժին և օգնում երեխային տեսնել իր վարքի թերություններն ու ուղղել դրանք առանց հոգեկան ցնցումների:

 

1.Փնտրեք թաքնված պահանջմունքներ:

Երեխայի վատ վարքը միշտ իր հիմքում ունի չբավարարված պահանջմուքներ: Ուշադիր ծնողները միշտ հասկանում են, թե ինչ է ուզում երեխան ցույց տալ իր վարքով: Ավելի հաճախ երեխաները ուշադրության պակաս են ունենում, և բավական է լինում նրանց գրկել, փաղաքշել մի փոքր և նրանք խաղաղվում են:

2.Ինֆորմացիա տվեք երեխային և բացատրեք պատճառները:

Եթե երեխան նկարում է պատին, պետք է բացատրել նրան, թե ինչո՞ւ են մարդիկ նկարում միայն թղթի վրա, և ինչո՞ւ չի կարելի նկարել պատին:

3.Փնտրեք թաքնված զգացմունքներ:

Ընդունեք, հանդուրժեք և լսեք երեխայի զգացմունքները: Եթե երեխան հրում և հարվածում է դասընկերոջը, ընդունեք, որ նա զայրացած է և օգնեք իր զայրույթն արտահայտել ավելի ընդունելի ձևերով: Գուցե պետք է գոռալ և խոսքերով արտահայտել զայրույթը:

4.Փոխեք երեխային շրջապատող միջավայրը:

Երբեմն դա ավելի հեշտ է, քան փորձել փոխել երեխային: Օրինակ` եթե երեխան անընդհատ ինչ-որ իրեր է հանում խոհանոցային պահարաններից, ավելի հեշտ է դրանք փակել այնպես, որ նա չկարողանա բացել:

5.Գտեք ընդունելի այլընտրանքներ:

Ուղղորդեք երեխայի վարքն ուրիշ ուղղությամբ: Օրինակ` եթե չեք ուզում, որ ձեր երեխան լեգոներով խաղա խոհանոցում, ապա ցույց տվեք նրան, թե որտեղ կարող է դա անել:

6.Ցույց տվեք երեխային, թե ինչպես կցանկանայիք, որ նա իրեն պահի:

Եթե երեխան կատվի պոչից քաշում է, ցույց տվեք նրան, թե ինչպես է պետք սիրել կատվին: Մի հենվեք միայն խոսքերի վրա:

7.Ցանկալի է ընտրություն տալ, այլ ոչ` ցուցումներ:

Որոշումների կայացումն ամրացնում է երեխաներին, ցուցումները դիմադրություն են առաջացնում: Օրինակ.

- Դու ուզում ես ատամները լվանալ գիշերանոցը հագնելուց առա՞ջ, թե՞ հետո:

8.Փոքր զիջումների գնացեք:

Օրինակ` «ես թույլ եմ տալիս, որ դու այսօր չլվանաս ատամներդ, որովհետև շատ հոգնած ես»:

9.Ժամանակ տվեք նախապատրաստվելու

Եթե դուք հյուրեր պիտի ունենաք, բացատրեք երեխային ինչպիսի վարք եք ակնկալում իրենից, ինչպես կուզենաք, որ ինքը իրեն պահի:

10.Թույլ տվեք, որ տեղի ունենա, այն ինչ պետք է տեղի ունենա:

Չափից շատ մի պաշտպանեք, մի խնայեք, մի ուղղեք սխալները: Օրինակ` երեխան, որը չի լվացել և չի կախել իր լողազգեստն ու սրբիչը, վաղը կարող է այն գտնել դեռևս թաց վիճակում: Մեկ անգամ կարելի է չհիշեցնել դասերը պատրաստելու մասին: Երեկոյան ուշ կհիշի ինքը կամ հաջորդ օրը անբավարար ստանալուց հետո կգնահատի ինքնուրույնության կարևորությունը:

11.Տեղեկացրեք ձեր զգացմունքների մասին:

 

Թույլ տվեք երեխաներին իմանալ, թե ինչպես է ձեզ վրա ազդում նրանց վարքը: «Ես շատ եմ հոգնում գետնին թափված խաղալիքները հավաքելիս, խմդրում եմ հավաքիր դրանք խաղալուց հետո»:

12.Գործողություններ արեք, երբ անհրաժեշտ է:

Եթե երեխան ուզում է վազել փողոցում, նրա ձեռքից ամուր բռնեք` ընթացքում բացատրելով վտանգների մասին: Դեպքեր կան, երբ պետք է անդրդվելի լինել. դրանով երեխան կհասկանա հարցի լրջությունը:

13.Ամուր բռնեք երեխաներին:

Երեխան, որը իրեն ագրեսիվ ու անտանելի է պահում, լավ է ամուր բռնել նրան, թույլ չտալով վնասել կամ հարվածել ձեզ, միևնույն ժամանակ սիրով և սատարելով: Դա կօգնի երեխային ուղղել իր թաքուն զգացմունքները դեպի արցունքներ և զգացմունքների արտահայտման ավելի ընդունելի ձևեր:

14.Հեռացրեք երեխային կոնֆլիկտային իրավիճակից և մնացեք նրա հետ:

Օգտագործեք այդ ժամանակը նրան լսելու, նրա զգացմունքները կիսելու, օգնելու և սատարելու համար: Սովորաբար ծնողները հակառակն են անում, երեխային պատժում են մենակ թողնելով, սենյակում կամ հետը չխոսելով: Իրականում ամենալուրջը և ընկալունակը երեխան կարող է լինել հենց այս պահերին: Մնացեք նրա կողքին խոսեք իր արարքների վտանքների մասին, ձեր զգացմուքնների, իր ապրումների մասին: Խոսեք մտերիմ ընկերների նման:

15.Միասին խաղացեք:

Շատ կոնֆլիկտային իրավիճակներ կարելի է վերածել խաղի: Եթե երեխաները աղմկում են ուտելիս, կարելի է նրանց հետ խաղալ սրճարան և ընկերաբար գալ, խնդրել լռություն պահպանել մյուս հաճախորդներին չխանգարելու համար: Նրանք կծիծաղեն և հաճույքով քաղաքավարի հաճախորդների դերը կկակատարեն:

16. Կոնֆլիկտները հաճախ լուծեք ծիծաղով:

Եթե ձեր երեխան զայրացած է ձեզ վրա, առաջարկեք նրան արտահայտել իր զայրույթը ձեզ հետ բարձերով պատերազմ խաղալով: Խաղացեք ձեր դերն իրական, պարտվեք դրամատիկ ձևով: Ծիծաղն օգնում է զայրույթը դուրս բերել, հաղթահարել անօգնականության զգացումը:

17.Պայմանագիր կնքեք, երկխոսություն վարեք:

 

Եթե դուք ուզում եք խաղահրապարակից հեռանալ, իսկ երեխան դեռ ուզում է խաղալ, պայմանավորվեք նրա հետ, թե քանի անգամ կարող է նա սահել գնալուց առաջ:

18.Ընտրեք կոնֆլիկտի երկուստեք ընդունելի լուծում:

Քննարկեք երեխայի հետ կոնֆլիկտը, խնդրեք նրան լուծումներ առաջարկել: Քննարկեք բոլոր լուծումներն ու դրանց հետևանքները: Ասեք երեխային ձեր լուծումների մասին` հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը: Միասին կանոններ սահմանեք:

19.Վերանայեք ձեր սպասելիքները:

Փոքր երեխաները ուժեղ զգացմունքներ են ունենում, այդ պատճառով բնական է նրանց համար լինել աղմկոտ, հետաքրքրասեր, անփույթ, կամակոր, անհամբեր, պահանջկոտ, մոռացկոտ, ստեղծագործ, վախկոտ, էգոիստ ու էներգիայով լի: Փորձեք ընդունել նրանց այնպիսին ինչպիսին, որ կան:

20.Ընդմիջում արեք:

Դուրս եկեք սենյակից և փորձեք անել այն, ինչ օգնում է ձեզ վերականգնել հավասարակշռությունն ու խաղաղ հոգեվիճակը:

«Երկուսով» հոգեբանական կենտրոն

«Իմ փոքրիկ»-ը և «Երկուսով» հոգեբանական կենտրոնը նոր համագործակցություն են սկսում: Այսուհետ պարբերաբար հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անուշ Ալեքսանյանը մեր ընթերցողներին հետաքրքրող թեմաներով հրապարակումներ կներկայացնի:

Գովազդ