Ինչպե՞ս Սփյուռքում երեխաներին հայ մեծացնել

Դաստիարակություն

Ապրելով հայրենիքից հեռու՝ ծնողներն ամեն կերպ ջանում են փոքրիկի մեջ սերմանել ազգային արժեքներ, դաստիարակել նրան հայեցի։ Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել բարդ թվացող այս իրավիճակում ներկայացնում է հոգեբան Մանե Սողոյանը։

Սփյուռքահայի առջև կան ծառացած բազմաթիվ հարցեր, որոնք որքան համակցված, այնքան էլ յուրովի շերտավոր են։ Սակայն աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայի համար կա համընդհանուր մեկ խնդիր՝ պահպանել սերունդների ազգային ինքնությունն ու հայեցի դաստիարակությունը։  Բնականաբար երեխայի դաստիարակության  պատասխանատվությունը նախևառաջ ծնողների ուսերին է, հետո՝  հայկական համայնքի, եկեղեցու պատասխանատվության ներքո:  Այս հարցում իր պատասխանատու դերն ունի նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որը երկկողմանի կապի երաշխավորն է: Բայցևայնպես, ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է ծնողների վրա:

Այս համատեքստում դաստիարակության ճիշտ ընտրված մեթոդը կանխորոշում են  ինչպես ընտանիքի կարգավիճակը,  աճող սերնդի հոգեբանական առողջությունը, այնպես էլ որոշակիորեն լուծում են  մեր քննարկման առարկա՝ ազգային ինքնագիտակցության ձևավորման, տեսակի պահպանման, օտար հողում ադապտացվելու, բայց հնարավորինս չձուլվելու խնդիրները:

Եթե սփյուռքահայ ծնողը ցանկանում է՝ օտար հողում իր երեխան հայ մեծանա, ապա տանը  երեխայի հետ պետք է խոսի հայերեն, որովհետև լեզուն ուղղակիորեն կապված է մտածողության հետ, իսկ լեզվամտածողությունն ինքնին ազգային հոգեբանության կրողն ու փոխանցողն է:

Հարկավոր է երեխայի հետ  հայկական եկեղեցի հաճախել, քանի որ Սփյուռքում հայ համայնքների ամրության գործում մեծ դեր ունի  եկեղեցին։ Եթե համայնքն ունի հայկական կրթահամալիր, երեխան պետք է հաճախի այնտեղ: Շատ կարևոր է երեխային հայկական հեքիաթներ կարդալ, ծանոթացնել մեր ազգային խաղերին, երգ ու պարին, այդ գործընթացին մասնակից դարձնել ամբողջ ընտանիքին, որպեսզի հայկականը ամրագրվի երեխայի զգայական մակարդակում:  Սփյուռքահայ երեխային հնավորինս պետք է ծանոթացել սեփական պատմությանն ու գրականությանը, որպեսզի տեղի ունենա ազգի հետ նույնականացման գործընթացը: Ազգային նույնականացման գործընթացը ճանաչողական-արժեքային հարաբերությունների ձևավորումն է պատմության, մշակույթի, ազգային ավանդույթների և սովորույթների համակարգում, երեխայի վերաբերմունքն է դրանց նկատմամբ, որոնց հիման վրա էլ կյանքի են կոչվելու նրա գաղափարները:

Ազգային նույնականացումը ոչ միայն գիտակցական, այլ նաև անգիտակցական բնույթ է կրում, մեր կոլեկտիվ անգիտակցականը  արխետիպերի և սիմվոլների միջոցով մեզ մղում է հայեցիության, ինչն անուղղակի կերպով արտահայտվում է մեր երազներում, մեր ստեղծագործական աշխատանքում:

Եվ, ի վերջո, Սփյուռքում չձուլվելու գործում մեծ դեր ունի կրոնական գործոնը, այսինքն՝ տվյալ երկիրը ի՞նչ կրոն է դավանում։ Քրիստոնեական երկրներում ձուլման ավելի մեծ հավանականություն կա, քան մուսուլմանական երկրներներում՝ թեկուզ հենց այն պատճառով, որ այլազգի, բայց քրիստոնյայի հետ խառնամուսնություններին մենք ավելի նորմալ ենք վերաբերվում:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ