Կանանց տոնը երեխաների ընկալմամբ. ինչպիսի՞ սկզբունքներով առաջնորդել նրանց

Դաստիարակություն

Գարունն իր հետ բերում է ոչ միայն ջերմություն, քնքշանք ու ծաղիկներ, այլև տարվա հաճելի տոներից մեկը՝ մարտի 8-ը:

Վերջինս տղամարդկանց համար լրացուցիչ առիթ է իգական սեռի ներկայացուցիչներին իրենց գնահատանքը ցույց տալու և ամենակարևորը՝ երեխաների համար օրինակ ծառայելու համար: Սովորաբար բալիկները տոների հանդեպ ցուցաբերում են այն վերաբերմունքը, որն առկա է իրենց ընտանիքում:  «Երբ նրանք տեսնում են ծնողների ոչ առողջ հարաբերություններ, ապա մարտի 8-ին հայրիկի նվիրած ծաղիկը լոկ պարտադրված բնույթ է կրում և այդ օրը ևս մեկ անգամ կնոջ, մոր դերն ընդգծելու արժեք չի ստեղծվում։ Երեխան պետք է տեսնի պատասխանատու, նվիրված և սկզբունքային հայրիկի կերպար, որը գնահատում է իր մորն ու կնոջը»,- ընդգծում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ մեծահասակներն իրենց յուրաքանչյուր գործողությամբ պետք է սովորեցնեն փոքրիկներին հարգել իգական սեռին, և գիտակցել՝ դա տղամարդու լավագույն որակն է։ Երեխաները ժամանակի ընթացքում կընկալեն, որ...

 

. Տղամարդու կարևորագույն խնդիրը ոչ թե զարմացնելն է, այլ իր կողքին գտնվող կնոջը պատվելը: 

. Անհրաժեշտ չեն չափման միավորներ՝ ի դեմս նվերների, իսկ «որքան թանկ է նվերը, այնքան մեծ է սերը» մոտեցումն առավել քան մերժելի է: 

. Հարկավոր չէ ուշադրություն դարձնել այլոց ստացած նվերներին և համեմատել ստացածիդ կամ չստացածիդ հետ, դրանից ելնելով՝ գնահատական տալ մարդկանց ու հարաբերություններին: Անհրաժեշտ է արժևորել այն, ինչը, մեծ հաշվով, տալիս և ստանում են սիրուց։

 

Ըստ հոգեբանի՝ պետք է առաջնորդվել «Տոն առանց պարտադրանքի» սկզբունքով: Թեկուզև այն գեղեցիկ օր է, բայց դրանով ոչինչ չի որոշվում: Հարկավոր է ժպտալ մեկմեկու, սիրալիր լինել, հաճոյախոսել, հասկանալ, գրկել  և ուրախացնել միմյանց ցանկացած օր: Վերջիվերջո, տոնը պետք է մեր սրտերում լինի ընդմիշտ:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ