Երեխայի հիստերիան խանութում. ի՞նչ պետք է անի ծնողը

Դաստիարակություն

Շատ երիտասարդ մայրիկներ հաճախ հանդիպում են այս խնդրին. փոքրիկը կամակորություն է անում խանութում՝ պահանջելով ինչ-որ խաղալիք կամ քաղցրավենիք: Նա նստում է հատակին, գոռում է, հարվածում գլխին: Փոքրիկին հանգստացնելը դառնում է անհնարին:

Ինչպե՞ս պետք է վարվեն ծնողները:

Խորհուրդ է տալիս մանկական հոգեբան Եկատերինա Բուրմիստրովան:

«Գնիր, գնիր, գնիր». Իհարկե, գնելը դժվար չէ, սակայն շուտով նմանատիպ իրավիճակներն ավելի հաճախակի կդառնան, իսկ ձեր տունը կնմանվի խաղալիքի փոքրիկ խանութի:

Ինչպե՞ս վարվել այս դեպքում: Ցանկացած ծնող ինքը պետք է ընտրի մարտավարության իր ձեւը: Այսպիսի տհաճ իրավիճակները մորը ստիպում են շրջապատում անհարմար զգալ: Արդյունքում՝ շրջանցելով իր սկզբունքը՝ գնում է երեխայի ուզածը, միայն թե փոքրիկը հանգստանա:

Եթե գնեք երեխայի ուզածը, ապա հիստերիան մի պահ կանցնի, եւ դուք հանգիստ շունչ կքաշեք: Բայց չկա երաշխիք, որ երեխան մի քանի րոպե հետո այլ խաղալիք չի ուզի: Որքան հաճախ ենթարկվեք երեխային, այնքան հաճախ հիստերիաներ կլինեն (հիստերիան կդառնա ուզածին հասնելու միջոց): Երեխայի այդպիսի պահվածքը ոչ միայն քայքայում է ձեր նյարդերը, այլեւ վնասում է երեխային: Ժամանակի ընթացքում հիստերիկ երեւույթներ կդրսևորվեն նաև մանկապարտեզում ու դպրոցում. երեխան այդպես կփորձի հասնել իր ուզածին: Այդ երեխային չեն հասկանա նաեւ հասակակիցները, եւ դա կխանգարի նորմալ շփմանը:

Եթե մայրիկը որոշել է չգնել երեխայի ուզածը, ապա պետք է հաստատուն մնա իր որոշման մեջ:

Ուշադրություն մի՛ դարձրեք շրջապատին, մի՛ լսեք նրանց խորհուրդները, մի վախեցեք քննադատություններից: Հավատացեք, հարյուրավոր ծնողներ երկրագնդի տարբեր անկյուններում հանդիպում են նման խնդրի: Եւ այդտեղ ամոթալի ոչինչ չկա: Մի՛ մտածեք այն մասին, թե ինչպես են ձեզ նայում կողքի մարդիկ, կենտրոնացե՛ք երեխայի պահվածքի վրա: Եթե հիստերիան չի անցնում, ճիշտ կլինի՝ երեխայի հետ դուրս գաք խանութից եւ գնումներ կատարեք ավելի ուշ: Ենթարկվել երեխայի կամակորությանը հեշտ է, ավելի բարդ է մերժելը: Եթե որոշել եք ոչինչ չգնել, ապա անպայման պահեք ձեր խոսքը, եւ մի կասկածի տակ մի դրեք ձեր ճիշտ որոշումը:

Շարունակելի

Գովազդ