Փոքրիկի դաստիարակության տիբեթյան գաղտնիքները. կարեւոր խորհուրդներ ծնողներին – մաս 1

Դաստիարակություն

Տիբեթը գտնվում է Կենտրոնական Ասիայում: Այն ինքնավար մարզ է, որը համարվում է իմաստության իսկական բնօրրան: Կա վարկած, որ մարդկությունը հենց Տիբեթում է առաջացել ու տարածվել ամբողջ աշխարհում:

Այս բնակավայրն ունի հազարամյակների պատմություն: Այսօր Տիբեթ ասելիս մարդիկ միանգամից պատկերացնում են Դալայ Lամային՝ տիբեթյան հոգեւոր առաջնորդ Տենզին Գյացոյին, որն իր իմաստությամբ դարձել է աշխարհի խորհրդատուներից մեկը: Հենց այդ իմաստության ու համերաշխ քաղաքականության շնորհիվ նա  1989-ին ստացավ Նոբելյան մրցանակ: Տիբեթյան իմաստությունը չի շրջանցել նաեւ երեխաներին՝ առաջարկելով դաստիարակության յուրօրինակ մեթոդներ:

Երեխաների դաստիարակության ամենակարեւոր սկզբունքը, ըստ տիբեթյան ուսմունքի, նվաստացման ու ֆիզիկական պատժի բացառումն է: Փոքրիկի ծեծելու միակ պատճառը, ըստ տիբեթցիների, երեխաների՝ պատասխան հարված հասցնելու անկարողությունն է: Երեխաների դաստիարակության փուլերը, ըստ այս ուսմունքի, 3-ն են՝ մինչեւ 5 տարեկան, 5-10 տարեկան եւ 10-15 տարեկան: Իսկ 15 տարեկանից հետո ծնողն անկարող է որեւէ բան փոխել:

Առաջին փուլ՝ 0-5 տարեկան

Այս տարիքում երեխային պետք է վերաբերել ինչպես «թագավորի»: Արգելել չի կարելի է, կարելի է միայն շեղել: Եթե նա որեւէ վտանգավոր բան է անում,  պետք է վախեցած հայացք ընդունել կամ վախեցած բացականչել: Երեխան այս լեզուն հիանալի հասկանում է: Այս տարիքում երեխայի մոտ ձևավորվում է ակտիվությունը, հետաքրքրասիրությունը և հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Նա ի զօրու չէ տրամաբանական շղթա կազմել: Օրինակ՝ կոտրել է մի թանկարժեք ծաղկաման: Նա չի հասկանում, որ այդ ծաղկամանը գնելու համար պետք է աշխատել, գումար վաստակել: Դրա համար էլ պատիժն ընկալում է  որպես ուժեղ կողմի ճնշում: Մի՞թե դա ձեզ հարկավոր է:

Երկրորդ  փուլ՝ 5- 10 տարեկան

Այս տարիքում փոքրիկին պետք է վերաբերել ինչպես «ստրուկի»: Նրա առջեւ պետք է առաջադրանքներ դնել ու պահանջել, որ դրանք կատարվեն: Կարելի է պատժել՝ դրանք չկատարելու համար, բայց երբեք չդիմել ֆիզիկական ուժի:  Այս շրջանում ակտիվորեն զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է կարողանա կանխատեսել մարդկանց արձագանքն իր արարքներին,  ձեւավորի դրական վերաբերմունք իր անձի նկատմամբ եւ խուսափի բացասական դրսեւորումներից: Մի վախեցեք այս փուլում երեխային ծանրաբեռնել գիտելիքով:

Գովազդ