Մայրերն ավելի հաճախ են բռնության դիմում. հոգեբան (ՀայՄեդիա.am)

Դաստիարակություն

ՀայՄեդիա.AM-ը զրուցել է  Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանի հետ այն մասին, թե հոգեբանության մեջ ինչպես է սահմանվում բռնությունը և ինչ հետևանքներ կարող է այն  ունենալ երեխայի դաստիարակության ու հոգևոր զարգացման մեջ:

-Հոգեբանության մեջ ինչպե՞ս է սահմանվում բռնությունը երեխայի նկատմամբ:

-Ծնողների կողմից բռնությունը երեխայի նկատմամբ դրսևորվում է օրինակ ծեծելով, հոգեբանական բռնությունը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ: Բռնություն է օրինակ սննդային բռնությունը՝ կեր, թե չէ կծեծեմ, պիտի ուտես և այլն: Հոգեբանական բռնության տեսակ է երեխային ստիպելը դաս անել, կամ ծեծելը, որպեսզի երեխան դասերին պատրաստվի:

Բռնություն կարող է դիտվել կոպիտ բառեր ասելը, նվաստացնելը, չեմ ասում հայհոյելը, ինչը շատ հազվադեպ է պատահում ընտանիքներում: Օրինակ՝ անասուն, տխմար ու նմանատիպ բառերը կարող են ճակատագրական լինել, երեխաները կարող են ներշնչվել ու իրենց համարել այդպիսին, ու այդ կոնցեպցիայով էլ մտնել կյանք ու այդպես ապրել: Այս կարևոր պահերը պետք է հաշվի առնել: Բռնությամբ երեխայի վարքը հնարավոր չի փոխել կամ դրական հատկանիշներ ձևավորել նրա մեջ:

Համարվում է, որ պատժի միջոցով հնարավոր չէ երեխային նորմալ դաստիարակել: Երեխայի մեջ առաջանում է թշնամանք, երեխան կարող է ատամները կրճտացնելով ասածը անել, բայց դա երբեք չընդունել  որպես ճիշտ տարբերակ: Այդ իսկ պատճառով հոգեբանության մեջ բռնությամբ երեխային դաստիարակելը համարվում է սխալ: Ամենաճիշտը երեխայի լավ վարքը խրախուսելն է, իսկ վատի դեպքում չխոսել հետը, նվեր չգնել, չանել խնդրածը, ոչ թե կոպտել, այլ ուղղակի բացատրել արարքի սխալները:

-Տարիքային խմբերի միջև ի՞նչ տարբերություններ կան:

-Տարիքային տարբերությունները ևս շատ կարևոր են: Օրինակ՝ դեռահասին եթե չես բացատրում, թե ինչու ես դու բարկացած, ինչու ես նրան որոշ բաներ արգելում, որն է նրա արարքի մեջ սխալ, ինչու, ապա դեռահասի վրա դա շատ վատ ձևով կանդրադառնա: Եթե փոքր ժամանակ գոռալով, կամ սպառնալով կարող ես երեխային ստիպել հրաժարվել այս կամ այն վատ արարքը կատարելուց՝ դեռահասի դեպքում դա չի գործում: Ցանկալի է, որ փոքր տարիքում էլ երեխային բացատրեն, թե ինչու են իրեն այս կամ այն գործողությունն արգելում:

Եթե երեխայի վրա ազդող գործոնների մասին խոսենք, ապա պետք չէ հաշվի առնել միայն զուտ երեխայի նկատմամբ բռնությունը, այլև ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվող բռնությունը: Ծնողների կողմից միմյանց հանդեպ կիրառվող բռնությունը շատ բացասական է ազդում երեխաների վրա: Հաճախ երեխան մեղքը վերցնում է իր վրա, իրեն թվում է, թե ինքն է մեղավոր ծնողների միջև վիճաբանությունների համար: Եթե ընտանիքում հայրը ծեծում է երեխայի մորը՝ դա մի սարսափելի ձևով է ազդում երեխայի վրա, խորը տրավմայի արդյունք է դառնում, և հաճախ, երբ նևրոտիկ հիվանդներ են գալիս մեզ մոտ, մենք նրանց ընտանիքներում այս պահը շատ հաճախ ենք տեսնում:

Ընդ որում, եթե ծնողներից մեկը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառում, բացարձակապես պարտադիր չի, որ երեխայի նկատմամբ էլ բռնություն կիրառվի:

Մի հետաքրքիր երևույթ կա՝ մայրերը բռնության ավելի հաճախ են գնում, քան հայրերը: Մայրերին թվում է, թե դա դաստիարակչական ճիշտ քայլ է: Իրենք իրենց այդպիսի իրավունք են վերապահում: Հայրերը սովորաբար ձեռնպահ են մնում բռնություն կիրառելուց: Դեռահասության շրջանում լինում են միջադեպեր, բայց դրանք պարտադիր բնույթ սովորաբար չեն կրում: 

Իմ դիտումները և գրականության վերլուծությունը ցույց է տալիս, որ մայրերը ավելի հաճախ են բռնություն կիրառում:

 

-Ո՞րն է ամենաարդյունավետ դաստիարակության ձևը:

-Կան դաստիարակության երեք ոճեր՝ ավտորիտար, դեմոկրատական և բարձիթողի: Բարձիթողիի դեպքում անուշադրության են մատնում երեխային, դա կոմպենսացնում են նվերներով, աշխատող ծնողները դայակներ են վարձում: Ավտորիտարը կոպիտ վարքն է երեխայի նկատմամբ: Ծայրահեղ ավտորիտարի դեպքում երեխային ծեծում են, անընդհատ ջղայնանում են, անընդհատ արգելքներ են դնում երեխայի առաջ, հետապնդում են: Գնում են բակ, բակից բերում են, չեն թողնում խաղալ այս կամ այն երեխայի հետ, ստիպում են կամքին հակառակ նստել ու դասերը սերտել: Դեմոկրատական դաստիարակության դեպքում երեխայի մեջ անձ են տեսնում, հաշվի են նստում նրա ցանկությունների հետ:

Եթե երեխան չի ուզում դասերը սովորել, նրան բացատրում են, թե ինչ բացասական հետևանքներ դա կարող է ունենալ, նեղանում են երեխայից, բայց չեն ծեծում, ավելի հաճախ ընկեր են դառնում: Դա ամենահաջողն ձևն է:

Խիստ հազվադեպ են շիզոֆրենիայով հիվանդները կամ ծանր նևրոտիկ հիվանդները դեմոկրատական ոճով դաստիարակված ընտանիքներում հանդիպում, փոխարենն այս հոգեբանական շեղումով հիվանդները շատ հաճախ են հանդիպում ավտորիտար դաստիարակությամբ ընտանիքներում:

Ֆիզիկական բռնությունը ճիշտ է ցավացնում է,  նվաստացնում  մարդուն, բայց ավտորիտար դաստիարակության  դեպքում արտահայտվող հոգեբանական բռնությունը՝ սա այսպես արա, սա այնպես պիտի անես, պիտի ուտես, հանգեցնում են այն բանին, որ 3-4 տարեկանում, 15-20 տարեկանում նույն ուղղորդումներն են գնում, ու անձի հոգեբանական զարգացումը խաթարվում է, մարդը չի զարգանում:

Կա մի ժամանակաշրջան, երբ երեխային պետք է ասել՝ սա կամ այն արա, դա մոտավորապես 3,4,5-6 տարեկան ընկած ժամանակահատվածն է, բայց 3-4 տարեկանից սկսած երեխան ինքը պիտի հասկանա, որ այս կամ այն գործողությունները պիտի անի: Սխալ է, երբ 2-րդ կամ 3-րդ դասարանի երեխային ասում են՝ արի նստիր, դասերդ արա: Դա ինքը պիտի ասի ու անի, եթե երեխան դա չի ասում, ուրեմն զարգացումից հետ է մնում:

Չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ երեխային 17, 20 տարեկանում ասում են արի հաց կեր, մայթը այսպես անցիր, սրա հետ մի խաղա, և նման բաներ:

Երեխայի դաստիարակության մեջ կարևորագույն խնդիրն ինքնուրույնություն ձևավորելն է: Ավտորիտար դաստիարակության դեպքում հենց դա է խաթարվում՝ երեխան ինֆանտիլ է դառնում: Շատ դեպքերում դա նպաստում է շիզոֆրենիայի ձևավորմանը: Անձը կորում է, անձը չի զարգանում, տրավմա է ստանում:

Հայկանուշ Ալոյան

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ