Արդեն այն ժամանակ, երբ Ձեր փոքրիկը կսկսի քայլել և խոսել, Ձեզ սպասում է հարցերի մեծ տարափ` «ի՞նչ է սա», «իսկ սա՞»:
Զինվեք համբերությամբ: Փոքրիկներին առավելապես հետաքրքրում է` ինչ է արևը, լուսինը, գիշերն ու ցերեկը: Իհարկե, դպրոցում նրանք անպայման կուսումնասիրեն «Շրջակա աշխարհ» առարկան, բայց մինչև դա ծնողները պետք է անպայման պատասխանեն երեխաների հարցերին: Ինչպե՞ս երեխային ծանոթացնել շրջակա աշխարհի հետ:
Գիշերը և ցերեկը
Նույնիսկ շատ փոքրիկներին է հետաքրքրում` ինչու է մթնում օրը, հետո կրկին լուսանում: Ինչու՞ է մեր երկրում ցերեկ, իսկ մորաքրոջ մոտ՝ գիշեր: Իհարկե, Դուք շատ լավ հասկանում եք` ինչի մասին է հարցնում երեխան: Պատասխանեք նրան այնպես, ինչպես Դուք գիտեք: Բացատրեք` ինչ է արեգակնային համակարգը, որ մեր մոլորակը պտտվում է արեգակի շուրջը ու հենց դրա հետևանքով էլ Երկրի մի կիսագնդում գիշեր է, մյուսում` ցերեկ: Որպեսզի երեխան ավելի լավ հասկանա, բացատրեք ավելի պատկերավոր: Դրա համար անհրաժեշտ է գլոբուս և լուսարձակ: Գլոբուսի վրա փնտրեք ու գտեք Հայաստանը: Լույսն ուղղեք դեպի մեր երկիրը ու բացատրեք երեխային, որ լուսարձակն արևն է, այն հիմա լուսավորում է մեր երկիրն ու հարևան այլ երկրներ, այսինքն` մեր երկրում հիմա ցերեկ է, իսկ, օրինակ, Ամերիկա մայրցամաքին լույսը չի հասնում, նշանակում է` այնտեղ բոլորը քնած են. գիշեր է: Վստահ ենք` պատկերավոր այս դասից երեխան շատ կտպավորվի: Ի դեպ, գլոբուսի օգնությամբ նույնքան պատկերավոր կարելի է բացատրել նաև երկրի` իր առանցքի շուրջ պտույտը:
Լուսինը
Փոքրիկին բացատրեք, որ ցերեկը լուսինն ու աստղերը չեն կորչում, պարզապես արևի լույսը խանգարում է, որպեսզի դրանք տեսնենք: Ամռանը, երբ եղանակը շատ ջինջ ու պայծառ է, առավոտյան կարելի է երկնքում տեսնել լուսինը: Երեխայի մոտ մեծ ցանկություն կառաջանա ուսումնասիրել լուսինը: Հրաշալի կլինի, եթե կարողանաք միասին այցելել Բյուրականի աստղադիտարան ու գիշերը աստղադիտակներով հետևել լուսնին ու աստղերին: Եթե չկա այս հնարավորությունը, դիմենք խորամանկության. շատերի տանը կան նկարահանող սարքեր, դրանց միջոցով կարելի է դիտել լուսինը: Պարզապես մինչև վերջ սեղմեք մոտեցնելու կոճակը: Իհարկե, լավագույն տարբերակը աստղադիտակ ձեռք բերելն ու ոչ միայն լուսինն, այլև մոլորակներն ուսումնասիրելն է:
Ո՛չ Դուք, ո՛չ երեխան ոչ մի պարագայում չփորձեք աստղադիտակով նայել արևին: Ինչպես գիտեք, խոշորացույցն անդրադարձում է արևի լույսն ու այս դեպքում կստանաք այրվածքներ:
Արևի խավարում
Արևի խավարում ամեն օր չի լինում, բայց դա պատճառ չէ, որ երեխային չբացատրեք` ինչ է արևի խավարումը: Բացատրեք երեխային, որ արևի խավարման ժամանակ արեգակը դառնում է սև և կարելի է դրան նայել նույնիսկ անզեն աչքով: Իրականում այդ սևը մեզ քաջածանոթ լուսինն է:
Այս բացատրությունն իրականում շատ խրթին է: Եկեք ավելի հեշտ ու պատկերավոր մի բան մտածենք: Վերցրեք Ձեր փոքրիկի գնդակը. դա կլինի լուսինը: Պահեք այն լուսամփոփի դիմաց` այնպես, որ գնդակը փակի լույսը: Լուսամփոփն էլ այստեղ կլինի արեգակի դերում: Դե ինչ, բացատրեք երեխային, որ երբ լուսինն ու արևը հանդիպում են երկնքում, կատարվում է արևի խավարում: