Ինչպե՞ս սովորեցնել երեխային պաշտպանել ինքն իրեն

Զարգացում

Որպեսզի ձեր փոքրիկին չնեղացնեն, պարտադիր չէ, որ նա լինի ամենաճարպիկը, ուժեղը և ակտիվը:

Երեխան պետք է ունենա որոշակի հատկություններ, որոնք, իհարկե, չեն պաշտպանի նրան վատ մարդկանցից, փոխարենը կօգնեն փոքրիկին լինել ավելի ինքնավստահ և ակտիվ: Եվ այսպես, ի՞նչ պետք է սովորեցնել երեխային:

1.   Զոհ չլինել

Եթե երեխան ի սկզբանե ցույց է տալիս դիմացինին, որ պատրաստ է ենթարկվել նրան, լսել ու կատարել իր ցանկությունները, քիչ-քիչ ձեռք է բերում զոհի հոգեբանություն: Անհրաժեշտ է փոքրիկին բացատրել, որ չկա որևէ մեկն, ով իրավունք ունի վիրավորել և նեղացնել նրան: Ոչ մի դեպքում պետք չէ վախենալ շրջապատող մարդկանցից և մտածել, որ չես կարող հարգալից վերաբերմունք պահանջել:

 

2.   Օգնության դիմել

Կա կարծիք, որ երեխան իր խնդիրները պետք է լուծի առանց մեծերի միջամտության: Եթե, իհարկե, դու վախկոտ և թուլամորթ չես: Բայց եթե ինչ-որ պահի դու չես կարողանում պաշտպանել ինքդ քեզ, կարելի է և պետք է դիմել ուրիշներին: Եթե «հակառակորդը»  գերազանցում է թվաքանակով կամ ուժով, եթե չգիտես ինչպես հակահարված տալ, դիմի՛ր նրան, ում վստահում ես: Բոլորն էլ օգնություն խնդրելու իրավունք ունեն:

 

3.   Պետք չէ արձագանքել վիրավորանքին

Վիրավորանք, անհաջող կատակ, մականուն, և փոքրիկն արդեն վեճ է սկսում: Դա ուժ չէ, հակառակը՝ թուլություն է: Ուժեղ ու ինքնավստահ ես, երբ չես արձագանքում այդ ամենին: Բացատրեք երեխային, որ  եթե ուշադրություն չդարձնի նեղացնողի բառերին, նա ավելի շուտ հանգիստ կթողնի իրեն:

 

4.   Լինել սեփականատեր

Չի կարելի վերցնել կամ ջարդել ուրիշի ունեցվածքը: Բացատրեք փոքրիկին, որ իր սեփականությունն անձեռնմխելի է, նա պարտավոր չէ իր ունեցածով կիսվել ուրիշների հետ և իրավունք ունի հետ պահանջել իրենը կամ մեծերին խնդրել դա անել:

 

5.   Կարողանալ ասել ոչ

Անձնական տարածքի խախտումը տարբեր կերպ է դրսևորվում: Փոքրիկին կարող են չնեղացնել, բայց նա կարող է իրեն անհարմար զգալ, որովհետև նրան ստիպում են անել այն, ինչը նա չի ուզում: Իսկ մերժել չի կարողանում: Օրինակ՝ վախենում է «մայրիկի բալիկ» լինելուց, եթե չփախչի դասից, վախենում է «վախկոտի» պիտակ կրի, եթե չգնա վտանգավոր տեղ, «վատ ընկեր» դառնա, եթե բոլորին չհյուրասիրի իր կոնֆետները: Ե՛վ մեծերը, և՛ փոքրերը պետք է կարողանան ասել «ՈՉ»՝ հանգիստ, քաղաքավարի, առանց բացատրությունների: Ուղղակի «ՈՉ» և ոչ մի բացատրություն ու արդարացում:

 

6.   Ինքդ քեզ հավատալ

Երեխայի մոտ զարգացրեք ինքն իրեն հավատալու կարողությունը: Սա հետագայում նրան կօգնի բարդ իրավիճակներում: Թող երեխան կարծի, որ ինքը սիրված է և արժանի է լավ վերաբերմունքի:

 

7.   Ունենալ լավ ընկերներ

Լավ է այնտեղ, որտեղ մեզ սիրում և հարգում են: Սովորեցրեք երեխային «լավ ընկեր լինելու արվեստը»: Ընկերները պետք է միմյանց օգնեն, լինեն միմյանց կողքին թե՛ լավ, թե՛ վատ պահերին:

 

 

Գովազդ