Ուսյալ մանկությու՞ն , թե՞ մանկության կորուստ. ինչու՞ են ծնողները ծանրաբեռնում երեխաներին

Դաստիարակություն

Նկարչություն, պար, լող, երգ, կավագործություն, դաշնամուր, կարատե, կիթառ, օտար լեզուներ ու այսպես շարունակ.  այսօրվա փոքրիկների զբաղմունքների ցանկն այնքան խիտ է, որ կարելի է ժամերով թվարկել: Շատ մայրիկներ երեխայի օրն անգամ նախապես են պլանավորում, որ ամեն ինչ հասցնեն: Բազմազբաղ փոքրիկների առավոտը սկսվում է ծնողների՝ «ուշանում ես» զգուշացմամբ եւ ավարտվում «արագացրու» հրահանգով:

Նկարչություն, պար, լող, երգ, կավագործություն, դաշնամուր, կարատե, կիթառ, օտար լեզուներ ու այսպես շարունակ.  այսօրվա փոքրիկների զբաղմունքների ցանկն այնքան խիտ է, որ կարելի է ժամերով թվարկել: Շատ մայրիկներ երեխայի օրն անգամ նախապես են պլանավորում, որ ամեն ինչ հասցնեն: Բազմազբաղ փոքրիկների առավոտը սկսվում է ծնողների՝ «ուշանում ես» զգուշացմամբ եւ ավարտվում «արագացրու» հրահանգով:

Երեխան ուզում է խաղալ, վազվզել, չմտածել ժամանակի մասին, բայց մայրիկի պարտադրող հայացքը նրան իսկույն «մեծացնում է»,  կտրում մանկությունից՝ ստիպելով մեծահասակի պես հոգալ ժամանակի մասին եւ մի պարապմունքից մյուսին  հասնել: Երեխան, իհարկե, չի հասկանում՝ ինչու իրեն չի կարելի խաղալ այնքան, որքան ուզում է, իսկ մյուս հասակակիցներին կարելի է:  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը երեխային խմբակներով ծանրաբեռնելու մղումը բացատրում է ծնողների՝ տաղանդաշատ զավակ մեծացնելու հեռանկարով: Չնայած համոզված է, որ տաղանդը բնատուր շնորհ է՝ ոչ ձեռքբերովի: «Իհարկե, երեխային ծանրաբեռնելով՝ մենք խլում ենք նրա մանկությունը, չափն անցնելու դեպքում՝ անգամ առողջությունը: Դրան գումարվում է լրացուցիչ տագնապը, որ կարող է ինչ-որ բան չհասցնել, ինչի արդյուքում երեխայի կյանքում կարող են առաջանալ ավելորդ վախեր, որոնք էլ իրականում կխանգարեն ձեռքբերումներ ունենալ»,-բացատրում է հոգեբանը:

 

Միայն ծանրաբեռնելով, սակայն,  մայրիկները հաճախ չեն բավարարվում: Նրանք ուզում են ավելին. անում են հնարավորն ու երբեմն անգամ անհնարինը, որպեսզի երեխան լինի առաջինը, հաղթի մրցույթներում, ապացուցի, որ լավագույնն է: Հոգեբան Անուշ Ալեքսանյանն այսօրինակ մոլուցքը բացատրում է ծնողների թերարժեքությամբ: «Դա կարող է լինել ծնողների ցածր ինքնագնահատականի, վախերի, բարդույթների հետեւանք: Նրանք հաճախ փորձում են իրենց չհասցրած գործերը երեխայի միջոցով ավարտել կամ կարծում են, որ այդպես իրենց երեխաները հետագայում չեն ունենա այն խնդիրները, որոնք իրենք ունեն, կլինեն ավելի հաջողակ և կայացած քան իրենք են»,-ասում է հոգեբանը: Ըստ նրա՝ չի բացառվում նաեւ, որ տարատեսակ պարապմունքներով ծանրաբեռնելու հետեւանքով փոքրիկի իրական տաղանդը ստվերվի ու կորչի: «Եթե մենք տարբեր զբաղմունքներով ենք երեխային ծանրաբեռնում, նա չի կարողանում դրսեւորվել կոնկրետ մեկ ուղղության մեջ: Մինչդեռ տաղանդը սովորաբար ոչ թե բազմակողմանի, այլ կոնկրետ մեկ կամ առավելագույնը մի քանի ընդունակությամբ է դրսեւորվում: Դրա համար մենք պետք է թույլ տանք, որ երեխան արտահայտի այդ շնորհը եւ ոչ թե ծանրաբեռնենք արտաքին զբաղմունքներով: Դրանք սովորաբար խլում են երեխայի ուժերը և խանգարում ինքնարտահայտվել: Մենք պետք է նաեւ ժամանակ տանք երեխային, որպեսզի հայտնաբերվի նրա տաղանդը»,-ասում է հոգեբան Ալեքսանյանը:

Գովազդ