Ինչու՞ են երեխաները ստում և ինչպե՞ս արձագանքել երեխայի ստին. ուղեցույց ծնողների համար

Դաստիարակություն

Երեխաները ծնողների հայելին են:

Ամենասկզբում եկեք ամրագրենք այս միտքը՝ բոլոր մարդիկ էլ ստում են: Երկրագնդի վրա չկա մի անհատ, ով երբեք ու ոչ մի պարագայում չի ստել կամ գոնե չի թաքցրել ճշմարտությունը: Երեխաները բացառություն չեն և ինչ-ինչ պարագաներում նրանք էլ սկսում են խաբել, ստել: Պատժել, խրատներ կարդալ. այս ամենն անօգուտ է: Ծնողները պետք է ոչ թե փորձեն դաստիարակել անսխալ և արդար երեխայի, ով հետագայում կբախվի շրջապատի մարդկանց ոչ հաճախ բարոյական արարքներին ու ստերին, այլև հասկանալ երեխայի ստի պատճառը:

Ինչպես պարզել են հոգեբանները, տարբեր տարիքում երեխաները տարբեր պատճառներից դրդված են ստում:


Ծննդյան պահից մինչև 3 տարեկան:
Այս տարիքում երեխաներն ընդհանրապես չեն կարողանում ստել: Երեխայի ուղեղն այդ տարիքում ի զորու է կենտրոնանալ մի բանի վրա, այն, ինչ իրականում տեսել է: Իսկ սուտը հնարած մի բան է, որն իրականում չկա և պահանջում է ուղեղի լարում, աշխատանք:


3-ից 4-4,5 տարեկան:
Հոգեբանները երեխաների այս տարիքը համարում են «ուրախ ստի» տարիք: Այդ տարիքում երեխաները երևակայում են, մտածում են հետաքրքիր բաներ, որոնք ուրախացնում են ծնողներին: Այս տարիքում երեխաների համար սուտը ուղեղի մարզանք է:

4,5-5 տարեկան և ավելի:
Հենց այս տարիքից երեխաները սկսում են գիտակցաբար ստել: Ու սա արդեն պետք է Ձեզ  անհանգստացնի:

 

Ինչու՞ է երեխան ստում

 

Եվ այսպես, երեխան հինգ տարեկան է, և մի օր Դուք հասկանում եք, որ նա ստում է Ձեզ: Եվ այդ սուտն այլևս երևակայության արդյունք չէ, այլ սուտ, որով նա ցանկանում է խաբել Ձեզ: Ամենասկզբում երեխաները ստում են փոքր պատճառներով՝ մոռացել է օրագիրը, գնահատական այսօր չի ստացել, հարևանի պատուհանը կոտրողը նա չէ և այլն: Իհարկե, Ձեր առաջին արձագանքը զայրույթն է, բայց սպասեք՝ ինչու՞ է երեխան ստում: Գուցե վախենու՞մ է Ձեզնից, վախենում է, որ կպատժեք: Երեխաների ցանկացած սուտ ունի իր կոնկրետ պատճառը: Դա հասկանալով ու այն լուծելով՝ Դուք կկարողանաք արմատախիլ անել սուտը: Հիմա պատճառները հատիկ-հատիկ քննարկենք.

Վախ պատժից: Սա ամենատարածված պատճառն է: Դուք պատժու՞մ եք երեխային վատ գնահատականի համար, զայրանու՞մ եք ափսե կոտրելու համար: Այս ամենի արդյունքում երեխաները սկսում են երևակայել ու հորինել պատճառներ, որպեսզի ծնողները չպատժեն իրենց:

Վախ չհասկացված ու ծիծաղելի լինելուց: Օրինակ՝ Ձեր 10-ամյա որդին սիրահարվել է դասընկերուհուն և ցանկանում է նրան որևէ բան նվիրել: Նա վախենում է, որ Դուք կծիծաղեք իր վրա, կծաղրեք ու հնարում է մի պատմություն՝ դպրոցում գումար հավաքելու մասին: Կամ Դուք ստիպում եք երեխային պարի հաճախել, իսկ նա չի ցանկանում, և դասընկերներին ստում է, թե գնում է կարատեի պարապմունքների:

Ամոթի զգացում և անինքնավստահություն: Երեխաները շատ հաճախ ցանկանում են ունենալ որևէ խաղալիք, որը շատ թանկ է, կամ ընտանիքում գերակշռում է մայրիկի խոսքը, ու երեխան հաճախ ստում է ընկերներին՝ ներկայացնելով իր երազանքները: Երեխան ստում է ծնողներին, քանի որ չի արդարացրել նրանց հույսերը: 

Ուրեմն՝ եկեք հասկանանք երեխայի ստի պատճառները: Տարբերենք՝ կան որևէ պատճառով ստող երեխաներ և պաթոլոգիկ ստախոսներ, ովքեր մշտապես ու ցանկացած իրավիճակում ստում են: Նրանց հետ արդեն պետք է աշխատեն հոգեբանները:

Ինչպե՞ս արձագանքել երեխայի ստին

Երեխայի հետ ստի մասին խոսել խորհուրդ է տրվում 5 տարեկանից, երբ երեխան սկսում է գիտակցաբար ստել: Հիշեք՝ երեխաները չեն ստի, եթե Դուք լինեք հոգատար, համբերատար, բարի, օգնող: Ինչ էլ որ լինի, Դուք պետք է լինեք երեխայի կողքին, այլ ոչ նրա դեմ: Որպեսզի երեխան չստի, Դուք պետք է հավատաք նրան, նրա կարողությունները ռեալ դատեք, հաշվի առնեք նրա ցանկությունները:

Ինքներդ մի ստեք. «վերցրու հեռախոսն ու ասա՝ տանը չեմ». այս անմեղ ստի պատճառները երեխան չի հասկանում: Նա պարզապես տեսնում է, որ մայրիկը ստեց: Ինչպես վերևում ասացինք, երեխան ծնողների հայելին է:

Երեխայի հետ բաց ու ազատ խոսեք, սատարեք երեխային, ոգևորեք, վստահեք նրան ու դարձեք ամենալավ ընկերը ու  երեխան այլևս չի հորինի սուտ պատճառներ:

Աղբյուրը՝ Woman.ru

Գովազդ