Գործողություններ, որոնք չի կարելի անել երեխայի ներկայությամբ

Դաստիարակություն

Համաձայնեք, որ երեխային դաստիարակելիս դաստիարակվում ենք նաև մենք։ Եկեք քննարկենք իրավիճակներ, որոնք մենք ինքներս՝ ծնողներս, չպետք է անենք, այն էլ՝ երեխայի ներկայությամբ։

Անընդհատ խաղալ պլանշետով, հեռախոսով

«Համակարգիչը վնասում է տեսողությունը, անընդհատ մուլտֆիլմ դիտել չի կարելի»,-ասում ենք մենք, բայց ինքներս ամեն րոպե հեռախոսով ինչ-որ բան ենք անում։ Հասկանալի է, որ հեռախոսը, համակարգիչը վաղուց դարձել են մեր աշխատագործիքները, բայց երեխային դա բացատրելն այնքան էլ հեշտ չէ։ Երեխան չի հասկանում՝ ինչու իրեն չի կարելի հեռախոսով խաղալ, իսկ մայրիկին կամ հայրիկին կարելի է։

Վիճարկել հայրիկի կամ մայրիկի ասածը

Ծնողներից մեկը երեխային նկատողություն է անում, իսկ մյուսը պաշտպանում է փոքրիկին։ Հոգեբանները խորհուրդ են տալիս այդ պահերին լռել ու ոչինչ չասել երեխայի ներկայությամբ։ Հետո, երբ արդեն երեխան ներկա չի լինի, կարելի է խոսել և պարզաբանել իրավիճակը։

Տգեղ խոսք

Երեխան սովորում է ծնողներից։ Մտածեք՝ ցանկանու՞մ եք, որ Ձեր երեխան խոսի տգեղ բառերով. եթե ոչ, վերանայեք Ձեր բառապաշարը։

Բղավել և վիճել 

Վեճերից խուսափել հնարավոր չէ։ Սակայն հոգեբանները պնդում են, որ ծնողների վեճերը շատ վատ են ազդում երեխաների հոգեբանության վրա, հետևաբար փորձեք խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Իսկ եթե չի ստացվում, փորձեք բղավել կամ ճչալ այն ժամանակ, երբ երեխան տանը չէ։

Քննարկել ու քննադատել ուրիշներին

Այո, լինում են դեպքեր, երբ այլ մարդիկ մեզ նյարդայնացնում կամ նեղացնում են, և մենք սկսում ենք մեր հարազատ մարդկանց հետ խոսել նրանց մասին։ Լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ սկսում են անտեղի քննադատել այլոց։ Առհասարակ չպետք է մարդկանց կյանքն ու վարքը քննարկել, առավելևս՝ երեխաների ներկայությամբ։

Վատ սովորություններ

Եթե Դուք ծխում եք, երեխայից մի' պահանջեք չծխել։ Երեխային անհնար է բացատրել, որ ծխելը վտանգավոր է առողջության համար, եթե Դուք ամեն օր վտանգում եք Ձեր առողջությունը։ Եթե ունեք կախվածություն ծխախոտից, դրա մասին գոնե չպետք է իմանա երեխան։

Սուտ խոսել

Ծնողները երեխայի համար հեղինակություն են։ Ու փոքրիկ ստի բացահայտման պարագայում այդ վստահությունը կարող է խաթարվել։ Մի՛ ստեք երեխային, եթե չեք ցանկանում, որ հետագայում երեխան ստի Ձեզ։

Օրենքների խախտում

Եթե Դուք երեխայի հետ փողոցը հատում եք հետիոտնի համար նախատեսված վայրերում, օգտվում եք գետնանցումից ու վերգետնյա անցումներից, մեքենայում կապում եք ամրագոտին, ապա երեխայի մոտ ամրագրվում է, որ պետք է պահպանել օրենքները։

 

Աղբյուրը՝ Vospitaj.com

Գովազդ