Այս ցուցակը կազմելու համար մասնագետները հարցումներ են արել երեխաների շրջանում ու անգամ ուսումնասիրել նրանց մանկությունը:
Արդյունքում առանձնացրել են 7 արտահայտություն, որոնք չի կարելի կամ ցանկալի չէ ասել երեխային, եթե չեք ցանկանում փչացնել նրա մանկությունը:
1. Կտեսնենք...
Երեխային պատասխանեք հստակ՝ այո կամ ոչ: Եթե երեխան ցանկանում է հեռուստացույց դիտել և թույլտվություն է խնդրում, մի՛ պատասխանեք նրան՝ «կտեսնենք...»: Եթե թույլ չեք տալու, ասեք՝ ոչ: Կարող եք պայման դնել, ասել, որ թույլ կտաք մեկ ժամ հեռուստացույց դիտել, եթե հիմա գիրք կարդա:
2. Հիմա
«Հիմա կգամ». այս արտահայտությունից հետո անցնում է մեկ ժամ, իսկ մայրիկը կամ հայրիկը դեռ չի եկել: Երեխային ասեք ճիշտը. եթե դուք կկարողանաք ազատվել 1 ժամից, մի՛ ասեք երեխային, որ հիմա կգաք: Կարող եք ասել, որ ունեք որոշ գործեր, որոնք շուտով կավարտեք ու կգնաք երեխայի մոտ:
3. «Ոչ» նշանակում է «ոչ»
Երեխայի հարցին ծնողները պատաստանում են՝ «ոչ», երբ երեխան հարցնում է՝ ինչու՞, նրան պատասխանում են՝ «ոչ» նշանակում է «ոչ»՝ առանց բացատրությունների: Սա, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Պետք է բացատրել փոքրիկին՝ ինչու չի կարելի անել այսինչ բանը:
4. Պետք է...
Ինչպես նախորդ դեպքում, պետք է բացատրել երեխային, թե ինչու պետք է նա անի այդ բանը:
5. Ինչպե՞ս չես ամաչում,...չէ՞ որ, դու տղա ես, աղջիկ ես, մեծ ես...
Ոչ, տղան նույնպես կարող է լաց լինել, աղջիկը՝ մագլցել ծառը, մեծերն էլ՝ սխալվել: Չի կարելի երեխային կաշկանդել:
6. Մի կարծիր, որ դու ամենախելացին ես
Պետք չէ երեխային անտեղի գովասանքի խոսքեր շռայլել, սակայն անհրաժեշտ էլ չէ նրան կոտրել, ասել, որ լավը չէ, որ իր ընկերներն ավելի խելացի են, քան ինքը:
7. Կմեծանաս, կհասկանաս
Երեխային պետք չէ ասել մեծական հարցերի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը, սակայն անհրաժեշտ էլ չէ ասել՝ կմեծանաս, կհասկանաս: Օրինակ՝ եթե փոքրիկը հարցեր է տալիս իր ծննդի վերաբերյալ, պատասխանեք նրան, բայց մի՛ ստեք: Ասեք, որ երեխաները ծնվում են, երբ հայրիկն ու մայրիկը միմյանց շատ են սիրում, և հենց այդ սիրուց էլ ծնվում են փոքրիկները: