Երկլեզու ընտանիքների երեխաները դժվարանում են երկու լեզվի բոլոր հնչյունները ճիշտ արտասանել և լսել. հոգեբան

Զարգացում

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Երկլեզվությունն այնքան էլ միանշանակ հարց չէ, քանի որ տեսակետները տարբեր են այս հարցի վերաբերյալԸնդհանուր առմամբ, հոգեբանության և լոգոպեդիայի մեջ ընդունված է, որ նախքան երեխայի խոսքի ձևավորման և յուրացման լիարժեք ավարտը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ երեխան սկսում է պարզ ու անկաշկանդ խոսել և արտահայտվել մեկ լեզվով, չի կարելի ներմուծել երկրորդ լեզուն: Ինչու՞ են ասում, որ չի կարելի:

1. Դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և ինֆորմացիայի կրկնակի հոսք, որը երեխան պիտի վերամշակի իր գլխուղեղում, այնուհետև վերածի ակտիվ խոսքի: Սա բարդացնում է երեխայի խնդիրը:

2. Բառապաշարի և հնչյունների խառնաշփոթ է առաջանում: Երկլեզու ընտանիքների երեխաները դժվարանում են երկու լեզվի բոլոր հնչյունները ճիշտ արտասանել և լսել:

3. Երեխան որոշ ժամանակ խոսում է խառը՝ երկու լեզվով, որը խանգարում է երեխայի լեզվամտածողության ձևավորմանը և գրագիտությանը:

 4. Խոսքի ուշացման, կակազության դեպքերի անամնեզում. ընտանեկան պատմության մեջ շատ հաճախ է հանդիպում երկլեզվություն և եռալեզվություն:

Գրականության մեջ, ինչպես նաև տարբեր մասնագետների հոդվածներնում հաճախ կհանդիպեք, որ բազմալեզու ընտանիքների երեխաներն ավելի զարգացած են, հետաքրքրասեր, ինտելեկտուալ առումով տարբերվում են և այլն:

Սա կապված է այն բանի հետ, որ բազմալեզու ընտանքները բազմամշակույթ են, տարակարծիք, հետաքրքիր և բազմաբնույթ մոտեցումներ են կիրառում: Այս ընտանիքներում մեծացող, և զարգացման խնդիր չունեցող երեխաներն իրականում, այո՛, բարձր ինտելեկտ են ունենում, և հենց այդ ինտելեկտի շնորհիվ էլ կարողանում են հաղթահարել խնդիրը: Իսկ այն երեխաները, որոնք չունեն բարձր ընդունակություններ, ունեն գերակտիվություն, ուշադրության խնդիրներ, ծնողների զբաղվածություն, հեռուստացույցի ու մուլտերի վրա ժամանակի կորուստ և այլն, այդ երեխաները կանգնած են խնդիրներ ունենալու վտանգի առջև:

Հիմա եթե նայենք, թե քանի տոկոսն է պատկանում այդ բարձր ինտելեկտ ու իդեալական ընտանիք ունեցողների թվին, կպատկերացնենք՝ ինչ մեծ է հավանականությունը, որ երկրորդ լեզուն կխանգարի երեխային:

Ես կողմ եմ, որ երեխան յուրացնի իր մայրենի լեզուն, մտածի այդ լեզվով, զարգանա լիարժեք այդ լեզվամշակույթի ներսում, ապա լիարժեք խոսքը յուրացնելուց հետո կամ դպրոցական տարիքում սովորի երկրորդ լեզուն: Երկլեզու ընտանիքում կարիք կլինի ընտրել լեզուներից մեկը և խոսել այդ լեզվով: Ավելի ճիշտ կլինի ընտրել այն լեզուն, որով խոսում են ծնողները, քանի որ երեխան սովորում է խոսել ոչ միայն այն ժամանակ, երբ իր հետ են խոսում, այլ երբ ինքը լսում է այդ խոսքն ամբողջ օրվա ընթացքում:

Մանկապարտեզում տարբեր լեզուներ սովորած երեխաներից և ոչ մեկը չի սկսում խոսել այդ լեզվով, հակառակը՝ սկսում է ավելի վատ խոսել իր սեփական լեզվով: Միայն այն երեխաները, ովքեր ունեն բարձր ընդունակություններ և մեծանում են երկլեզու ընտանիքում, խոսում են երկու լեզվով: Սակայն նույնիսկ այս դեպքում, երեխաների լիարժեք զարգացման համար անհրաժեշտ ուժերի զգալի մասը ծախսվում է խոսքի զարգացման վրա:

 

 

Գովազդ