Փոքրիկները սովորաբար գործում են մանկական միամտությամբ, իսկ մարդկանց և աշխարհի նկատմամբ լի են անսահման վստահությամբ: Այդպիսով, նրանք ունակ են հավատալու բոլորին, անգամ՝ անծանոթներին: Եվ բնականաբար ծնողների մոտ հարցեր են ծագում՝ արժե՞ անհանգստանալ ու ի՞նչ անել` հնարավոր անախորժ իրավիճակները կանխելու նպատակով: Այս և այլ հարցերի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ը փորձել է պարզել «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Լալա Պետրոսյանի օգնությամբ։
Միասին վերլուծենք իրավիճակը
Երեխան, որը վստահում է իրեն շրջապատողներին, կարողանում է պահպանել լավատեսությունը և հեշտորեն հաղորդակցման մեջ մտնել: Դա, իհարկե, դրական երևույթ է, սակայն կարիք կա հասկանալու՝ «կու՞յր» վստահություն է, թե՞ կշռադատված ու փաստերի վրա հիմնված: Ընդհանրապես, ծնողները պետք է բալիկին մանկուց սովորեցնեն վերլուծել իրավիճակը, որպեսզի նա առանց մեծահասակի կարողանա գնահատել, հասկանալ՝ արժե՞ր շփվել, իրեն ճի՞շտ են ասում, թե՞ ստում, ինչի՞ համար են այդ ամենն ասում և այլն: Այդ պարագայում երեխայի՝ այլ մարդկանց ազդեցության տակ ընկնելու հավանականությունը նվազում է:
Նաև պետք չէ երեխաներին միանշանակ պատասխաններ տալ, ասել՝ «նա ճիշտ է, իսկ այն մյուսը՝ սխալ և վերջ»: Հարկավոր է մանրամասն բացատրել փոքրիկին, թե ինչու է ճիշտ կամ սխալ: Բալիկը ծնողներին վստահելու դեպքում կընդունի նրանց խոսքն ու զգուշացումները: Նկատի ունենանք՝ դաստիարակության մեջ չափն անցնելը և երեխային ամեն ինչի նկատմամբ խիստ կասկածամիտ դարձնելն ավելորդ են:
Վարվելակերպն անծանոթների հետ
Հարկավոր է նախապես փոքրիկին ներկայացնել գործողությունների պլան՝
- Եթե անծանոթ մարդն իմ ներկայությամբ քեզ որևէ բան է հարցնում կամ առաջարկում, սպասի՛ր համաձայնությանս:
- Մնացած դեպքերում աշխատի՛ր հեռու մնալ անծանոթից:
- Որևէ բա՞ն են առաջարկում, հրաժարվի՛ր:
- Անծանոթի հետ չգնաս ինչ-որ տեղ, եթե նույնիսկ խոստանում է շատ հաճելի բան՝ խաղալիք, նվեր կամ կենդանաբանական այգի գնալու հնարավորություն:
- Եթե զգաս, որ նա կասկածելի և քեզ համար տհաճ գործողություններ է առաջացնում, բարձր գոռա և օգնություն խնդրիր:
Վերջինը երեխաներին սովորեցնելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ շատ ժամանակ նրանք վախից, ամոթից կամ այլ հանգամանքներից ելնելով ձայն չեն հանում: Հարկավոր կլինի դերային խաղեր հնարել, որտեղ նա կգտնվի նմանատիպ իրավիճակում: Դա կօգնի երեխային կողմնորոշվել նաև իրական կյանքում ու «ոչ» ասել այն դեպքերում, երբ ինչ-որ բան չի ցանկանում կամ իրեն դուր չի գալիս:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան