Ինչպես հայտնաբերել փոքրիկի տաղանդը – մաս 1

Զարգացում

Երեխաները շատ արագ մեծանում ու նույնքան արագ էլ նոր բաներ են սովորում: Ծնողներն էլ ուշադիր հետեւում են փոքրիկի զարգացմանը եւ ուրախանում ամեն մի նոր գործողությամբ՝ խոսել, քայլել, սիրել ու չսիրել: Ծնողներն ավելի են երջանկանում, երբ փոքրիկի մոտ նկատում են հատուկ ունակություններ:

Երբեմն, սակայն, ծնողները չեն կարողանում ճանաչել փոքրիկի կարողությունները, ինչի պատճառով շատ հաճախ երեխայի տաղանդը մնում է աննկատ ու ժամանակի ընթացքում կորչում է:  Իսկ ինչպե՞ս է հնարավոր հայտնաբերել տաղանդը: Հարկավոր է նախեւառաջ ճանաչել փոքրիկի հետաքրքրությունները եւ հասկանալ, թե ինչու է նա հետաքրքրված տվյալ զբաղմունքով:

Բնական տաղանդը կարելի է սահմանել այսպես՝ առանձնահատուկ կարողություն, որը հատուկ է ոչ բոլորին: Այն կարող է դրսեւորվել բանավոր հմտություններով, վերլուծական մտքով, ժամանակի կազմակերպմամբ կամ ներկայացուցչական կարողությամբ, առաջնորդությամբ, ֆիզիկական կարողություններով, երեւակայությամբ, մտածելու ունակությամբ, դերասանական, երգելու, նկարելու, գրելու, պարելու կամ այլ կարողությամբ:

Այդ կարողությունները ճանաչելու համար հարկավոր է հետեւել փոքրիկին: Երեխաներն ուրախանում եւ իրենց հարմարավետ են զգում, երբ անում են մի բան, որն իրենց ամենից շատ է հետաքրքրում: Ժամանակի ընթացքում կարողությունը զարգանում է, եթե ծնողները կարողանում են ժամանակին ուղղորդել փոքրիկին: Կարեւոր է նաեւ գնահատանքն ու խրախուսումը:  Եթե նկատում եք, որ կարողությունը զարգանում է, հարկավոր է  մտածել այն կատարելագործելու մասին:

Շատ ծնողներ անտեսում են երեխայի կարողությունները, մինչդեռ հարկավոր է ճանապարհ հարթել՝ այն զարգացնելու համար: Պետք չէ փոքրիկին ծանրաբեռնել տարբեր զբաղմունքներով, խմբակներով ու խառնաշփոթ ստեղծել նրա առօրյայում: Պետք է պարզապես հանգիստ հետեւել երեխայի զարգացմանը եւ որսալ այն հմտությունը, որով օժտված է փոքրիկը. արդյո՞ք սիրում է սպորտը կամ երգել ու պարել, թե՞ նախընտրում է գիրք կարդալ: Որսալուն պես պետք է շեշտը դնել հենց այդ կարողության վրա եւ ոչ թե փորձել երեխային հազար մասի բաժանել եւ շփոթեցնել զբաղմունքների հորձանուտում:

Երեխային մոտից ճանաչելը տաղանդը բացահայտելու ամենագործուն տարբերակն է: Նրա հետ ժամանակ անցկացնելով, զրուցելով կամ սովորեցնելով՝ դուք կբացահայտեք նաեւ նրա կարողությունները: Իհարկե, պետք է հաշվի առնեք նաեւ տարիքն ու զարգացման տեմպերը: Կարող եք նաեւ  աշխատել փոքրիկի վիզուալ դաշտում:  Փորձեք ինֆորմացիան մատուցել հետաքրքիր ու ստեղծագործ տարբերակով: Օրինակ՝ եթե սովորեցնում եք այբուբենը, տառերն արտաբերեք երգելով կամ պրոցեսը վերածեք խաղի:

 

Շարունակելի

Գովազդ