Ինչպե՞ս մեծացնել խելացի երեխայի - մաս 2

Դաստիարակություն

Ստեղծագործելու համար տարածք հատկացրեք

Ուզու՞մ եք երեխայի համար ստեղծել ամենալավ խաղասենյակը: Երեխայի բնածին ստեղծարարությունը զարգացնելու համար հատկացրեք այնպիսի միջավայր, որը կխթանի երևակայությունը: Խոսքը բոլորովին վերջին սերնդի մեծ խաղալիքների մասին չէ: Մասնագետներն ասում են, որ դատարկ տուփն ու մի քանի ֆլոմաստերները, հնարավոր է, աշխարհի «ամենախելացի» խաղալիքները լինեն: Տվեք ձեր երեխային տարածություն ու ժամանակ, որպեսզի նոր բաներ փորձարկի:

Կարող եք նաև տարանջատել ստեղծագործելու թեմատիկ անկյունները, օրինակ՝ մեկը կարող է լինել երաժշտության համար, մյուսը՝ նկարելու,  երրորդը`կառուցելու...Այսպես դուք կխթանեք երեխայի ստեղծագործականությունը:

Գովեք  ջանքերը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաներն ավելի ջանասիրաբար են աշխատում և ավելի լավ արդյունքների են հասնում դպրոցում, երբ ծնողներն ավելի շատ գովում են ջանքերը և ոչ՝ խելքը:

Այսպիսով, ոչ թե ասեք`«դու շատ խելացի ես», այլ «դու իսկապես ջանացել ես»: Այդպիսով, երեխան հաջողությունը կասոցացնի ջանքերի հետ: Մասնագետներն ասում են, որ երեխան, այդպիսով, ավելի մեծ տարիքում կգիտակցի, որ ինքը կարող է ավելիին հասնել, եթե ավելի ջանա և ոչ թե կապավինի կարծրատիպին, որ այն ամենը, ինչին մենք հասնում ենք, պայմանավորված է միմիայն մեր բնատուր կարողություններով: Ավելի քան 30 տարվա հետազոտությունները վկայում են, որ առաջին տիպի ընտանիքներում մեծացած երեխաները, որպես կանոն, ակադեմիական հաջողությունների առումով գերազանցում են իրենց հասակակիցներին:  Այդ երեխաները ձախողումներին այլ կերպ են մոտենում: Նրանք չեն մտատանջվում իրենց սխալների համար: Պարզապես դրանք համարում են լուծելի խնդիրներ ու գնում են լուծմանն ընդառաջ:

Մատնացույց արա

Դոցենտ Ռոսս Ֆլոմն ասում է, որ մոտավորապես 9 ամսականում երեխաները մատիկով ցույց են տալիս առարկաներն ու մարդկանց: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաներն ավելի հեշտ են յուրացնում լեզուն, երբ առարկան մատնացույց է արվում և ոչ թե պարզապես արտաբերվում բառը: Այս շփումը կոչվում է «համատեղ ուշադրություն»:

Կարող եք երեխայի հետ գնալ, օրինակ, կենդանաբանական այգի, որտեղ մատնացույց կանեք կենդանիներին ու կպատմեք դրանց մասին: Այդպիսով, ըստ մասնագետի, կզարգացնեք երեխայի սոցիալական, ճանաչողական ու լեզվական հմտությունները:

 

Աղբյուրը`babycenter.com

 

Գովազդ