Ինչպե՞ս երեխային ասել «ոչ»

Դաստիարակություն

Շատ դժվար է երեխային մերժել։ Շատ հաճախ ծնողները, տեսնելով երեխայի դեմքի աղերսող արտահայտությունը, ամեն ինչ մի կողմ են թողնում և թույլ տալիս երեխային անել մի բան, ինչն իրականում ցանկանում են արգելել։ Մենք պատրաստել ենք խորհուրդներ, որոնք կօգնեն երեխային ասել «ոչ»։

1 անգամը բավական է։ Ոչ ասելիս Դուք պետք է ունենաք դեմքի լուրջ արտահայտություն և այդ «ոչ»-ն ասեք մեկ անգամ։

Բացատրեք «ոչ»-ի պատճառը։ Երբեմն երեխաները չեն հասկանում, թե ինչու չի կարելի է ինչ-որ բան անել։ Այդ պարագայում մինչև երեխային մերժելը բացատրեք նրան մերժելու պատճառը։ Ընդ որում՝ այն պետք է լինի ծանրակշիռ։

«Այո»-ն նշանակում է «ոչ»։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց «այո»-ն կարելի է օգտագործել «ոչ» իմաստով։ Օրինակ՝ երեխան ինչ-որ խաղալիք է ուզում, նրան ասեք՝ «Այո, եթե դա ուզում ես որպես ծննդյան նվեր»։

«Ոչ»-ից հետո առաջարկեք այլընտրանք։ Օրինակ՝ երեխան քաղցրավենիք է ուզում, կարող եք ասել՝ «Ոչ, սիրելիս, բայց եթե ցանկանում ես, կարող ես միրգ ուտել»։ Դրանից հետո բացատրեք՝ ինչու չի կարելի շատ քաղցրավենիք ուտել և ինչու եք առաջարկում միրգ։

Երեխային զուր հույսեր մի տվեք։ Եթե երեխան ինչ-որ բան է ուզում, ու Դուք գիտեք, որ դա թույլ չեք տալու կամ հնարավորություն չունեք անել դա երեխայի համար, զուր հույսեր մի տվեք՝ ասելով՝ ոչ հիմա։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։ Երեխան անընդհատ սպասելու է, հարցնելու է։ Այս իրավիճակում թե՛ Դուք եք զայրանալու, նեղվելու, թե՛ երեխան է, ի վերջո, հիասթափվելու։

«Ոչ» պետք է ասեն թե՛ հայրիկը, թե՛ մայրիկը։ Երբ մայրիկը երեխային ոչ է ասում, փոքրիկը վազում է հայրիկի մոտ և հակառակը։ Այս պարագայում ծնողները պետք է լինեն միակարծիք՝ կամ թույլ տան երեխային անել ինչ-որ բան, կամ մերժեն։ Այնպես որ, նախապես պայմանավորվեք Ձեր կողակցի հետ։

 

Աղբյուրը՝ childdevelopmentinfo.com

Գովազդ