Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային․ խորհուրդներ հոգեբանից

Դաստիարակություն

Որոշ մայրիկների կարծիքով՝ 21-րդ դարում երեխաները առավել դժվարությամբ են ենթարկվում ծնողներին, և երեխայի դաստիարակությունը մեր օրերում չափազանց դժվար է:

Սակայն այս պնդումը երբեմն կամ ավելի հաճախ արդարացում է․ ծնողները ծուլանում են, իսկ մեղավորը դարաշրջանն է:


Ըստ պոետ Անդրեյ Մակարևիչի՝ ծնողների աշխարհայացքը շատ լուրջ ազդեցություն է ունենում երեխայի վրա։ Գեղեցիկի մասին առաջին պատկերացումը երեխային տալիս է մայրը, երբ, օրինակ, երեխային պատկերասրահում ցույց է տալիս նկար և ասում՝ նայի՛ր այդ գեղեցիկ պատկերին:

 

Ի՞նչ դաստիարակություն տալ երեխային, ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել


Որոշ հոգեբաններ կարծում են, որ երեխայի հետ պետք է խոսել իր լեզվով, բայց քիչ-քիչ տանելով այն «տրամաբանական մանիպուլացմանը», երբ երեխան ինքը կենթարկվի ծնողին: Դաստիարակության հարցում ծնողները հանդիպում են դժվարությունների հատկապես այն դեպքում, երբ չեն ընդունում, որ երեխան անհատ է և կարող է ունենալ իր կարծիքն ու մոտեցումները։ Ծնողները կարծում են, որ ունեն հրամաններ արձակելու անսահմանափակ հնարավորություններ, մինչդեռ երեխային պետք է դիտարկել որպես անհատ և հասկանալ, թե ինչ է ուզում նա, ինչու և ինչպես: Ի դեպ, երեխաները շատ լավ կարող են պատմել, թե ինչ են ուզում, բավական է միայն լսել նրանց։

«Երեխայի դաստիարակությունը ծնողների ամենամեծ և կարևոր քայլն է. չէ՞ որ նրանք ստեղծում են մարդու, որի համար կրելու են պատասխանատվություն, ուստի այս գործին պետք է մոտենալ մեծագույն լրջությամբ»,-կարծում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը: Հոգեբանի հետ խոսել ենք երեխայի դաստիարակության, դրա շուրջ եղած ծնողների տարակարծությունների և մի շարք այլ հարցերի մասին։


-Ինչպե՞ս երեխային սովորեցնել սիրել:


-Սիրել սովորեցնում ենք սիրելով։ Ծնողները փորձում են խնդիրը փնտրել սիրո չափաբաժնի մեջ։ Ես կարծում եմ` սերը շփում է, խաղ, փոխօգնություն, հոգատարություն միմյանց հանդեպ, անձնային տարածքի պահպանում, համագործակցում, դիմացինին լսելու կարողություն, դիմացինի հանդեպ արդար վերաբերմունք՝ նրան զարգացման հնարավորություն տալով։ Սա վերաբերում է նաև ծնող-երեխա սիրուն։ Սեր չի նշանակում զոհաբերություն, բոլոր ցանկությունների կատարում։


-Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ է ուզում բալիկը:


-Մինչև 3 տարեկան երեխաներին առավել հեշտ է հասկանալ, քանի որ նրանց ցանկությունները ուղղված են հիմնական պահանջմունքերի բավարարմանը՝ սնունդ, ջուր, մարմնի ջերմության ապահովում, անվտանգության ապահովում, մոր կամ այլ խնամողի ներկայություն, ցավի զգացողության վերացում, շփում: Մայրիկները երեխայի լացի տոնայնությունից, դեմքի արտահայտությունից կարողանում են հասկանալ երեխայի խնդիրը, իհարկե, դա ունի անգիտակցական հիմք (հուզական ընկալում, ապրումակցում), ինչպես նաև երեխային խնամելուց զարգանում է այդ ընկալումը: Հաճախ նորաթուխ ծնողները փորձում են հասկանալ երեխային բացառման օրենքով, այսինքն՝ կաթ կերել է, կեղտոտել է, չի մրսում... այսպես՝ մինչև գտնում են պատճառը:


-Երբեմն հայրիկները և մայրիկներն ունենում են տարբեր պատկերացումներ կյանքի և դաստիարակության վերաբերյալ: Ինչպե՞ս գալ ընդհանուր հայտարարի։


-Սա հիմնական խնդիրներից մեկն է։ Ծնողներից բացի, այս խնդիրն ունեն նաև տան մյուս անդամները: Առաջին հերթին ծնողները պետք է գիտակցեն, որ իրենք կրում են երեխային դաստիարակելու, խնամելու գործառույթն ու պատասխանատվությունը: Ծնողների հետ աշխատելիս մենք մշտապես գալիս ենք այն որոշմանը, որ չպետք է երեխայի ներկայությամբ քննարկել վիճելի հարցեր երեխայի դաստիարակության վերաբերյալ, կամ չի կարելի երեխայի ներկայությամբ ասել՝ դու արա այնպես, ինչպես ես եմ ասում․․․։ Եթե ծնողը կայացրել է որոշում, ապա մյուս ծնողը պետք է գոնե առերևույթ համաձայնի նրա հետ երեխայի ներկայությամբ։ Հետո, իհարկե, ծնողները կարող են իրենց տարաձայնությունները քննարկել առանձին։ Ծնողների համար կարևոր պետք է լինի ոչ թե որևէ մեկի հաղթանակը, այլ որոշումների նպատակն ու արդյունավետությունը։ Այն պետք է միտված լինի երեխայի զարգացմանը՝ ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական, ճանաչողական։


-Ինչպե՞ս ծնողները դաստիարակեն իրենք իրենց, որպեսզի լինեն լավագույն օրինակը երեխաների համար:


-Որպես այդպիսին, լավագույն ասել չենք կարող։ Երեխայի աշխարհընկալման վրա, իհարկե, ազդում են նաև սոց. միջավայրում ընդունված կանոններն ու սովորույթները, մտածելակերպը: Այս տեսանկյունից եթե դիտարկենք, ապա ինչպես ծնողն ուզում է դաստիարակել իր երեխային, այդպես էլ պետք է իրեն դրսևորի: Հաճախ ենք մենք երկարաշունչ քարոզ ենք կարդում մեր երեխաների գլխին, սակայն հենց նույն օրը կարող ենք անել մեր ասածի ճիշտ հակառակը: Սա երեխայի մոտ հակասություն է առաջացնում, ինչի հետևանքով երեխայի աչքում ընկնում են ծնողի հեղինակությունն ու նրա հանդեպ վստահությունը: Այսինքն՝ դաստիարակության մեջ առավել կարևոր են գործողությունները, քան խոսքերը:


-Ինչպե՞ս լինել հեղինակություն երեխային համար:


Նախորդ հարցից արդեն բխում է այս հարցի պատասխանը: Սակայն ավելացնեմ՝  նաև երեխայի հետաքրքրություներն ու զգացմունքերը ճանաչելն ու հաշվի առնելը: Միշտ պետք է հիշենք՝ մեր հեղինակությունը պարբերաբար կարող է խարխլվել մեր սխալ մոտեցման և երեխայի տարիքային ճգնաժամերի պատճառով: Սա բնականոն ընթացք է, որին ծնողները մեծ ցավով են մոտենում: Հարկավոր է սիրով փորձել վերականգնել հեղինակությունը երեխայի աչքում։


-
Ինչպե՞ս երեխային և՛ հսկել, և՛ սխալներ թույլ տալու հնարավորություն տալ:


Եթե արդեն ունենք երեխայի հետ համագործակցելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, աշխարհին չենք նայում չար աչքերով (որ միայն վտանգերով է լցված), մենք ինքներս կարողանում ենք գտնել և ընդունել մեր սխալները, գիտենք գիտելիք ձեռք բերելու ուղին (փորձի, սխալի մեթոդ), ապա սա խնդիր չի դառնում մեզ համար: Այս դեպքում մենք ինքներս ենք խրախուսում երեխաներին թխել թխվածք և, ինչու ոչ, ուտել վառված թխվածքը կամ թափել, այսինքն՝ մենք մասնակցում ենք գործընթացին՝ ցույց տալով՝ ինչպես կարելի է անել այն, ապա հետևում ենք այս ամենին կողքից՝ ժպիտով հիշելով մեր մանկական փորձերը: Սա է աշխարհընկալման և զարգացման ուղին:


-Ինչպե՞ս պատժել չարաճճի երեխային:


-Չարաճճի երեխաներն ունեն ուշադրություն գրավելու, սիրո կարիք: Այն սիրո, որը նկարագրվեց վերևում: Չքննադատել նրան, մականուններով չդիմել (չար ես, հիմար ես, շատ վատն ես), քանի որ նա այդ դերը վերցնում է և սկսում խաղալ այն: Կարգ ու կանոնի հանդեպ խստություն պետք է պահպանել փոքր տարիքից, այլապես մենք անում ենք ամեն ինչ երեխայի փոխարեն, պատասխանատու ենք լինում իր փոխարեն, ամաչում ենք իր փոխարեն ու զարմանում, թե ինչու երեխան այդ ամենը զգալու կարողություն չունի և չի զգում։

 

Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան





 

Գովազդ