Ցանկանու՞մ եք լավ ծնող լինել. կարդացեք սա

Դուք, իհարկե, շատ եք ցանկանում, որ ձեր երեխան ձեզ վստահի, ձեզ հետ անկեղծ լինի, լինի նաև համարձակ, ինքնավստահ, ուրեմն կարդացեք սա և իմացեք՝ ինչ պետք է սովորեցնեք երեխային:

Եթե երեխան ասում է` «ոչ», հարգեք նրան

Երեխան պետք է հասկանա, որ նա իրավունք ունի ընդդիմանալու այն հարցերում, որոնք իրեն դուր չեն գալիս: Նման ձևով նա կսովորի արտահայտել իր կարծիքը: Մի՛ զայրացեք, երբ նա չի համաձայնում ձեր կարծիքի հետ, լսեք նրան ու փորձեք միասին քննարկել այդ հարցը: Նա կհասկանա, որ իր կարծիքը կարևոր է, և նա իրավունք ունի ազատ արտահայտելու այն: Սա ամենևին էլ չի նշանակում, որ ծնողները պետք է ամեն ինչ անեն երեխայի ցանկությամբ, ո՛չ, լսեք նրան, միասին քննարկեք ու եկեք միևնույն հայտարարին:

Մի՛ ստիպեք երեխային շփվել մեծահասակների հետ

Երբ երեխան ամաչում է, չի ցանկանում խոսել մեծահասակների հետ, չի պատասխանում նրանց հարցերին, մի՛ զայրացեք նրա վրա: Երեխան կկարծի, որ պարտավոր է խոսել բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են զրուցել իր հետ:

 

Սովորեցրեք երեխային պատմել ձեզ մեծահասակների տարօրինակ պահվածքի մասին

Երեխան պետք է տարբերի մարդկանց վատ ու լավ պահվածքը: Երբ որևէ մեկը ցանկանում է երեխային կոնֆետ հյուրասիրել՝ տանելով այգու ամենախոր հատվածները, երեխան պետք է հասկանա, որ դա վտանգավոր է և պետք է ծնողներից թույլտվություն հարցնել: Սովորեցրեք երեխային մերժել, երբ նրա կողքին չեք, և նա իրեն անհարմար է զգում:

Պատմեք երեխային իր մարմնի մասին

Օգնեք երեխային գտնել իր հարցերի պատասխանները: Գրախանութներում կան բազմաթիվ գրքեր՝ սեռական ճիշտ դաստիարակության մասին: Պատմեք սիրո մասին և ասեք, որ երբ հայրիկն ու մայրիկը միմյանց շատ են սիրում, ծնվում են բալիկները: Երեխան պետք է ճանաչի իր սեռական օրգանն ու իմանա՝ ինչպես են այն անվանում:

Բացատրեք՝ ինչ է գաղտնիքը

Երեխային սովորեցրեք՝ ինչը պետք է գաղտնի պահել, ինչը՝ ոչ: Օրինակ՝ պետք է գաղտնի պահել անակնկալները, իսկ այն, ինչն իրեն վախեցնում ու անհանգստացնում է, պետք է պատմել մայրիկին: Սովորեցրեք նրան վստահել ձեզ: Բացատրեք, որ դուք նրան չեք պատժի իր սխալների համար, այլ կփորձեք միասին գտնել լուծումներ ու դժվար իրավիճակից դուրս գալու ճանապարհներ: