Երեխան չի կատարում Ձեր առաջադրանքները․ «հնարքներ»՝ մասնագետների կողմից

Դաստիարակություն

Երեխայի հետ խոսելու մեր ոճը էական նշանակություն ունի. այն կարող է լավ կամ վատ ազդեցություն ունենալ երեխայի ընկալունակության վրա։ Երբեմն պատահում է, որ երեխան դառնում է չլսող․ մայրիկը հունից դուրս է գալիս, բայց երեխան այդպես էլ չի կատարում հանձնարարությունը։ Ամերիկյան «Երեխայի զարգացման ինստիտուտ» կազմակերպության մասնագետներն առանձնացրել են մի քանի «հնարք», որոնք կօգնեն Ձեզ այս հարցում։

  1. Բարձր ձայնը հազվադեպ գործի դրեք։ Երբ դասարանում աղմուկ է, ուսուցիչը սկսում է գոռալ, սաստել բոլորին, իսկ աշակերտները դրանից ավելի են ոգևորվում և  աղմկում։ Նույն իրավիճակն է տանը։ Երբ հեռուստացույց է միացված կամ աղմուկ է, մի' փորձեք բարձր ձայնով հանձնարարություններ տալ երեխային։ Պարզապես անջատեք հեռուստացույցը, աղմուկի մյուս աղբյուրը և ձայնի սովորական տոնով խոսեք։ Խոհանոցից բարձրաձայն մի՛ հրամայեք սենյակում գտնվող երեխային ինչ-որ բան անել։ Մի րոպեով թողեք գործը, մոտեցեք երեխային և ասեք այն, ինչ ուզում եք։ Երբ իսկապես շատ զայրացած կլինեք, կարող եք փոքր-ինչ բարձրացնել ձայնի տոնը, և երեխան կհասկանա, որ մայրիկն իսկապես զայրացած է։
  2. Երեխայի հետ տեսողական կապ հաստատեք։ Ծնկեք կամ նստեք, որպեսզի հավասարվեք երեխային և, նայելով նրա աչքերի մեջ, խոսեք։ Երեխան այդպես կհասկանա, որ մայրիկն իր հետ է խոսում և կլինի ավելի ուշադիր։ Բացի դա, խոսելիս նախադասությունը կազմեք՝ տալով երեխայի անունը։ Անվանական դիմելը ևս մի փորձ է՝ գրավելու նրա ուշադրությունը։
  3. Առաջադրանքները բաժանեք մի քանի մասի։ Երեխաները դժվարանում են միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք։ Փոխարենը ասելու՝ «Էլե՛ն, հավաքի՛ր խաղալիքներդ, բայց դրանից առաջ  կոշիկներդ մաքրիր ու  սեղանի վրայից ափսեն բեր», կարող եք առաջադրանքները բաժանել ու հերթականությամբ ասել, օրինակ՝ «կոշիկներդ մաքրիր», «սեղանի վրայից ափսեն բեր», «Խաղալիքներդ հավաքիր»։
  4. Եղեք հաստատակամ։ Եթե կայացրել եք Ձեր որոշումը, եղեք հաստատակամ։ Որոշում կայացնելուց առաջ, սակայն, խորհրդակցեք Ձեր կողակցի հետ, որպեսզի չստացվի, որ մայրիկն արգելում է, հայրիկը թույլ է տալիս։ Երեխան չպետք է մտածի, որ իրեն տրված առաջադրանքի շուրջ կարող է բանակցել ձեզ հետ։
  5. Համոզվեք, որ երեխան հասկացել է Ձեզ։ Եթե նկատել եք, որ երեխան չի կատարում Ձեր առաջադրանքը կամ խճճվել է, մի՛ զայրացեք, պարզապես ճշտեք՝ հասկացե՞լ է, արդյոք, նա Ձեզ։ Խնդրեք նրան կրկնել՝ ինչ պետք է անի։
  6. Բացատրեք՝ ինչ եք ուզում՝ օգտագործելով «ես» դերանունը։ Սա ավելի արդյունավետ է, քան հրամայական տոնով ասված առաջադրանքը։ Այսինքն՝ «գնա և հագիր կոշիկներդ» արտահայտության փոխարեն ասեք՝ «ես շատ կուզեի, որ գնայիր և հագնեիր կոշիկներդ»։ Օգտագործեք նաև հետևյալ  արտահայտությունը՝ «երբ դու այսպես ես անում, ես ինձ շատ լավ եմ զգում»։ Հնարավորություն տվեք երեխային՝ «կատարելու» մայրիկի ցանկությունները։ Դրանից նա հաստատ կոգևորվի։

 

Աղբյուրը՝ childdevelopmentinfo.com

 

 

 

Գովազդ