Ինչպե՞ս օգնել երեխային, որ չմեկուսանա մանկապարտեզում կամ դպրոցում և ձեռք բերի ընկերներ

Դաստիարակություն

Ծանոթ իրավիճակ է՝ երեխան մանկապարտեզից կամ դպրոցից վերադառնում է և գանգատվում, որ ընկերները չեն շփվում իր հետ, չեն խաղում կամ ծիծաղում են իր վրա։ Ի՞նչ մոտեցում պետք է ծնողը ցուցաբերի նմանատիպ իրավիճակներում. ներկայացնում է հոգեբան Ելենա Սարդարյանը։

Նախևառաջ պետք է ընդունել, որ ամեն բան կախված է գիտելիքով զինված ծնողից։  Ցանկացած տարիքում ծնողը երեխային պետք է տարբեր առաջադրանքներ տա և օգնի կատարել դրանք՝ գնահատելով ոչ թե կատարվածի արդյունքը, այլ ամբողջ ընթացքը։ Այստեղ կարևորը ոչ թե արդյունքն է, այլ կատարված առաջադրանքի ընթացքն ու երեխայի գործադրած ջանքերը: Հետևելով այս սկզբունքին՝ պետք է խրախուսել և քաջալերել երեխայի յուրաքանչյուր քայլը։

Հաջորդ կարևոր քայլը երեխայի հետ համագործակցությունն է։ Կան տարիքային փուլեր, երբ ծնողը, բացի երեխայի մեջ ինքնուրույնություն ձևավորելուց, պետք է նաև օգնի նրան անել որոշ քայլեր։ Համագործակցող ծնողը նա է, ով միշտ երեխայի հետ է, օգնում է նրան, բայց չի կատարում նրա փոխարեն։ Հիշե՛ք՝ երեխային կատարող, ենթակա անձ դարձնելու փոխարեն, hարկավոր է ժամանակ տալ՝ ինքնուրույն լինելու համար։

Հոգեբանության մեջ առանձնացվում է մարդու  համաձայնող և դյուրահավատ տեսակը։ Սա բնորոշ է այն երեխաներին, որոնք չեն ցանկանում կոնֆլիկտների մեջ մտնել, արագ համաձայնում են դիմացինի հետ, աշխատում են վարվել այնպես, որ որևէ մեկը չնեղանա, բավարարել այն ակնկալիքները, որ ունեն իրենցից։ Որքան այս բնորոշումները հատուկ են երեխային, այնքան անարդյունավետ են նրա շփումները շրջապատում: Եվ որպեսզի երեխան կարողանա նոր բան ստեղծել, նա պետք է փորձի դիմացինին հակառակվել։ Երեխային շրջապատին ինտեգրելու համար անհրաժեշտ է  սովորեցնել համագործակցել ուրիշների հետ և միևնույն ժամանակ խրախուսել, որպեսզի նա մշտապես չգնա ընդհանուր հոսքին համընթաց։

Որպեսզի երեխան լինի ինտեգրվող, նրան պետք է սովորեցնել ինքնուրույնություն։ Այն կարելի է սկսել տանը՝ խաղալիքներն ինքնուրույն հավաքելուց։ Երբեմն  ծնողները երեխային պիտակավորում են․ անընդհատ ասելով, որ նա  ամաչկոտ է և չի շփվում՝ ստիպում եք երեխային այդ պիտակը կրել ամեն տեղ։

Հաճախ ծնողներն ինքներն են երեխաներին ստիպում շփվել շրջապատի մյուս երեխաների հետ։ Տարբեր մեթոդների են դիմում, օրինակ՝ փոքրիկ թխվածքաբլիթներ են տալիս և հորդորում այն բաժանել  ընկերներին։ Այսինքն՝ երեխան ինչ-որ բան պետք է անի՝ նկատելի լինելու համար։ Սակայն սա միակողմանի մոտեցում է, պետք չէ երեխային ստիպել շփվել բոլորի հետ։

Պետք է երեխային սովորեցնել հաղթահարել դժվարությունները, այլ ոչ թե լինել հարմարվող։ Այսօր իր հետ չեն խաղում, բայց վաղը կխաղան։ Երեխան ավելի լավ գիտի՝ ինչ է իրեն հարկավոր։ Գուցե ինքը ցանկանում է շփվել մի հոգու հետ կամ լինել դիտողի դերում։

Պետք չէ երեխային նույնացնել իր վարքի հետ։ Եթե  նա որևէ բան լավ չի անում, փոխարենը ասելու՝ «դու վատն ես», պետք է ասել՝ «քո այդ արարքը ինձ դուր չի գալիս»։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ