Երեխաների դաստիարակության հարցում մեկ ընդհանուր կարծիք չկա:
Երեխաները տարբեր են, յուրահատուկ, ու հենց այդ պատճառով դաստիարակության հարցում մոտեցումները պետք է տարբեր լինեն: Բայց կան նորմեր, որոնք ընդհանուր են բոլորի դեպքում՝ քաղաքավարություն, սիրալիրություն և այլն:
Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ սխալներ են թույլ տալիս ծնողները երեխաների դաստիարակության հարցում:
1. Մի՛ արգելեք երեխային լինել երեխա
Պատկերացրեք, որ Ձեր երեխան հանգիստ է, բոլորին սիրում է, հարգում է, երբեք իր կարծիքը չի արտահայտում, անում է այն, ինչ իրեն ասում են: Հոգեբանները կարծում են, որ այս երեխաները երջանիկ չեն: Այս դեպքում երեխան դիմակի տակ թաքցնում է իր «Ես»-ը, իսկ հոգու խորքում նա ունի հոգեբանական ու հուզական մի շարք խնդիրներ: Օգնեք երեխային լինել երեխա՝ երբեմն չլսել Ձեզ, խաղալ, թռչկոտել, բարձր երգել:
2. Մի՛ ստորացրեք երեխային
Մենք երբեմն անտեղի կարող ենք երեխային ասել. «Դու սեփական ուղեղ չունես, չես կարող ավելի լավ բան մտածել...» և այլն: Ամեն անգամ, երբ մենք ասում ենք այս խոսքերը, երեխայի մեջ ինչ-որ բան կոտրում ենք:
3. Մի՛ սպառնացեք երեխային
«Եթե մի անգամ էլ դա անես, կտեսնես՝ ինչ կանեմ քեզ հետ...». այս խոսքերով մենք ստիպում ենք մեր երեխային օր օրի ավելի շատ վախենալ մեզնից: Սպառնալիքները երբեք չեն լավացնում երեխայի վարքը:
4. Մի՛ դրժեք խոստումները
Լինում են դեպքեր, երբ մենք երեխային ասում ենք՝ «խոստացի՛ր, որ այլևս նման բան չես անելու»: Անցնում է որոշակի ժամանակ, և երեխան կրկնում է նույնը: Սա այն պատճառով, որ երեխան չգիտի՝ ինչ է խոստումը: Իսկ ինչպե՞ս սովորեցնել նրան պահել խոստումները: Մեր օրինակով:
5. Երեխային շատ մի՛ փայփայեք
Ավելորդ խնամքը երեխային կստիպի մտածել, որ ինքը ոչինչ չի կարող անել առանց մայրիկի ու հայրիկի: Շատ ծնողներ թերագնահատում են իրենց երեխային ու ամեն ինչ անում են նրանց փոխարեն, բայց սա շատ սխալ է: Թույլ տվեք երեխային լինել ինքնուրույն:
6. Անմոռաց մի՛ նվիրվեք երեխային
Սա մի քիչ դժվար է հայ ծնողների դեպքում: Համենայն դեպս ցույց մի տվեք դա երեխային: Երեխան հասկանում է, որ ծնողներն իրեն չեն կարողանում «ոչ» ասել ու փորձում է օգտվել այս փաստից: Կարող եք երբեմն պատժել երեխային՝ զրկելով նրան իր սիրելի խաղերից: Սա զգոն կդարձնի երեխային:
7. Մի՛ պահանջեք երեխայից այն, ինչը նա չի կարող անել
Եթե Դուք սպասում եք, որ Ձեր 2 տարեկան երեխան ենթարկվի 5-ամյա երեխայի նման, ապա Դուք կտրում եք Ձեր ու երեխայի միջև ընկերական կապը: Մի՛ պահանջեք երեխայից այն, ինչը նա դեռ չի կարող անել: