Ընտրում ենք հեծանիվ երեխայի համար. ինչի՞ն ուշադրություն դարձնել

Զարգացում

Ամառն այն ժամանակահատվածն է, երբ երեխան, խաղալով և շփվելով ընկերների հետ, լիցքավորվում է էներգիայով և  դրական էմոցիաներով:

Հիշեք ձեր անհոգ և կենսուրախ մանկությունն ու աշխատեք ձեր փոքրիկին տալ հնարավորություն՝ վայելելու տարվա այս եղանակը: Որպեսզի ամառը փոքրիկի համար անմոռաց և հագեցած անցնի, նրա համար հեծանիվ գնեք: Չէ՞ որ հեծանիվ վարելը հետաքրքիր և օգտակար զբաղմունք է: Հեծանիվ վարելը նաև հրաշալի է անդրադառնում առողջության վրա. երեխային դարձնում է ավելի համբերատար, դիմացկուն և ուժեղ, մարզում է և կոփում մարմինը: Գնելով հեծանիվ՝ դուք ոչ միայն իրականացնում եք ձեր փոքրիկի երազանքն, այլ նաև հոգ եք տանում, որ նրա ամառային հանգիստն անցնի ակտիվ, ուրախ և հետաքրքիր: Եկեք միասին ընտրենք անվտանգ և որակով հեծանիվ 7-ամյա փոքրիկի համար:

Ինչպե՞ս ընտրել հեծանիվ 7 տարեկան երեխայի համար

7-ամյա երեխայի համար հեծանիվ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել որակին, ապահովությանը, հարմարավետությանը և անվտանգությանը:

1. Երեխաներից ոչ բոլորն են կարողանում հեծանիվ քշել ու այդ պատճառով կան կողային հավելյալ անիվներ, որոնք օգնում են երեխայի պահել հավասարակշռությունը: Եթե ձեր երեխան դեռ չի կարողանում հեծանիվ վարել,  ընտրեք հենց այսպիսի մոդել:

2. Ուշադրություն դարձրեք նաև անիվների տրամագծին: 20 դյույմ տրամագծով անիվները նախատեսված են 130 սմ հասակը չգերազանցող երեխաների համար: Դրանից բարձր հասակ ունեցող երեխաների համար 24 դյույմն իդեալական է:

3. Որպեսզի կարողանաք ընտրել ճիշտ հեծանիվ, այն դրեք ուղիղ հարթության վրա և խնդրեք երեխային նստել վրան: Երեխայի ոտքերի և հեծանիվի իրանի միջև պետք է լինի 5-10 սմ տարածություն: Դա հարկավոր է, որպեսզի երեխան հանգիստ իջնի հեծանվից:

4. Ինչ վերաբերում է նստատեղի կարգավորումներին, նկատի ունեցեք, որ երեխան առանց խնդիրների պետք է կարողանա մի ոտքով հասնել ներքևում գտնվող ոտնակին:

5. Մի՛ մոռացեք ղեկի կարգավորումների մասին: Անհրաժեշտ է, որ ղեկն ունենա բարձրությունը կարգավորելու հնարավորություն, որպեսզի երեխան հանգիստ նստի և չկռանա դեպի ղեկը: Ի դեպ, ղեկը չպետք է պտտվի իր առանցքի շուրջ:

6. 7-ամյա փոքրիկի համար հեծանիվ գնելիս նախընտրեք ոտքի արգելակ ունեցողները: Ձեռքի արգելակն անհրաժեշտ է վթարային դեպքերի համար, երբ երեխան շփոթվում է, և ոտքի արգելակը թույլ է սեղմում:

7. Ուշադրություն դարձրեք հեծանվի շղթային և ատամնանիվին, դրա վրա պետք է լինի հատուկ պաշտպանիչ մաս, որը թույլ չի տա, որ հագուստն ընկնի ատամնանիվի տակ:

8. Եվս մեկ կարևոր խորհուրդ. 7-ամյա երեխայի համար հեծանիվ ընտրելիս ուշադրություն դարձրեք նրա քաշին: Կլինեն դեպքեր, երբ ստիպված կլինեք տեղափոխել այն մի վայրից մյուսը:

 

 

Գովազդ