Ինչպե՞ս սովորեցնել երեխային գեղեցիկ խոսել. խորհուրդներ բժիշկ Կոմարովսկուց  

Զարգացում

Համաձայնեք՝ գեղեցիկ ու բարեհունչ խոսքը հաջողության հասնելու գրավականներից մեկն է: Այս արվեստին պետք է տիրապետել դեռ մանկուց: Երեխային պետք է սովորեցնել գեղեցիկ խոսել դեռ այն ժամանակ, երբ նա սկսում է արտաբերել իր առաջին բառերը:

Սա այնքան էլ դժվար չէ, միայն թե պետք է լինել հետևողական:

Ինչպե՞ս հասնել արդյունքի.

·        Առաջին հերթին ինքներդ օրինակ ծառայեք

Խոսեք գեղեցիկ, մի օգտագործեք ժարգոնային ու տգեղ բառեր, որոնք չէիք ցանկանա, որ հնչեր Ձեր երեխայի շուրթերից: Հաճախ կարդացեք երեխայի համար, արտասանեք ու սովորեցրեք բանաստեղծություններ:

·        Ուշադիր լսեք երեխային

Շատ լավ է, եթե դուք երեխայի հետ խոսելու ու նրան լսելու ժամանակ ունեք: Ուշադիր հետևեք նրա խոսքին. եթե անհրաժեշտ է, ուղղեք նրան ու բացատրեք բառերի իմաստները: Եթե հոգնած եք, գոնե ձևացրեք, թե լսում եք նրան: Երբեք մի ասեք. «լռիր, ես շատ հոգնած եմ...»: Եթե երեխան կարծի, որ իր պատմածը Ձեզ հետաքրքիր չէ, այլևս չի խոսի:

·        Ձայնագրեք նրան

Ձայնագրեք նրան, ու թող երեխան ինքնուրույն գտնի իր սխալները: Ձայնագրությունը լսեք նաև միասին, որից հետո առաջարկեք երեխային միասին քննարկել իր խոսքը: Որոշ ժամանակ հետո կրկնեք նույնը:

·        Կարդալ, կարդալ ու կրկին կարդալ

Եթե Ձեր փոքրիկը դեռ չի ճանաչում տառերն, ապա ինքներդ կարդացեք նրա համար: Իսկ եթե նա արդեն տառաճանաչ է, ընտրեք նրա համար հետաքրքիր ու գեղեցիկ ստեղծագործություններ:

·        Գովեք երեխային իր խոսքի համար

Անհրաժեշտ է, որ երեխան զգա ծնողների աջակցությունը: Քաջալերեք, գովեք փոքրիկին, սակայն գովասանքը պետք է լինի տեղին: Ասեք նրան, որ իր մոտ շատ լավ է ստացվում ամեն ինչ: Դա կարող եք անել հետևյալ արտահայտություններով.

·        Ինձ շատ դուր է գալիս քո խոսքը

·        Քեզ հետ զրուցելը շատ հաճելի է

·        Շատ հաճելի է քեզ տեսնել կարդալիս:

 

Այս արտահայտությունները երեխային կներշնչեն ինքնավստահություն:

 

Հիշեք՝ ձեր ջանքերը վաղը գնահատվելու են. չէ՞ որ երեխայի գեղեցիկ խոսքը ոչ միայն հպարտություն է, այլ նաև հաջողության հասնելու միջոց:

 

 

 

Գովազդ