Ինչպե՞ս դաստիարակել առաջնորդի

Դաստիարակություն

Մեր օրերում համարում են, որ առաջնորդի բնավորություն ունեցող մարդիկ հաջողակներ են:

Առաջնորդ ծնվում են, բայց անգամ այս դեպքում պետք է հղկել բնավորության  գծերը: Ծնողները պետք է շատ նուրբ վերաբերեն հարցին ու հատուկ մոտեցում ցուցաբերեն:

Հաճախ ծնողները համառ, քմահաճ ու ագրեսիվ երեխաներին համարում են ուժեղ բնավորության տեր: Առաջնորդ-երեխան պետք է կարողանա մեծահասակների ու իր հասակակիցների հետ «իր հարցերը լուծել» առանց ագրեսիայի ու լացի: Ձեր երեխան օժտված է առաջնորդի հատկանիշներով, եթե կարողանում է կոորդինացնել հասակակիցներին, հեշտ ու արագ բացատրել խաղի կանոները, իր վրա վերցնել պատասխանատվությունը, հեշտությամբ լուծել կոնֆլիկտային իրավիճակներն ընկերների միջև: Ի ծնե առաջնորդները սա անում են ենթագիտակցաբար: Իր այս բնավորությունը երեխան դրսևորում է ամենուր՝ տանը, բակում, դպրոցում, մանկապարտեզում: Չի լինում, որ տանը երեխան կառավարի ծնողներին, մանկապարտեզում լուռ նստի մի անկյունում: Սա մեկ այլ դեպք է, որի մասին արդեն խոսել ենք:

Առաջնորդ-երեխայի բնավորության ուժեղ գծերն արտահայտվում են դեռ վաղ տարիքից՝ 3-4 տարեկանից: Օրինակ՝ նա կարող է մյուս երեխայից վերցնել խաղալիքը՝ ասելով և անելով այնպիսի բաներ, որոնք ձեռնտու են իրեն:

Ծնողները պետք է հետևեն երեխային, որպեսզի բնավորության այս գիծը սխալ հունով չզարգանա: Ոչ մի պարագայում չի կարելի ճնշել նրան, խեղճացնել, այլ պետք է բացատրել, որ առաջնորդ լինելը նախևառաջ պատասխանատվություն է, նպատակներին պետք է հասնել սեփական արժանիքներով ու արդար աշխատանքով, այլ ոչ մյուսների հաշվին:

Այստեղ շատ նուրբ սահման կա. սխալ դաստիարակության պատճառով առաջնորդի բնավորության գծերով օժտված երեխան կարող է դառնալ եսասեր ու խանդոտ: Սրանից խուսափելու համար երեխայի համար ստեղծեք միջավայր, որտեղ նա կարող է իրեն մաքսիմալ դրսևորել (զբաղվել սպորտով, տարբեր խմբակների հաճախել):

Տարբեր հարցերի շուրջ երեխայի հետ խոսեք ինչպես հավասարը հավասարի հետ: Նա պետք է կարողանա իր տեսակետը հայտնել ու փաստեր բերել, թե ինչու է կարծում, որ իր ասածն է ճիշտ: Իհարկե, վերջնական որոշումները կընդունեն ծնողները, սակայն երեխան կհասկանա, որ իր կարծիքը նույնպես հաշվի են առնում:

 

 

Գովազդ