«Կարելի»-ներ ու «չի կարելի»-ներ. ինչպե՞ս դաստիարակել օրինակելի երեխա  

Զարգացում

Ինչ-որ պահից սկսած՝ ծնողը սկսում է երեխային արգելել ինչ-որ բաներ: «Կարելի»-ների և «չի կարելի»-ների սահմանը պետք է պահել շատ նուրբ:

Ինչպես դա անել:

·        Կիրառեք լուսացույցի մեթոդը

Այն կօգնի ոչ միայն երեխային, այլ նաև ձեզ: Սահմանեք արգելքի երեք գույն.

Կարմիր

Սա այն դեպքն է, երբ ընդհանրապես չի կարելի անել. չի կարելի տանից գնալ առանց զգուշացման, չի կարելի խոսել անծանոթների հետ, նրանց առջև դուռը բացել, նստել անծանոթների մեքենան:

Դեղին

Սա այն դեպքն է, երբ «չի կարելի»-ն կարելի է քննարկել և գալ ընդհանուր հայտարարի: Չի կարելի ամբողջ օրը մուլտֆիլմ դիտել, քանի որ այն վնասակար է տեսողության համար: Սակայն կարելի է մեկ ժամ առավոտյան և մեկ ժամ երեկոյան հեռուստացույց դիտել: Հիշեք՝ ամեն դեպքում պետք է ընտրել ուսուցանող մուլտֆիլմ:

Կանաչ

Սա այն դեպքն է, երբ երեխայի ցանկությունը ձեզ համար այնքան էլ ընդունելի չէ, սակայն ընտրությունը թողնում եք երեխային: Դուք այնքան էլ կողմ չեք կռիվ-կռիվ խաղին, քանի որ շատ աղմկոտ է, սակայն թույլ եք տալիս, որ երեխան խաղա:

Տարիքի հետ լուսացույցի կարմիր գույնը վերածվում է կանաչի: Սակայն այդ անցումը պետք է անել սահուն: 

·        Երեխան չպետք է անտեղյակ լինի

Դուք երեխային արգելում եք խաղալ հեռախոսով, սակայն նա պետք է իմանա՝ ինչ է հեռախոսը, ինչի համար է նախատեսված: Ձեզ պատկերացրեք նրա փոխարեն: Հաճելի չէ, երբ ձեր շրջապատում խոսում են մի բանի մասին, որից դուք անտեղյակ եք:

·        Բացատրեք, թե ինչու չի կարելի

«Չի կարելի, քանի որ ես քո մայրն եմ և արգելում եմ». սա ամենավատ տարբերակն է: Բացատրեք՝ ինչու չի կարելի: Օրինակ՝ չի կարելի ուտել կեղտոտ միրգ, քանի որ այն կարող է վնասել օրգանիզմն ու առաջացնել տարբեր հիվանդություններ: 

Ծնողը պետք է լինի երեխայի ընկերը, բացատրի, թե ինչու չի կարելի անել ինչ-որ բան: Միայն այն դեպքում ձեր երեխան կդառնա ինքնավստահ և օրինակելի:

Գովազդ