Ինչպե՞ս երեխային ներկայացնել համաճարակը, մահվան դեպքերն ու ինքնամեկուսացման պարտադրանքը, որպեսզի նրա մոտ տագնապ չձևավորվի

Դաստիարակություն

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է Սլավմեդ ԲԿ-ի հոգեբան Աննա Բադալյանի (Նեոնատալ բժշկության ասոցիացիա)։

- Ինչպե՞ս պետք է երեխաներին ներկայացնել կորոնավիրուսի համավարակը։ 

- Արտակարգ իրավիճակներում հոգեբանական աշխատանքը բավականին բարդ է։ Այստեղ պետք է հաշվի առնել անհատի հետ կապված բարդությունները, դժվարությունները, հոգեկան վիճակը։ Երեխաների հետ աշխատանքը կրկնակի բարդ է։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, հուզական ֆոնը, ընկալումները, ունակությունները, պատկերացումները։ Դրանք շատ կարևոր գործոններ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել փաստը երեխային ներկայացնելիս։ Երեխան պետք է գիտակցի խնդիրը, բայց դրա հետ մեկտեղ ունենա պատկերացումներ՝ ինչպես պետք է հաղթահարել խնդիրը։ Այդ խնդիրը պետք է ներկայացնի ծնողը կամ ինչ-որ մեկը, ով նրա համար էտալոնային կամ ռեֆերենտային կերպար է։ Երեխայի հետ տիրող իրավիճակի մասին պետք է խոսել ոչ մեծերի լեզվով,`տարիքին հատուկ առանձնահատկությունները հաշվի առնելով։ Դրա հետ մեկտեղ երեխային պետք է ասվի, որ այս ամենը նրան պատմում են, որովհետև նա ուժեղ է և պարզապես զգուշացում են, որ իմանա՝ ինչ է հարկավոր անել նման իրավիճակներում։ 

 

-Ինչպե՞ս բացատրել, թե ինչու են բոլորը դիմակներով, շատ հաճախ նաև ձեռնոցներով։ 

-Պետք է բացատրել, որ հիգիենայի համար է։ Այսինքն՝ որպեսզի հաղթահարենք այս դժվարությունը, պետք է պահպանենք որոշակի կանոններ՝ ձեռնոցներ, դիմակ կրենք, մյուս մարդկանցից տարածություն պահպանենք։ Ամենակարևոր բանը, որ պետք է բացարենք երեխային, այն է, թե ինչու է նա տանը փակված և բակում չէ։ Այստեղ է, որ ծնողը պետք է կարողանա խնդիրը մատուցել ճիշտ։ Եվ ոչ միայն ճիշտ մատուցի, այլև երեխայի համար ստեղծի պայմաններ, ստեղծի զբաղմունք, գտնի նոր հետաքրքրություններ, որ նա կարողանա հաղթահարել իրավիճակը։ Ի դեպ, այս ամենը կարելի է անգամ խաղի վերածելի։ Անգամ կար այդպիսի մի ֆիլմ, երբ հայրը պատերազմը ներկայացրել էր որպես խաղ, ինչի արդյունքում երեխան չենթարկվեց որևէ սթրեսի։ 

 

-Ինչպե՞ս կարելի է ճիշտ ձևով հորդորել երեխային ավելի ուշադիր լինել սեփական հիգիենայի նկատմամբ։ 

-Այստեղ կարևոր է, որ ծնողը որքան հնարավոր է երեխային զերծ պահի տագնապային զգացողություններից։ Այսինքն՝ առաջին հերթին մեծահասակները չպետք է խուճապի մատնվեն, իրենք ծառայեն օրինակ, կարողանան հնարավորինս հետաքրքիր կազմակերպել երեխաների առօրյան։ Այս ամենն, ի դեպ, օգնում է նաև հենց ծնողներին։ Դրանով կարողանում են հաղթահարել այս օրերի միայնությունը, միօրինակ առօրյան։ 

 

-Բարդույթներ և վախեր ձեռք չբերելու և միևնույն ժամանակ խնդրի նկատմամբ զգոն, անուշադիր չլինելու համար ի՞նչ անել։ 

-Շատ կարևոր է որ ընտանիքում «ես»-ի գաղափարը դառնա «մենք»։ Դա օգնում է ամրացնել ներքին ուժը, առաջ է գալիս հաղթելու, ամուր և միասնական լինելու գործոնը։ Երեխաներին ինչ-որ բան պատմելով, նկարագրելով՝ շատ հաճախ կոտրում ենք մեր մեջ գոյություն ունեցող կարծրատիպը։ Մենք ինքներս մեզ նաև ուժ ենք տալիս, երբ տեսնում ենք փոքրիկի աչուկները, որ մեզ լսում է, կարևորում է մեր խոսքը, պատասխանատավության զգացումն ավելի է մեծանում՝ դասավորել օրը այնպես, որ չփչանա այն։ Շատ բան է կախված ծնողներից։ Մենք պետք է հնարավորինս այնպես անենք, որ երեխաները զերծ մնան ավելորդ տագնապներից։ 

 

-Մարդկանց միջև հեռավորության պահպանումը, միմյանց չգրկելը, ձեռքով չբարևելը կարո՞ղ է երեխային համար դիսկոմֆորտ ստեղծել։ 

- Գեղեցիկ, լավ խոսքեր երեխաներին պետք է մի՛շտ ասել, սակայն այս օրերին պետք է ավելի հանդուրժող լինել նրանց նկատմամբ։ Պետք է հասականալ, որ եթե մենք ենք այսքան ծանր տանում, ու՞ր մնաց՝ փոքրիկները դրանից անհարմարություն չզգան։ Դրա համար մեծերին պետք է մի քիչ հանդուրժողականություն, դրան զուգահեռ նաև ստեղծագործ միտք, ջերմություն, սեր, որովհետև այս վարակը տվել է հնարավորություն՝ ընտանիքում պահպանելու սեր ու ջերմություն։

 

- Պե՞տք է, արդյոք, երեխային հեռու պահել լուրերից, որոնք պարբերաբար գուժում են մարդկանց մահվան մասին։ 

- Այսպես, թե այնպես երեխան այս ամենի մասնակիցն է, որովհետև ինֆորմացիան այսօր շատ-շատ է։ Երեխաները տիրապետում են տեղեկատվությունը ստանալու տարբեր միջոցների՝ ինտերնետ, հեռուստացույց և այլն։ Այս օրերին մահվան թվերի մասին երեխաների հետ խոսելը այդքան էլ ճիշտ չէ։ Պետք է կարողանալ երեխաներին նախապատրաստել, որ ավելի զգոն ու ուշադիր լինեն։ Ծնողը հպանցիկ կարող է ասել, որ հիգիենանի կանոնները չպահպանելու դեպքում կարող ենք կորցնել մարդկանց, բայց դա այնքան զգույշ պետք է ասել, որ չվնասենք երեխայի ներաշխարհը։ Կարևոր է երեխային մասնակից դարձնել համացանցում ընթացող մշակութային անցուդարձին՝ երաժշտություն լսել, հեքիաթնոր պատմել, տարբեր ներկայացումներ դիտել։ Ցանկացած իրավիճակում պետք է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները։ Այս օրերին շատ մասնագետներ համացանցում առաջարկում են իրենց ծառայությունները, կարելի է օգտվել դրանից։ 

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ