Քաղաքավարության կանոններ երեխաների համար

Դաստիարակություն

Նույնիսկ փոքրիկը, ով դեռ «մամա» էլ չի կարողանում ասել, տպավորվում է ամեն ինչից՝ Ձեր ռեակցիան, ձայնի տոնը, շարժուձևը նրա ուշադրության կենտրոնում են:

Մի՛ զարմացեք, երբ երեխան հաց ուտելուց հետո բերանը սրբում է անձեռոցիկով: Նա տեսել է, թե ինչպես եք դա անում Դուք: Նույն տրամաբանությամբ մի զարմացեք, երբ երեխան որևէ վատ արարք է կատարում: Դա նույնպես սովորել է մեծերից: Այնպես որ, այստեղից հետևություն՝ երեխայի ներկայությամբ մենք մեզ պետք է պահենք շատ քաղաքավարի, խոսենք գեղեցիկ, մայրիկին դիմենք գեղեցիկ բառերով՝ սիրելիս, թանկագինս:

  • Երբ տանը որևէ մեկը փռշտում է, առողջություն մաղթեք,
  • Երեխային սնունդ տալիս «բարի ախորժակ» մաղթեք,
  • Երեխան Ձեզ որևէ բան փոխանցեց, շնորհակալություն ասեք,
  • Հրաժեշտ տալիս հաջողություն մաղթեք:

Այս ամենը Ձեր փոքրիկի համար կդառնա կենսակերպ: Դուք ստիպված չեք լինի երեխային սպառնալից տոնով հարցնել՝ «ի՞նչ պետք է ասես», երբ նրան որևէ մեկը շոկոլադ հյուրասիրի:

Սեղանի շուրջ

Սեղանի շուրջ երեխայի պահվածքի մասին պետք է մտածել դեռ փոքրուց: Ոչ, անհրաժեշտ չէ երեխային սովորեցնել՝ ինչպես են ուտում կարմիր ձուկը, որ բաժակից են խմում ֆրանսիական գինին: Ամենևին: Բայց և չի կարելի երեխային թողնել, որ գետնին նստած ճաշ ուտի՝ վրան թափելով կամ ամբողջ դեմքը կեղտոտելով:

  • Ճաշիկ ուտելիս երեխայի գոգին անձեռոցիկ փռեք,
  • Հաց պետք է ուտել միայն սեղանի շուրջ,
  • Պետք է ծամել փակ բերանով,
  • Լիքը բերանով չի կարելի խոսել,
  • Ուտել պետք է անշտապ, մանր կտորներով, ծամել պետք է երկար:

Հիշեք՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Այնպես որ, այս ամենը ցույց տվեք անձնական օրինակով:

Հյուր գնալիս

Լավ պահվածքը չի սահմանափակվում միայն այս ամենով: Երեխան դեռ փոքրուց պետք է սովորի «հյուր գնալու արվեստը»: Եթե չեք ցանկանում հյուր գնալիս կարմրել երեխայի պահվածքի համար, կարդացեք սա.

  • Հյուր չի կարելի գնալ, երբ մեզ չեն հրավիրել: Անկոչ հյուր լինելը սարսափելի է,
  • Հյուրին պետք է հրավիրել նախապես,
  • Հյուրերին պետք է ուշադրություն դարձնել, նաև ներկայացնել անծանոթներին,
  • Հյուր գնալիս չի կարելի ձեռք տալ տան իրերին:

Ինչ անել, որ երեխան յուրացնի այս ամենը: Սովորեցրեք այս ամենը խաղով: Կարդացեք նրա համար հեքիաթներ, որի հերոսներն այդպիսին են:

Աղբյուրը՝ vospitaj.com

 

Գովազդ