Երեխան անընդհատ կորցնում է իրերը. ի՞նչ անել

Զարգացում

Երեխան դպրոցում կամ մանկապարտեզում կորցնում է գլխարկը կամ ժակետը, գրչատուփը, սպորտային համազգեստը, և ծնողները ստիպված են տարվա ընթացքում անընդհատ գնել միևնույն հագուստը կամ իրը:

Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երեխան իրերին վերաբերվի խնամքով, սակայն մեր փոքրիկը ցրված է և ամեն ինչ կորցնում է: Ի՞նչ անել այս դեպքում:

Նախ՝ պետք է երեխային բացատրել, որ կորցրած իրը ծնողները գնել են իրենց աշխատանքի, աշխատավարձի միջոցով, որ նրանք չարչարվել են, աշխատել են մի ամբողջ ամիս, որպեսզի իր համար գնեն այսինչ բանը, ու հենց դրա համար երեխան պետք է ավելի խնամքով վերաբերվի իրերին:

Դեռ փոքրուց սովորեցրեք երեխային մաքուր պահել շրջապատը, խնամքով դասավորել իրերը: Մաքրասեր ու կոկիկ երեխան երբեք չի կորցնի իրերը: Մաքրասիրություն ու կոկիկություն սովորեցրեք երեխային դեռ մեկ տարեկանից: Հավատացեք՝ այդ տարիքում երեխան շատ բան է հասկանում:

Սեփական օրինակով ցույց տվեք երեխային լինել պատասխանատու: Թույլ տվեք, որ նա տեսնի, թե ինչպես եք դուք ամեն օր հավաքում ձեր իրերն ու շտապում տանից դուրս գալ:

Ոչ մի պարագայում չի կարելի երեխային սովորեցնել, որ եթե նա կորցնի այսինչ բանը, հայրիկն ու մայրիկն անպայման կգնեն նորը: Նորը գնել կարելի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Եթե երեխան կորցրել է ինչ-որ բան, ցույց տվեք, որ դուք շատ վրդովված եք այդ առիթով: Ասեք նրան, որ այլևս չեք գնելու նորը, և եթե ցանկանում է նորից ունենալ այն, ապա հենց ինքը պետք է գումար հավաքի և գնի:

Որպեսզի երեխան չմոռանա, թե ինչ կար իր պայուսակում, թույլ տվեք, որ հենց ինքը դասավորի պայուսակը: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաև իրերի ցուցակ կազմել:

 

 

Գովազդ