Երեխան՝ մանկապարտեզում. 4 սխալ, որ թույլ են տալիս ծնողները

Զարգացում

Բոլոր ծնողներն էլ բախվում են այս խնդրին՝ երեխան չի ցանկանում հաճախել մանկապարտեզ:

Ինչպե՞ս երեխային վարժեցնել մանկապարտեզին, ի՞նչ անել, որ երեխան մանկապարտեզ հաճախի առանց լացի, կամակորությունների:

Մանկական և ընտանեկան հոգեբան Եկատերինա Քեսը կօգնի այս հարցում: Նրա խորհուրդների օգնությամբ կբացահայտենք՝ ինչ սխալներ են թույլ տալիս ծնողներն այս հարցում:

Սխալ առաջին՝ «մայրիկի անհետացում»: Շատ հաճախ երեխան մանկապարտեզում տեսնում է նոր ու գունավոր խաղալիքներ և ցանկանում է խաղալ դրանցով: Սակայն նա կարծում է, որ այդ ընթացքում իր մայրիկը, կանգնած մի անկյունում, հետևում է իրեն: Մայրիկը, տեսնելով, որ երեխան խելոք խաղում է, անաղմուկ հեռանում է: Պատկերացրեք ձեր երեխայի վախը, երբ նա նկատում է, որ իրեն միայնակ են թողել:

Նույնիսկ եթե դուք զգուշացրել եք երեխային, որ թողնելու եք նրան մանկապարտեզում, մի՛ հեռացեք աննկատ: Այդպիսով՝ դուք միայն կվախեցնեք երեխային:

Սխալ երկրորդ՝ «երկար բացակայություն»: Չի կարելի երեխային մանկապարտեզում միանգամից երկար ժամանակ մենակ թողնել: Սա երկար գործընթաց է, որը պետք է անել անշտապ:

Հոգեբաններն առաջարկում են սկզբում երեխային թողնել կես ժամ և սպասել միջանցքում: Երեխան կծանոթանա նոր մարդկանց հետ, ովքեր հետո նրա համար օտար չեն թվա: Հետո կարելի է թողնել մեկ ժամ՝ մինչև ճաշը, և քիչ-քիչ հասնել ցանկալի արդյունքի:

Սխալ երրորդ՝ «օրվա սխալ ռեժիմ»: Երեխայի օրվա ռեժիմը պետք է կազմել նախապես: Եթե նա քնում է  ժամը 22-ին, ապա առավոտյան 7-ին արթնանալը շատ դժվար կլինի: Սա ևս մեկ պատճառ՝ մանկապարտեզ հաճախել չցանկանալու համար: Դրա համար կազմեք հարմար գրաֆիկ:

Սխալ չորորդ՝ «արագ պատրաստվել և տանից դուրս գալ»: Պետք չէ շտապել, արագ պատրաստվել ու տանից դուրս գալ: Երեխային արթնացրեք, միասին նախաճաշեք, խոսեք ու հանգիստ տանից դուրս եկեք:

 

Հիշեք՝ մանկապարտեզը շատ կարևոր է երեխայի սոցիալիզացման համար:

Գովազդ