Սովորեցրեք երեխային շնորհակալ լինել նվերի համար

Դաստիարակություն

Ձեր երեխան բացում է իր ծննդյան նվերն ու փնթփնթալով բացականչում՝ «Ես սրանից ունեի, ինձ սա դուր չի գալիս»։

Ինչպիսի անհարմար իրավիճակ։ Որպեսզի խուսափեք նմանատիպ տեսարաններից, երեխայի հետ «աշխատանքները» սկսեք դեռ վաղ մանկական տարիքից։ Նստեք երեխայի կողքին և բացատրեք, որ իր ծննդյան օրը կամ որևէ այլ տոնին նա ստանալու է նվերներ, բոլորը ցանկանալու են, որ ինքը բացի դրանք և ասի՝ շնորհակալություն։ Ասեք, որ պետք է ասի շնորհակալություն նույնիսկ այն դեպքում, երբ նվերը նրան դուր չի եկել։

Իհարկե, պետք չէ սպասել, որ երեխան միանգամից կհասկանա և կընդունի Ձեր ասածը։ Եթե ունեք մտավախություն, որ երեխան «անկեղծ» կարձագանքի նվերին, ապա այն բացեք հյուրերի գնալուց հետո։

Երեխային սովորեցրեք ասել շնորհակալություն Ձեր իսկ պահվածքով։ Երախտապարտ եղեք, երբ երեխան հավաքում է իր խաղալիքները, երբ Ձեզ է փոխանցում որևէ իր և այլն։

Երեխային բացատրեք, որ նվերների վերաբերյալ կոպիտ արձագանքը վիրավորում է դիմացինին, քանի որ այդ մարդը երկար փնտրել է, թե ինչ նվիրի, որ ուրախացնի իրեն․ «Շնորհակալությունը միակ բանն է, որ կարող ես ասել նվերի մասին, որը քեզ այդքան էլ դուր չի գալիս»։

Եթե Ձեր երեխան նվեր է ստացել որևէ հեռավոր վայրից, օրինակ՝ փոստի միջոցով, ապա միայն շնորհակալություն ասելը բավարար չէ․ ասում է էթիկետի մասնագետ Շարոն Պասկոֆը։ Նրա խոսքով՝ ծնողները կարող են խնդրել երեխային նկարել որևէ բան, որը կարելի է ուղարկել տվյալ մարդուն՝ շնորհակալության փոխարեն։ Իսկ ահա ծնողներն էլ կարող են մի քանի տողով գրել, թե որքան է երեխան ուրախացել իրենց նվերից։

«Եթե երեխան կարողանում է գրել,-ասում է Պասկոֆը, ապա կարող է իր ձեռքով սարքել ու զարդարել շնորհակալական բացիկ, որտեղ էլ կգրի շնորհակալական մի քանի խոսք»։

Ծնողները պետք է շնորհակալ լինելու սովորությունը երեխայի մոտ արմատավորեն դեռ փոքրուց, այլապես հետո շատ դժվար կլինի։

 

Աղբյուրը՝ babycenter.com

 

 

 

 

 

Գովազդ