Անհրաժե՞շտ է, արդյոք, գերուշադրություն հիվանդ երեխային

Դաստիարակություն

Մենք ինքներս էլ չենք հասկանում՝ ինչ սխալներ ենք թույլ տալիս երեխայի դաստիարակության հարցում:

Հայ ծնողները ծայրահեղությունից ծայրահեղություն են. կամ չափազանց ուշադիր ենք մեր երեխաների նկատմամբ, կամ էլ մեր փոքրիկներն ունենում են ուշադրության պակաս: Մենք  ուշադրություն ենք դարձնում երեխային հատկապես այն ժամանակ, երբ հիվանդանում է:

Այս պարագայում երեխայի մոտ առաջանում են հակասական կարծիքներ. մտածում է՝ «իմ նկատմամբ մայրիկը, հայրիկն ու տան անդամներն ուշադիր են, երբ ես հիվանդ եմ, իսկ երբ առողջ եմ, որևէ մեկն ուշադրություն չի դարձնում ինձ, զայրանում են ինձ վրա»: Մեր իրականության մեջ հիվանդ, ջերմող երեխան թելադրում է իր ցանկությունները, որոնք մի քանի րոպե անց կատարվում են:

Այս ամենը տեսնելով՝ փոքրիկը երբեմն ձևացնում է, թե տկար է, հիվանդ է, մինչդեռ նա ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել:

Այս հարցում մի կարևոր նրբություն ևս կա. երբ երեխան ունենա որևէ խնդիր, կարոտի ծնողներին կամ ընտանիքի անդամներին, իսկապես կհիվանդանա, կջերմի: Այս պարագայում խնդիրն արդեն հոգեբանական դաշտում է:

Հոգեբանների կարծիքով՝ այս խնդրի ելքը ամենօրյա, հավասար բաշխված ուշադրությունն է: Երեխան պետք է զգա ու հասկանա, որ ծնողներն իր նկատմամբ  միշտ են ուշադիր, սիրում են իրեն, իսկ սիրո և ուշադրության համար ամենևին էլ հիվանդանալ անհրաժեշտ չէ:

Խնամեք ջերմող երեխային, սակայն այդ խնամքը մի վերածեք գերուշադրության:

 

Աղբյուրը՝ woman.ru

Գովազդ