Երջանիկ, ուրախ և խելացի երեխա ունենալու հունական բանաձևը

Դաստիարակություն

Հունաստան՝ երկիր, որտեղ երեխաներին պարզապես պաշտում են: Երեխաների դաստիարակությամբ զբաղվում են բացառապես ծնողները: Ոչ ոք չի համարձակվում ծնողներին ուղղորդել այս հարցում:

Հույները պաշտում են իրենց ընտանիքը: Բոլորը փորձում են ամուր ու տաք պահել հարազատական ու բարեկամական հարաբերությունները: Բոլոր տոները, միջոցառումներն ու հանգստյան օրերը հույներն անցկացնում են ընտանեկան միջավայրում: Երեխա, մայր, հայր, տատիկ, պապիկ, քեռի, մորաքույր, զարմիկ, հորեղբայր, հորաքույր…որքան շատ՝ այնքան ուրախ: Եվ հետո՝ հույները շատ աղմկոտ են և սիրում են զվարճանալ: Այս միջավայրում երեխաներին  հետաքրքիր է և հարմարավետ: Երեխաներին թույլատրվում է ամեն բան: Հույն ծնողները հավատացած են, որ այդպիսով փոքրիկը կմեծանա երջանիկ, ազատ, անկաշկանդ: Իսկ ինչ է կարելի, կամ ինչ չի կարելի՝ հույն ծնողները ցույց են տալիս սեփական օրինակով: 

Ազատության հետ մեկտեղ հունական ընտանիքներում երեխաների համար կա ոսկե օրենք՝ պետք է հարգել մեծերին: Սա, ինչպես ընտանիքի անդամներին, այնպես էլ անձանոթ մարդկանց է վերաբերում:

Եթե հույն կինը տղամարդուն ասում է՝ «ցանկանում եմ քեզնից երեխա ունենալ», ուրեմն նշանակում է՝ կինն ամբողջությամբ նվիրված է տղամարդուն և պատրաստ է իր ամբողջ կյանքը կապել նրա հետ:

Հույն հայրիկները համբերատար, սիրող ու պատասխանատու են: Նրանք չեն ամաչում իրենց երեխային խնամելուց, կարող են  փոխել նաև տակդիրը: Նրանք սիրում են ժամանակ անցկացնել փոքրիկի հետ, զբոսնել, խոսել: Հայրիկներն ու երեխաներն այնքան կապված են միմյանց հետ, որ ամուսինների բաժանման պարագայում շատ հաճախ դատարանը երեխաների խնամակալությունը հանձնում է հայրիկներին:

4 տարեկանից փոքրիկ հույները հաճախում են մանկապարտեզ: Չի կարելի ասել, որ մանկապարտեզը պարտադիր պայման է դպրոց հաճախելուց առաջ, սակայն շատ ցանկալի է: Մանկապարտեզում երեխաներն անցկացնում են 8 ժամ՝ առավոտյան 8-ից 16-ը: Մանկապարտեզում ճաշում են, քնում, խաղում, սովորում քաղաքավարության կանոնները:

Ուսման հաջորդ փուլը նախակրթարանն է: Այնտեղ երեխաները սովորում են 6-12 տարեկանում: Նախակրթարանի ավարտից հետո երեխաները ստանում են վկայական, որով էլ հետո պետք է սովորեն գիմնազիայում: Գիմնազիա հաճախում են 12-15 տարեկանում: Սա ավարտելուց հետո հույն պատանիներն ընդունվում են ավագ դպրոց, ապա ստանում վկայագիր՝ միջնակարգ կրթություն ստանալու մասին:

Բարձրագույն կրթություն ստանալու համար հույն երիտասարդներն ընդունվում են համալսարան: Ուսումը տևում է 4 տարի:

Այսպիսով՝ հույների երջանկության բանաձևը կարելի ամփոփել մի քանի բառում՝ սեր, ազատություն, փոխադարձ հարգանք: Այսպես՝ սերնդեսերունդ:

 

 

Գովազդ