«Ինչու՞ արևը չի ընկնում ցած». ինչպե՞ս պատասխանել փոքրիկի բարդ հարցերին.  

Զարգացում

Փոքրիկները շատ հետաքրքրասեր են:

Երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որոնց դժվարանում են պատասխանել նույնիսկ իմաստուն մեծահասակները: Ինչպե՞ս պատասխանել երեխաների տարատեսակ հարցերին:

Երբեք մի՛ արհամարհեք

Երեխաjի հարցերը շատ հաճախ կարող են պարզ թվալ մեծահասակների համար, բայց հիշեք՝ նա դեռ նոր է ծանոթանում շրջապատող աշխարհին: Աշխատեք երբեք չարհամարհել նրան ու անպատասխան չթողնել նրա հարցերը: Նրանց համար շատ կարևոր են այդ պատասխանները: Եկեք վերցնենք պարզ մի հարց ու քննարկենք հավանական պատասխանները.

«Ինչու՞ արևը չի ընկնում ցած» 

Խուսափողական պատասխան

-Դու դեռ փոքր ես: Մեծանաս՝ կհասկանաս: Գնա, հարցու տատիկին....և այլն:

Համաձայնեք՝ սա պատասխան չէ:

Նման կերպ պատասխանելով՝ մենք երեխային հասկացնում ենք, որ նա հիմար հարցեր է տալիս, իսկ մենք մեզ մխիթարում ենք, որ պատասխանել ենք երեխայի հարցին ու չենք արհամարհել: Իրականում՝ դուք քիչ-քիչ կկորցնեք երեխայի մոտ ձեր հեղինակությունը: Փոքրիկը կմտածի, որ նման դժվար հարցերի պատասխանները դուք չգիտեք:

Պատասխան-պրովոկացիա

Իսկ ինչու՞ ես կարծում, որ այն կընկնի: Այդ դեպքում՝ ինչու՞ երկիրը չի ընկնում արևի վրա:

Նման պատասխանով դուք ստիպում եք երեխային ինքնուրույն մտածել և միասին փնտրել հարցի պատասխանը: Դուք շարժում եք փոքրիկի հետաքրքրությունը, և դա շատ լավ է: Բայց այս դեպքում սպասեք նոր հարցերի տեղատարափի: Մյուս կողմից՝ դուք ժամանակ եք շահում՝ պատասխանը գտնելու համար: Կարող եք այն փնտրել համացանցում ու մանկական հանրագիտարանում:

Շատ երկար պատասխաններ

Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից: Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ:

Գիտական տեսանկյունից դուք ամեն ինչ շատ ճիշտ եք ասում, բայց երեխաները ձեզ չեն հասկանա: Այս պատասխանը երեխաներին ինքնուրույն մտածելու հնարավորություն չի տա: Երեխաների համար դուք քայլող հանրագիտարան եք, որը պետք է լինի մատչելի, պարզ ու հեշտ հասկանալի:

Հեքիաթային պատասխան

Որովհետև արեգակը սոսնձված է երկնքին ու ամպերին: Նա իր շողերով կառչած է երկնքից:

Սա շատ փոքրիկ երեխաների համար է: Նրանք շատ են սիրում հեքիաթներ: Բայց այս պատասխանը շատ կարճ կյանք ունի: Ընդամենը մի քանի ամսից սպասեք նոր «ինչուների», որոնց նմանատիպ պատասխաններ չեք կարող այլևս տալ:

Պատասխան՝ մի քանի տարբերակով

Որոշ մարդիկ կարծում են, որ ....իսկ ես կարծում եմ....իսկ ահա համացանցում գրված է, որ....

Նման կերպ պատասխանելով՝ մենք երեխային ցույց ենք տալիս, որ մի հարցի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ: Մենք ստիպում ենք երեխային ընտրել իր համար ամենահավանական պատասխանն ու ձևավորել սեփական աշխարհայացքը: Այստեղ սպասեք ևս մի հարցի. իսկ ո՞վ է ճիշտ:

Իրական պատասխան

Արեգակը չի կարող ընկնել երկրի վրա, քանի որ այն չափսերով շատ մեծ է և շատ հեռու մեզանից:

Սա արդարացի պատասխան է, և այն է, ինչը երեխան ցանկանում է լսել մեծերից: Բայց մի մոռացեք տեղ թողնել, որպեսզի երեխան երևակայի:

Երբեք մի խուսափեք երեխայի հարցերից, եթե անգամ չունեք դրանց պատասխանները: Փնտրեք համացանցում. գուցե դուք էլ ինչ-որ նոր բան սովորեք:

 

 

Գովազդ