Ինչպե՞ս oգնել երեխային հարմարվել դպրոցին. հոգեբանի խորհուրդները

Դաստիարակություն

Ներկայացնում է հոգեբան, փորձագետ Ելենա Սարդարյանը։

 

Երեխայի դեմ պայքարում շահող կողմեր չկան.  երկու կողմն էլ պարտված է։

 

Ամենակարևոր անձնային որակը, որը կարող է զարգանալ վաղ դպրոցական հասակում, աշխատասիրությունն է, իսկ հակառակը՝ թերարժեքության զգացումն ու թերզարգացած աշխատանքային հմտությունները:

Երեխայի առաջին ամենալուրջ փորձություններից մեկը մուտքն է դպրոց․ սա կանխորոշված է յուրաքանչյուր երեխայի համար, իսկ ուսուցման առաջին տարին ամենադժվարն է: Երբ երեխան առաջին անգամ հաճախում է դպրոց, փոխվում են նրա ընկերական շրջապատը, վերաբերմունքը մարդկանց հանդեպ, փոխվում է նրա համար սովորական դարձած կյանքի ձևը: Անհոգ խաղերին փոխարինելու են գալիս մի շարք նոր պարտականություններ, որոնք սկզբում երեխային թվում են մի նոր խաղ: Սակայն շրջապատի պահանջկոտ վերաբերմունքը՝ նոր խաղի օրենքների ճշգրիտ պահպանման վերաբերյալ, փոխում է երեխայի վերաբերմունքը` ուրախությունը վերածելով դժկամության:

Առաջին խնդիրը, ինչին բախվում է ծնողը, ամենօրյա պայքարն է քնի ռեժիմի ճիշտ կազմակերպման, առավոտյան արթնանալու, դասերը պատրաստելու, հանձնարարությունները կատարելու վերաբերյալ, այլ կերպ ասած՝ երեխային նոր պարտականությունների կատարման սովորեցնելը: Մենք այնքան ենք տարվել երեխաներին գիտելիք փոխանցելով, որ մոռանում ենք մի պարզ ճշմարտություն, որ երեխային սովորեցնել չի նշանակում նրան երջանկացնել:

Դպրոցին հարմարվելը հիմնական խնդիրն է, որին երեխան բախվում է, և յուրաքանչյուր մեծահասակ, որը ստանձնել է երեխայի դաստիարակության պատասխանատվությունը, պետք է հիշի, որ սա աշխատանք է երկուսի համար` մեծահասակի և երեխայի։ Նա միշտ պետք է կրկնի՝ «Ավելի կամաց, ավելի հանգիստ, ավելի հետաքրքիր»:

Իսկ ուսման հանդեպ հետաքրքրության ձևավորումը սկսվում է դպրոցին հարմարվելուց հետո: Դպրոցին հարմարվելը ներառում է հարմարման հետևյալ տեսակները` հոգեբանական, ֆիզիոլոգիական, հասարակական: Սրանք փոխկապակցված են և խթանում են երեխայի ստեղծագործ ակտվիությունը: Հակառակ դեպքում մենք գործ ունենք երեխայի վատ ինքնազգացողության, ցածր առաջադիմության, մանկավարժի և համադասարանցիների հետ անարդյունավետ համագործակցության, ինչպես նաև դպրոցական կանոններին չենթարկվելու հետ:  Հարկավոր է հիշել, որ երեխաները հարմարվում են դպրոցին տարբեր ձևերով, և այս պարագայում պահանջվող ժամանակը տարբեր է: Այդուհանդերձ, հեշտ հարմարվող երեխաներին հարկավոր է 4-6 շաբաթ, միջին արագությամբ հարմարվող երեխաներին՝ մեկ կիսամյակ, մյուսներին՝ մինչև մեկ ուսումնական տարի:

Հարկավոր է լինել շատ ուշադիր, և երբ երկար ժամանակ նկատվում են վերոնշյալ խնդիրները, պետք է դիմել մասնագիտական օգնության, որը կարող է պահանջել մի քանի հանդիպում երեխայի, ծնողի և մանկավարժի հետ։

Հարկ է նշել, որ երեխայի հեշտ ու լավ հարմարվելը պայմանավորված է ճիշտ ինքնագնահատկանով, մինչդեռ բարձր կամ ցածր ինքնագնահատականը դժվարացնում է այդ գործընթացը: Որպեսզի օգնենք երեխային՝ հաղթահարելու 6-7 տարեկանի ճգնաժամը, հարկավոր է ուսուցչի ուշադիր և հոգատար վերաբերմունք երեխայի ներքին աշխարհի` զգացմունքների նկատմամբ, ծնողների մեծ և համբերատար սերը, իսկ հարկ եղած դեպքում՝ մասնագետ-հոգեբանի խորհրդատվությունը:

Որպեսզի երեխայի համար հեշտացնենք դեպի հասունություն այս դժվար հաղթահարվող ճանապարհը, եկեք վերհիշենք, թե ինչ է հարկավոր.  

  • Միշտ խրախուսեք երեխայի ֆիզիկական ակտիվությունը, քանի որ առանց դրա երեխայի նյարդային համակարգը չի կարող հասնել լիարժեք հանգստի:
  • Եթե երեխան ունի այն տարածքը, որը բացառապես իրենն է, որտեղ նա կարող է պահել իր իրերը, ավարտել կիսատ թողած աշխատանքը, նրա աշխատասիրությունը միայն կշահի դրանից:
  • Երեխայի մոտ կոկիկություն ձևավորելու համար անհրաժեշտ է երեխային տրամադրել ինքնուրույնություն: Մի՛ խնայեք ժամանակ՝ սովորեցնելու երեխային, թե ինչպես պետք է դասավորել գրքերը, հավաքել անկողինը, դասավորել սեփական հագուստը և ինչպես պահպանել մաքրություն սենյակում: Բայց միևնույն ժամանակ պետք է զսպել երեխայի սենյակում նախընտրած մաքրությունը պահպանելու սեփական մղումները: Հակառակ դեպքում մաքրության պատասխանատվությունը երեխան չի ստանձնի:
  • Ընկերները մեծ կարևորություն ունեն երեխաների կյանքում: Եվ երեխայի հանդեպ Ձեր ունեցած սիրո ցուցադրումը պետք է արտահայտվի ժամանակ առ ժամանակ նրա ընկերներին Ձեր տուն հրավիրելով և ուշադրություն ցուցաբերելով: Երբ հասակակիցները տեսնում են ծնողի հարգանքը երեխայի նկատմամբ, մեծահասակի վարքը նրանց համար դառնում է օրինակելի:
  • Երեխայի հետ հարկավոր է սահմանել օրվա ռեժիմը, որին նախևառաջ մեծահասակը պետք է մոտենա շատ պատասխանատվությամբ, որպեսզի իր վարքով ցույց տա իր հարգանքը երեխայի խոսքի և նախապատվության նկատմամբ: Այդ ճանապարհով մենք սովորեցնում ենք երեխային լինել ճշտապահ և պատասխանատու իր ընտրության հադեպ:
  • Հարկավոր է մեծ զգուշությամբ մոտենալ երեխայի սեփական իրերին, նույնիսկ այն մանրուքներին, որոնք, ըստ մեզ, միայն աղբի մի մասն են կազմում: Մեծահասակի հարգանքը երեխայի սեփականության հանդեպ բարձրացնում է նրա կարևորությունը և սեփական անձի հանդեպ գնահատականը:

 

Չփորձելով տպավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր դժվար իրավիճակի հաղթահարման համար կան պատրաստի «դեղամիջոցների»՝ նշեմ, որ յուրաքանչյուր երեխա անհատական է, ենթական չէ մյուս երեխաների հետ համեմատության, և յուրաքանչյուր իրավիճակում մեծահասակն  է այն կողմնացույցը, որը հուշում է երեխային ճիշտ ելքի ճանապարհը:

        

Գովազդ