«Գիտելիքը դեռ զարգացում չէ». երեխայի զարգացման վերաբերյալ մի քանի խորհուրդ՝ հոգեբանից  

Զարգացում

 Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Մի քանի սկզբունք եմ ուզում նշել, որոնք գուցե կօգնեն ծնողներին իրենց երեխաների զարգացման գործում:

1. Գիտելիքը պիտի երեխայի տարիքին համապատասխան լինի: Դա նշանակում է, որ այն ամենն, ինչի հետ երեխան չի առնչվում իր կյանքում և իր կենցաղում, առօրյայում, չի կարող զարգացնող լինել:

2. Գիտելիքը դեռ զարգացում չէ: Գիտելիքներով հարուստ շատ երեխաներ սոցիալապես տհաս են, հուզականորեն անկայուն և անինքնուրույն:

3. Գիտելիքը պետք է կենդանի լինի: Այսինքն՝ երեխան պիտի կարողանա դա շոշափել, զգալ, համտեսել, լսել ու տեսնել: Երեխան պիտի դրա հետ առնչվի: Ծաղիկի, մրգի, բանջարեղենի, ավազի, հողի, ջրի, մետաղի ու փայտի, տաք ու սառի, բույսերի ու կենդանիների, եղանակի, բարու ու չարի, սպորտի, մարմնի, ընտանիքի, սեռերի մասին գիտելիքները կարող են յուրացվել փոքր տարիքի երեխաների կողմից: Բայց վստահ եմ, որ շատ ծնողներ դրանց մասին շատ չեն խոսում երեխաների հետ, փոխարենը լրացուցիչ շատ բան են սովորեցնում, օրինակ՝  տարբեր լեզուներով հաշվել, իմանալ գույները և այլն:

4. Նախադպրոցական տարիքի երեխային պետք է մանկապարտեզում սովորեցնել ուղղորդված և հստակ ծրագրով, որը մշակված և պատրաստված է մասնագետների կողմից: Տանը նրան ուղղորդված ուսուցանել պետք չէ: Դա ճնշում է երեխայի ինքնուրույնությունը: Մանկապարտեզում էլ դա ավտորիտար ձևով չպիտի լինի: Սա էլ մի առանձին թեմա է:

5. Եթե ձեր երեխան դեռ չի կարողանում ինքնուրույն ուտել, հագնվել, հանվել, սանրվել, հագնել կոշիկները, օգտվել զուգարանից, շփվել հասակակիցների հետ, լսել և ենթարկվել կանոններին, խաղալ կանոններով խաղեր, ապա նրան այլ բաներ, անկենդան գիտելիքներ տալ պետք չէ: Այն ինչը երեխան չի օգտագործելու ու չի տեսնելու, պետք չէ նրան սովորեցնել: Փողոցում վարքի կանոնները սովորեցրեք, խանութից օգտվել սովորեցրեք, մրգային աղցան պատրաստել սովորեցրեք, իսկ աշխարհարգրություն և ֆիզիկա նա դպրոցում կսովորի, երբ արդեն կմտածի ճամփորդելու ու աշխարհի այլ ծայրեր հասնելու մասին:

6. Նախադպրոցական տարիքում երեխայի մտածողությունը ակնառու գործնական և ակնառու պատկերավոր է: Որևէ բան չի զարգանա, երբ դուք ձեր երեխային սովորեցնում եք մի բան, որը հասկանալու համար նրան պետք է վերացական մտածողություն, իսկ վերացական մտածողություն նա կունենա շատ ավելի ուշ տարիքում՝ միջին դպրոցական տարիքում: Իհարկե, այս տարիքում երեխաները հավատում են հրաշքների ու հեքիաթների, բայց դրանց մասին ևս ակնառու պատկերավոր պատկերացումներ է ձևավորում, ինչի հետևանքով էլ հավատում է, որ գայլը կգա կտանի, կախարդներն էլ ապրում են անտառում: Բայց սա օգնում է զարգացնել... լավ, սրա մասին մյուս անգամ:

 

 

Գովազդ