10 խորհուրդ հայրիկներին. ինչպե՞ս դառնալ հերոս դստրիկների համար. մաս 1  

Զարգացում

Այս խորհուրդների հեղինակն ամերիկացի Մայքլ Միտչելն է, ով արդեն 30 տարվա երջանիկ հայրիկ է:

Նա իր կայքում՝ lifetoheryears.com-ում պարբերաբար գրում է հետաքրքիր նյութեր ու աղջիկներ ունեցող հայրիկների հետ կիսվում իր փորձով: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ՝ երջանիկ հայրիկ Մայքլից:

1. Սիրեք ձեր դստեր մայրիկին: Հարգեք նրան ու հպարտացեք նրանով: Արտահայտեք ձեր սերն ու զգացմունքները: Երբ ձեր փոքրիկ աղջիկը մեծանա, ինքն էլ կընտրի այնպիսի տղամարդու, ով իր հետ կվարվի նույնկերպ՝ սիրալիր ու հարգալից:

2. Ձեր դուստրը կմեծանա և կփնտրի իր  հերոսին: Այդ հերոսը կարող եք լինել դուք: Նա պարբերաբար կգա ձեզ մոտ և խորհուրդներ կհարցնի: Ի դեպ, հերոս լինելու համար կարմիր թիկնոցն ու կապույտ տաբատը պարտադիր չեն:

3. Միշտ եղեք նրա կողքին: Առանց պատճառի դուրս եկեք զբոսնելու: Հետաքրքրվեք նրա կյանքով ու առօրյայով: Մի վերահսկեք նրան, պարզապես հետաքրքրվեք: Աղջիկներին շատ հաճելի կլինի, երբ հայրիկը դառնա նրանց ընկերը: 

4. Վայելեք նրա հետ ամեն մի րոպեն: Այսօր նա տակդիրով է քայլում, վաղը ձեզնից խնդրելու է մեքենայի բանալիները: Տարիները կանցնեն, ու կհասկանաք, որ ձեր փոքրիկն արդեն դարձել է հասուն օրիորդ: Այնպես որ, առիթը բաց մի թողեք շփվելու, խոսելու ու վայելելու նրա հետ ամեն մի րոպեն:

5. Կլինեն պահեր, երբ նա կվիճի ձեր և մայրիկի հետ: Եղեք իմաստուն: Խուսափեք վիրավորական ու կոպիտ խոսքերից: Կանցնի զայրույթն, ու բոլորդ էլ կհասկանաք, որ վեճի կարիք չկար:

6. Գուցե ծիծաղելի թվա, երբ դուք նրա հետ պահմտոցի կամ տուն-տունիկ խաղաք, բայց դա պետք է:

7. Իր ծննդյան օրը նրա համար տորթ պատրաստեք: Ճիշտ է՝ հնարավոր է՝ այնքան էլ լավ չստացվի, բայց ձեր դստրիկը շատ կուրախանա: Ծայրահեղ դեպքում կարող եք վարդագույն ջնարակով փքաբլիթ գնել ու վրան մոմ դնել: Ձեր աղջիկը, վստահաբար, կգնահատի:

8. Պարեք նրա հետ: Սկսեք դեռ մանկուց: Դրա համար պետք չէ սպասել նրա հարսանիքին:

9. Ոչ միայն ուրախացրեք ու զվարճացրեք նրան, այլ նաև զբաղվեք նրա կրթությամբ:

10. Եվ վերջապես, սովորեք նրան ասել «ոչ»: Դեպքեր կլինեն, որ նա կզայրանա, կնեղանա ձեզնից, բայց տարիներ հետո երկուսդ էլ դրա դրական կողմը կհասկանաք:

 

 

 

Գովազդ