Ինչու՞ է անհրաժեշտ պատմել երեխային իր հարազատի մահվան մասին. ներկայացնում է հոգեբանը. մաս 2

Զարգացում

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Հարազատի մահվան մասին երեխային անպայման պետք է պատմել։ Սովորաբար մարդիկ խուսափում կամ դժվարանում են դրա մասին պատմել հենց մահվան լուրը լսելուց հետո։ Բնական է՝ մեծահասակներն իրենք շատ վատ հոգեվիճակում են, շոկ են ապրում, և առավելևս այդ վիճակում անասելի դժվար է լինում երեխային պատմել իր հարազատի մահվան մասին։ Բայց պետք է։ Սա շատ դժվար է, բայց ավելի դժվար է լինելու, երբ որոշ ժամանակ անցնի, և երեխան կրկին սկսի փնտրել իր հարազատին ու հարցեր տա նրա մասին։

Մեծերը խուսափում են խոսել մահվան մասին, որովհետև չգիտեն՝ ինչպես անել դա, ինչպես նաև չգիտեն՝ ինչպես դիմանալ այդ փոքր արարածի վշտի տեսարանին։ Սա շատ անտանելի բան է։ Բայց պետք է դիմանալ։ Այլևս երբեք երեխան այդքան չի ունենա ձեր աջակցության կարիքը, որքան այդ պահին։ Մենք խուսափում ենք սրանից նաև այն պատճառով, որ կարծում ենք և վախենում ենք, որ երեխան չի դիմանա։ Եթե մենք դիմանում ենք, եթե մենք կարողանում ենք, հավատացեք՝ երեխաները ևս կկարողանան։ Անասելի դժվար բան է, բայց դա երեխայի ճակատագիրն է, և ոչ ոք իրավունք չունի նրա փոխարեն որոշումներ կայացնելու և փոխելու իր կյանքի բնականոն ընթացքը։

Երբ երեխային չեն պատմում իր հարազատի մահվան մասին, նա անպայման հասկանում է, որ շատ վատ ինչ-որ բան է եղել։ Նրանք դա զգում են հարազատների դեմքերի արտահայտությունից, թաքուն լացից, լսում են զրույցներ, ինչպես նաև հասկանում են տան անորոշ անցուդարձից, օտար մարդկանց ելումուտից։ Երեխաները նաև շատ ծանր են տանում հարազատի անորոշ բացակայությունը, նրանք սովորաբար շատ վատ մտքեր ու եզրակացություններ են անում։ Մտածում են, որ իրենց հարազատն իրեն դավաճանել է, գնացել է և այլևս իրեն չի սիրում, հակառակ դեպքում անպայման զանգ կտար, կգար, կխոսեր։ Այսինքն՝ այստեղ բոլոր տեսակի պատճառաբանություններն անտեղի են և ավելորդ։ Երեխաները զգում են ու էլ ավելի տանջվում անորոշությունից։

Ինչպե՞ս պատմել երեխային իր հարազատի մահվան մասին։

Երեխայի կամ երեխաների հետ անպատճառ պիտի խոսի իր հարազատներից՝ շատ մտերիմ մեծահասակներից մեկը։ Գտեք տանը մի առանձին և հանգիստ վայր, որտեղ ձեզ ոչ ոք չի ընդհատի և չի խանգարի։ Զրույցը պիտի լինի անսահման անկեղծ և մտերմիկ։ Նախքան լուրը հայտնելը՝ պետք է երեխային նախազգուշացնել, որ կարևոր բան պետք է հայտնեք իրեն։ Պետք է ասել, որ լուրը տխուր է, և դուք իր հետ և իր կողքին եք լինելու ։ Երեխայի հետ պետք է խոսել հնարավորինս հանգիստ և առանց խուճապի, հիստերիայի դրսևորումների, բայց՝ անկեղծ։ Եթե ցանկություն լինի լաց լինելու, կարող եք չզսպել ձեզ։ Պետք է հայտնել մահվան մասին և պատրաստ լինել երեխայի զգացմունքների և վարքի ցանկացած դրսևորման։ Առաջին պահին երեխան կարող է շոկ ապրել, չհասկանալ, թե ինչ է կատարվում։ Համբերատար եղեք և սպասեք, գրկեք երեխային, եթե դրա կարիքը կլինի, սպասեք երեխայի հարցերին։ Պատասխանեք հարցերին անկեղծ և հնարավորինս մանրամասն, մի ստեք։ Խուսափեք միայն մահվան իրավիճակի դաժան մանրամասներից, դրանց կարիքը երեխան իսկապես չունի։

 

 

Գովազդ