Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Երկու տարեկան երեխան խփում է, երկար լաց է լինում մերժման դեպքում. ի՞նչ անել: Նախ` հաշվի առեք, որ 2 տարեկանում երեխայի կյանքում մի նոր, դժվար փուլ է սկսվում: Այս պարագայում հետևեք նաև երեխայի դաստիարակության հարցում ձեր մոտեցումներին ու հասկացեք՝ ի՞նչն է թույլ տալիս երեխային այդպիսի վարք դրսևորել:
Այս դեպքում խփելն ու իր պահանջի համար երկար լաց լինելը նույն երևույթի տարբեր դրսևորումներ են, մեկը պասիվ ագրեսիա է, մյուսը՝ ակտիվ:
Երկուսի դեպքում էլ պետք է մի բան անել: Եթե երեխան լացով է պահանջում որևէ բան, ապա պետք չէ կատարել դա, տվյալ դեպքում լացը պարզապես ամրապնդված վարքի ձև է, որով երեխան պահանջում է կատարել իր ուզածը, այլ լեզվով ասած՝ ստիպում է ձեզ ենթարկվել իրեն: Նույն բանն անում է նաև այլ երեխաների հետ շփվելիս՝ խփում է և ստիպում է իրեն ենթարկվել:
Ի՞նչ եք կարծում, դուք ի՞նչ պիտի անեք այս իրավիճակում:
Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. պետք է վերականգնել ձեր իշխանությունը իրավիճակի նկատմամբ:
Դա անհրաժեշտ է երեխայի առողջ զարգացման համար: Երեխան պիտի ունենա իրավիճակը տնօրինող և իրավիճակը կառավարող ծնողներ, որպեսզի հոգեպես իրեն ապահով ու ամուր զգա:
Եթե երեխան լացով որևէ բան է պահանջում, չեք անում և վերջ: Որքան դուք անեք լացով պահանջածը, այդքան հաջորդ անգամվա լացն ավելի ուժգին ու երկարատև է լինելու: Բացի այդ, քայքայվելու է երեխայի հուզական ամրությունը, և նա ավելի նյարդային ու անկառավարելի է դառնալու: Պարզապես ձեր մերժումները պիտի լինեն հիմնավորված և հաստատ: Բակում մեկ այլ երեխային խփելու ժամանակ փորձեք իր մոտ լինել և անընդհատ խանգարել դա անել, թույլ մի տվեք այնքան, մինչև երեխան լաց լինի ու գա ձեր գիրկը: Դա ավելի ճիշտ է, քան ինքը խփի ու կարծի, որ իրեն դա թույլատրված է: Լացը սեփական զգացմունքներն արտահայտելու ավելի լավ տարբերակ է, քան խփելը: Այսինքն՝ եթե երեխան մի բան է ուզում, իսկ կողքի բալիկը չի տալիս, ավելի լավ է՝ ինքը լաց լինի, քան խփի:
Այս ամբողջ ընթացքում արգելեք խփել, թույլ մի տվեք, որ լացով որևէ բան ստանա, բայց բացառեք երեխայի նկատմամբ կոպտությունն ու ագրեսիան: Այսինքն՝ արգելում եք սիրով, մերժում եք սիրով, խոսում եք հանգիստ տոնով:
Աշխատանքում էլ միշտ հարգում են խաղաղ ու հանգիստ, դիմացինին հարգող, բայց ուժեղ ղեկավարներին: Պիտի ղեկավարեք ձեր բալիկին, ոչ թե ծառայեք:
Հուսով եմ՝ կարողացա բացատրել: