Երեխան չի՞ օգնում տնային գործերում. այս խորհուրդները Ձեզ համար են

Զարգացում

Շատ հաճախ մայրիկները բողոքում են, որ փոքրիկները չեն օգնում իրենց տնային գործերում, ամբողջ օրը նստած են համակարգչի առջև և նույնիսկ չեն հավաքում գետնին շաղ տված իրենց խաղալիքները:

Որպեսզի խուսափենք նմանատիպ խնդիրներից, պետք է դեռ փոքրուց երեխային սովորեցնենք մաքուր պահել շրջապատը:

Երբ շատ փոքր տարիքում երեխան հետաքրքրվում է, թե ինչ է ավելը, գոգաթիակը, պետք չէ այդ իրերն իր տեսադաշտից հեռու տանել ու չբացատրել՝ ինչի համար են դրանք նախատեսված: Երբ երեխան խաղում է, խաղի ավարտին բացատրեք նրան, որ պետք է հավաքել գետնին փաթված խաղալիքները:

3-4 տարեկան աղջիկները շատ սիրում են մայրիկին օգնել խոհանոցում: Երեխայի այս ձգտումը չպետք է արհամարհել, հակառակը՝ պետք է խրախուսել ու թույլ տալ, որ երեխան օգնի մայրիկին: Խոհանոցում նա կարող է Ձեզ փոխանցել կաթսան, կարտոֆիլը, ափսեն: Ձեր օգնությամբ նա կարող է տարայի մեջ ալյուր լցնել: Միասին կարող եք թխվածք պատրաստել, վերջում նա առանձնակի հաճույքով կուտի «իր պատրաստած» թխվածքը:

Շատ կարևոր է գործը կատարելու ավարտին խրախուսել երեխային՝ ասելով, որ առանց իր օգնության անհնար էր գործն ավարտել: Իսկ դրանից հետո կարելի է միասին հաճելի ժամանակ անցկացնել՝ դիտելով որևէ մուլտֆիլմ կամ զբոսնել դրսում:

Որքան հաճախ միասին տան գործերով զբաղվեք, այնքան շուտ երեխան կսովորի մաքուր պահել իր շրջապատը:

Մի քանի խորհուրդ, թե ինչպես սովորեցնել երեխային օգնել տնային հարցերում.

Չկարծեք, որ երեխան իր խաղը թողնելու է և օգնելու է Ձեզ տունը մաքրելիս: Ո՛չ: Այստեղ մի քիչ խորամանկություն է պետք: Պետք է կարևորել երեխայի դերը «մեծական» գործերում: Ինչ-որ գործ անելիս հարցրեք նրա կարծիք՝ «ինչպե՞ս ճիշտ կլինի: Ինչպե՞ս ես դու կարծում»:

Եթե տան հոգսերն ընկած են տան անդամներից մեկի ուսերին, ապա չկարծեք, որ երեխան օգնելու է Ձեզ տնային գործերում: Փոքրիկը մեծերի օրինակով պետք է տեսնի միասնական աշխատանք:

Կարող եք նաև երեխային ասել, որ շատ կցանկանայիք իր հետ դուրս գալ զբոսնելու, խաղալու, սակայն աշխատանքն այնքան շատ է, որ պարզապես չեք հասցնում. «ա՜խ, եթե ինձ մի քիչ օգնող լիներ, ես կկարողանայի քեզ հետ ժամանակ անցկացնել»: Երեխան անպայման կսկսի Ձեզ հետ մաքրել բնակարանը:

Երեխայի հետ մի խոսեք հրամայական տոնով. «որպեսզի հինգ րոպեից գամ ու տեսնեմ, որ խաղալիքներդ հավաքել ես»: Ո՛չ: Այս դեպքում երեխայի մոտ կկորչի Ձեզ օգնելու ցանկությունը: Եղեք մեղմ ու համբերատար: Եղեք հավասարը հավասար հետ:

 

Գովազդ