Ինչպե՞ս երեխային բացատրել, որ պետք է լավ սովորի, լավ մասնագետ դառնա, որպեսզի շատ գումար վաստակի, բայց և կյանքի նպատակը չտեսնի գումարի մեջ

Դաստիարակություն

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։ Հարցազրույցի առաջին մասն ընթերցեք այստեղ։  

5. Գումարի հետ վարքի  ի՞նչ կանոններ պետք է սովորեցնել երեխային։

- Շատ կարևոր է երեխային սովորեցնել գումար ծախսել։ Օրինակ՝ նա ունի ցանկություն՝ գնելու մի քանի բան, բայց մենք տալիս ենք հազար դրամ, ասում՝ գնա՛ խանութ և տե՛ս՝ այդ գումարով ինչ կարող ես գնել քեզ համար։ Առաջնայինի և երկրորդայինի բաժանիր քո ցանկությունները և ընտրիր՝ ինչն ես ավելի շատ ուզում։ Գուցե կռվի, նեղանա, ասի՝ քիչ է։ Այո՛, մենք պետք է ասենք, որ գուցե իսկապես քիչ է, հետևաբար մենք պետք է մեր ցանկությունները սահմանափակենք։ Հաջորդ անգամ արդեն ի կատար կածենք մյուս ցանկությունները։ Այս կերպ նրանց սովորեցնում ենք, որ գումարն ունի չափ, սահման և պետք է այն ճիշտ տնօրինել։ Այսինքն՝ իմ բոլոր ցանկությունները ոչ թե միանգամից պետք է իրականացնեմ, այլ ցանկություններս պետք է բաժանեմ առաջնայինի և երկրորդականի և իրականացնեմ հերթականությամբ։ Սա սովորեցնում է տնտեսվարությամբ մոտենալ հարցին, որը շատ կարևոր հմտություն է։ Գումարի խնայողությունը կարող ենք առօրյայում սովորեցնել այլ տարբերակներով ևս՝ ջուրը փակում ենք, որովհետև պետք է խնայել, հոսանքը անջատում ենք ոչ միայն բնության ռեսուրսները խնայելու համար, այլև գիտակցմամբ, որ անիմաստ վառ թողնելու համար վճարում ենք։ Մինչդեռ կարող ենք այդ գումարն այլ կերպ օգտագործել։ Այսինքն՝ այս հմտությունների միջոցով կարող ենք երեխային սովորեցնել, թե ինչպես է հնարավոր գումարը ծախսել ճիշտ ու նպատակային եղանակով։

6. Իսկ ինչպե՞ս երեխային բացատրել, որ պետք է լավ սովորի, լավ մասնագետ դառնա, որպեսզի շատ գումար վաստակի, բայց և կյանքի նպատակը չտեսնի գումարի մեջ։


- Շատ բարդ է դա երեխային բացատրելը, որպեսզի կարողանա գտնել այդ կապը։
Բավականին բարդ է երեխային հասկացնել, որովհետև երեխան չի կարող տեսնել այդ հեռակա կապը, որ մենք՝ մեծերս, արդեն գտել ենք։ Բայց մենք դա մեծ տարիքում ենք գտել։ Մենք դա անընդհատ լսում ենք, բայց հասկանում ենք, երբ արդեն աշխատանքի ենք ընդունվում։ Բացատրելը բավական դժվար է, սակայն մի տեխնիկա կարելի է կիրառել։ Եթե երեխան ստանում է բարձր գնահատական կամ այդ օրը լավ վարք է դրսևորում կամ ունենում է ինչ-որ հաջողություն, կարելի է խրախուսել․ գնահատականի համար՝ մոտ 100-200 դրամ, առավելագույնը՝ 500 դրամ։ Պետք է ասել, որ սա քո աշխատանքի դիմաց վարձավճարն է։ Հետագայում, երբ դու լավ կսովորես, ձեռք կբերես շատ գիտելիքներ, ըստ դրա էլ ստանալու ես աշխատավայրում քո գումարը։ Ըստ գիտելիքի ընդունվելու ես աշխատանքի և ըստ դրա՝ գումար ես աշխատելու։ Այսպես երեխան կհասկանա, թե ինչպես է գիտելիքը վերածվում գումարի։ Այլապես դժվար է դա հասկացնել երեխային։


Նա կարող է ինքնուրույնություն դրսևորել և ավել աշխատանք կատարել դասից դուրս։ Դա կարելի է և՛ոգևորող խոսքերով, և՛ արդեն սիմվոլիկ գումարի տեսքով խրախուսել, օրինակ՝ տալ գումար, որ չծախսի հենց այնպես, այլ նպատակային։ Չէ՞ որ դա նրա գիտելիքի դիմաց վաստակածն է։ Սա արդեն սովորեցնում է ոչ միայն ինչպես տնտեսել գումարը, այլև ինչպես կարևոր իրերի վրա ծախսել և, ի վերջո, համբերատարություն դրսևորել և գիտելիքը վերածել գումարի։ Սովորում է պատասխանատվություն, որ, օրինակ, հիմա դրանով ոչ թե ծամոն գնի, այլ հավաքի և ավելի անհրաժեշտ ինչ-որ գնում կատարի։ Սա երեխային գումարի հետ վարվելու հմտություն սովորեցնում, ինչը չափազանց կարևոր է նրա հետագա կյանքի համար։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ