Ինչպե՞ս երեխային պատմել ծնողի մահվան մասին

Դաստիարակություն

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը։

Ծնունդ-մահ շրջափուլը մեր կյանքի օրինաչափությունն է։ Անհրաժեշտ է դեռ փոքրուց երեխաներին հնարավորինս ներկայացնել կյանքի այս շրջափուլն ու նրա մոտ  ձևավորել դրա վերաբերյալ նորմալ պատկերացում, այսինքն՝ բացատրել, որ մահը նորմալ է, և այն կյանքի օրինաչափություններից է։ Իհարկե, մահը բոլորն ընկալում են որպես վատ դեպք, որը վիշտ է պատճառում, բայց եթե երեխաների մոտ դեռ փոքրուց մահվան մասին ճիշտ պատկերացում ձևավորենք,  հետագայում ավելի հեշտ կլինի նմանատիպ իրադարձությունները ներկայացնել։ Երեխաների հետ աշխատելիս ես կիրառում եմ այս մեթոդը․ գծում եմ որևէ շրջան, որը բաժանում եմ 4 մասի։ Երեխայի հետ պատկերում ենք գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նկարում ենք ծառ ու ծաղիկ։ Դրանք խորհրդանշում են մարդուն։ Գարնանը ծաղիկը սկսում է ծլել. դա երեխան է, ամռանը նա հասունանում է, երիտասարդ է դառնում, աշնանը սկսում է ավելի մեծանալ, իսկ ձմռանը մահանում է։ Գարնանն արդեն նրա սերմերից դուրս են գալիս նոր ծաղիկներ։ Այսպես ենք պատկերում, որպեսզի երեխան կարողանա ծննդյան ու մահվան շրջափուլը ճիշտ հասկանալ։

 

Երեխաները հաճախ հարցնում են՝ իսկ ինչու են մարդիկ փոքր կամ երիտասարդ տարիքում մահանում։ Ես ասում եմ, որ կյանքում բաներ կան, որ անբացատրելի են։ Լինում են հիվանդություններ, դժբախտ պատահարներ, մենք ուղղակի պետք է կարողանանք հաղթահարել հիվանդությունները և դրանում մեզ կօգնի ուրախ, զվարթ ապրելը։ Ասում եմ՝ երբ մենք ապրում ենք ուրախ, բարի գործեր ենք անում, օգնում ենք բոլորին, մեզ հետ լավ բաներ են պատահում։



Ինչպե՞ս խոսել մահվան մասին

Մինչև 3 տարեկան երեխային շատ դժվար է պատկերացնել, որ գոյություն ունի վերջ։ Դրա համար նրան դժվար է համակերպվել ու հասկանալ, որ վերջացել է ծնողի կամ որևէ հարազատի կյանքը, և նա այլևս չի լինելու։ Նույն կերպ երեխաներն արձագանքում են մնացած ամեն ինչին. օրինակ՝ երբ վերջանում են կոնֆետները, նրանք բղավում են, լաց են լինում ու շարունակում են ուզել։ Այստեղ ընկալման հարց կա։

 

Իհարկե, շատ դժվար կլինի, բայց երեխային անպայման պետք է ասել, որ ծնողը մահացել է, որ այլևս չի գալու, բայց նա ապրում է իր մեջ, քանի նա հիշում է նրան։ Իր մեջ ապրելը կարելի է բացատրել հետևյալ կերպ․ մինչև 10 տարեկան երեխաների հետ կարելի է պատրաստել խմոր։ Ալյուրը և ջուրը իրար խառնելիս պետք է ասել, որ ջուրը մայրն է, ալյուրը՝ հայրը, այսինքն՝ պապան ու մաման ստեղծում են իրենց բալիկին։ Ստացված խմորից պատրաստեք մարդակերպ որևէ թխվածք ու ասեք, որ դա նրանց ստեղծած երեխան է, այսինքն՝ հայրիկն ու մայրիկը կան երեխայի մեջ, իրենք են ստեղծել այդ մարմինը։ Այսպիսով՝ երեխան ավելի պատկերավոր կհասկանա ու կիմանա, որ իր մեջ ապրում են հայրիկն ու մայրիկը։



Ասե՞լ ճշմարտությունը, թե՞ այլ բան հորինել

Չափազանց կարևոր է, որ երեխան իմանա ճշմարտությունը։ Չի կարելի խաբել նրան։ Երբ երեխային չեն ասում հարազատի մահվան մասին, երեխայի մոտ ավելի են խորանում տագնապներն ու վախերը, քանի որ նրա համար անորոշ է՝ ինչու այդ մարդը չկա: սկսում է այդ տագնապները տարածել հարազատների ու իր վրա, մտածում է՝ շրջապատող մարդիկ կարող են դուրս գալ տանից ու այլևս չվերադառնալ։ Դրա համար շատ կարևոր է, որ երեխան իմանա ճշմարտությունը՝ մարդը մահացել է։ Այս պարագայում չպետք է երեխային ներկայացնել տարբեր հորինված պատճառներ։



Ինչպե՞ս խոսել պատճառների մասին

Պատճառների մասին շատ մանրամասնորեն չպետք է խոսել երեխայի հետ, բայց պետք է անպայման ասել՝ ինչից է մահացել ծնողը, հարազատը, քանի որ եթե երեխան չգիտի պատճառը, կարող է ընդհանրացնել մահը ու զգալ մյուսներին էլ կորցնելու վտանգը, վախը։ Եթե ծնողը մահացել է հիվանդության պատճառով, այդ դեպքում երեխան գիտի, տեսել է, որ մահացածը հիվանդ էր։ Պետք է  երեխային բացատրել, որ կան որոշ հիվանդություններ, որոնց պատճառով հնարավոր է մարդիկ մահանան, սակայն բոլոր հիվանդությունների հետևանքը մահը չէ։ Շատ հիվանդություններ կարելի է հաղթահարել ու ապաքինվել։

 

Հաճախ երեխաներին ասում են, որ մահացած մարդն ապրում է երկնքում: Այս դեպքում երեխաների մոտ միտք է առաջանում գնալ երկինք, մտածում է՝ «ինչպե՞ս են գնում երկինք»։ Երբեմն նրանք մտածում են ինքնասպանության մասին, որ հայտնվեն երկնքում։ Դրա համար նրա հետ խոսելիս պետք է զգույշ լինել ու պատմություններ չհորինել, վայր չասել, թե որտեղ է գտնվում մահացած մարդը։ Շատ կարևոր է, որ երեխան իմանա, որ մարդու մարմինն ունի հանգրվան։ Դա գերեզմանն է, որտեղ կարելի է գնալ, դնել ծաղիկներ, խնկարկել, աղոթել նրա համար ու վերադառնալ տուն։ Շատ հաճախ երեխաներին խաբում են՝ ասելով, որ այդ մարդն ապրում է արտասահմանում, ասում են, որ նա մի օր կգա, և երեխան տարիներ շարունակ ապրում է տագնապային սպասումով, ունենում է հուսահատության զգացում, դեպրեսիվ վիճակ է սկսվում նրա մոտ, կարոտում է, մտածում է՝ իրեն մոռացել են, չեն սիրում։ Այսինքն՝ սուտ ասելը խնդիրը միայն բարդացնում է։




Ո՞վ պետք է խոսի երեխայի հետ մահվան մասին և ի՞նչ մթնոլորտում

Եթե մեծերը գտնվում են հուզականորեն լարված, գրգռված վիճակում, պետք է երեխայի հետ խոսի մասնագետը, հոգեբանը, որը կկարողանա ավելի ճիշտ ներկայացնել իրադրությունը, կօգնի երեխային, որ արտահայտի իր հույզերն ու մտքերը, կկարողանա երեխային աջակցել, լինել կողքին։ Սիրելիի, հարազատի մահվան դեպքում հաճախ մեծերն են գտնվում շատ վատ վիճակում, դրանից ավելի է բարդանում  երեխայի հոգեհուզական վիճակը, ուստի շատ կարևոր է, որ տրվի ճիշտ մոտեցում։

 

Երեխան անպայման հարցնելու է`մի՞թե բոլորը մահանում են։ Պետք է պատասխանել՝ «այո՛, բոլորս մահանալու ենք, բայց մենք հիմա ապրում ենք, ու պետք է լինենք երջանիկ, շարունակենք ապրել»: Պետք է ասել, որ ապրելով՝ մենք կատարում ենք մահացածի ցանկությունը, իսկ նա ցանկանում էր, որ մենք երջանիկ լինենք։

Երեխաների հետ մահվան մասին խոսել պետք է խաղաղ, հանդարտ մթնոլորտում։ Չպետք է զսպել երեխայի հույզերը, այսինքն՝ չասել՝ մի՛ լացիր, դու ուժեղ ես։ Պետք է ասել հակառակը՝ եթե ուզում ես, լացի՛ր, պատմի՛ր ինչ ուզում ես։ Անհրաժեշտ է երեխայի մոտ արթնացնել լավ հիշողություններ մահացողի մասին, որպեսզի նրա մոտ ամրագրվի նրա դրական, ուրախ կերպարը։ Իհարկե, սրանով երեխայի վիշտը չի թեթևանալու, սակայն այսպես ավելի հեշտ կլինի ճնշված հոգեվիճակից դուրս բերել նրան։

Ի դեպ, հոր կամ մոր մահվան մասին պատմելու ձևի տարբերություն չկա, պարզապես կարևոր է հաշվի առնել, թե որքան սերտ է եղել նրանց հոգեկան, հուզական կապը։

 

Հաճախ մեծահասակները խուսափում են երեխայի մոտ լինել ուրախ, զվարթ, առօրյա գործերով զբաղված։ Սակայն այսպես ճիշտ չէ։ Հակառակը՝ մեծահասակները պետք է այնպես անեն, որ իրենց օրինակով օգնեն երեխային շարունակել ապրել առօրյա կյանքով։ Երեխան պետք է հասկանա, որ այո՛, դեպքը պատահել է, և այն ցավալի է բոլորի համար, բայց կյանքը շարունակվում է, և պետք է առաջ գնալ, ապրել։

 

Հարցազրույցը` Քրիստինա Բոյաջյանի






Գովազդ