Կարելի՞ է երեխային փոքր տարիքում սովորեցնել օտար լեզու. խորհուրդներ ծնողների համար

Զարգացում

Փոքր հասակում բոլոր երեխաներն էլ շատ ընդունակ են նոր բաներ սովորելու հարցում: Նրանք ամեն ինչ շատ հեշտ են ընդունում, կարծես` սպունգ լինեն:

Շատ ծնողներ փոքր տարիքում երեխային անգլերեն կամ այլ օտար լեզու սովորեցնելը ճիշտ են համարում՝ պատճառաբանելով, որ հետագայում երեխային ավելի հեշտ կլինի լեզուն յուրացնել ու կիրառել: Գուցե այս մոտեցումը ճիշտ է, բայց՝ մասամբ:

Թե ինչ լեզու երեխան սովորի, որոշում է ծնողը, այսինքն՝ այստեղ մեր՝ ծնողներիս, ցանկությունն է կարևոր: Գուցե մենք ընտրենք այն լեզուն, որը ցանկացել ենք սովորել, սակայն մեզ մոտ ոչինչ չի ստացվել:

Շատ մասնագետներ կարծում են, որ օտար լեզու սովորելը պետք է լինի գիտակցված, սեփական նախընտրությամբ ու ցանկությամբ, այսինքն՝ պետք է լինի մոտիվացիա: Միայն այս դեպքում երեխան կհասնի դրական արդյունքի:

Եկեք քննարկենք՝ պե՞տք է երեխային դեռ շատ փոքրուց սովորեցնել օտար լեզու:

Եթե Ձեր երեխան ունի մայրենի լեզվի հետ կապված խնդիրներ, ապա սա շատ լուրջ պատճառ է հետաձգելու օտար լեզվի ուսուցումը: Օտար լեզվի բառերն ու հնչողությունն էլ ավելի կխորացնի մայրենի լեզվի հետ կապված խնդիրները: Սկզբում լոգոպեդի օգնությամբ փորձեք լուծել երեխայի խոսքային խնդիրները, հետո սկսեք սովորել օտար լեզու:

Եթե երեխայի մոտ ընդգծված խնդիրներ չկան, ապա համարձակորեն կարող եք սկսել օտար լեզվի ուսուցումը: Բայց կարևոր է հաշվի առնել՝ երեխան պատրա՞ստ է դրան:

Մասնագետները խորհուրդ են տալիս օտար լեզու սովորել 5 տարեկանից: Գիտնականներն ապացուցել են, որ մինչև 9 տարեկանը երեխան կարողանում է յուրացնել օտար լեզուն և մտապահել օտար բառերը: Նրանք կարողանում են բառի արտասանությունը յուրացնել, որը հեշտ չի տրվում մեծահասակներին:

Օտար լեզվի ուսուցումը մի սկսեք 3-4 տարեկանում: Այս տարիքում երեխայի համար ուսուցումը շատ դժվար կլինի և կարող է լուրջ հետք թողնել նրա հոգեբանության վրա: Երեխային մի ծանրաբեռնեք այս տարիքում, քանի որ հնարավոր է, որ նրա մոտ սովորելու նկատմամբ սերն ու ցանկությունը պարզապես մարի: Նրա մոտ գուցե ընկնի ինքնագնահատականը, հիասթափվի կյանքից, իրեն զգա դժբախտ: Իսկ սա արդեն շատ լուրջ է:

Շատ կարևոր է գտնել նորմալ ու գիտակ ուսուցչի, մասնագետի, ով խաղերի միջոցով երեխային կսովորեցնի օտար լեզուն:

Շատ կարևոր է, որ օտար լեզվի մասնագետն ունենա երեխաների հետ աշխատելու փորձ: Ուսուցումը պետք է լինի ոչ շատ խիստ, այլ ուրախ ու թեթև մթնոլորտում՝ խաղերի և մուլտֆիլմերի օգնությամբ: Երեխայի համար պետք է լինի հետաքրքիր, այլ ոչ ձանձրացնող:

Միջավայր

Շատ լավ արդյունքն են տալիս խմբային պարապմունքները: Ինչպես գիտեք, երեխաներն ավելի լավ է ընկալում նորը, երբ իր հասակակիցներն ու ընկերներն էլ նույնն են անում: Երեխաները հիմնականում ձգտում են խմբում լինել ամենալավն ու խելացին:

Միայն լավ ուսուցչի հանգամանքով չի պայմանավորված երեխայի ՝ լեզուն լավ յուրացնելու կարողությունը: Դուք ինքներդ էլ պետք է նպաստեք, որպեսզի երեխան սիրի ու լավ սովորի օտար լեզու: Միասին կարող եք մուլտֆիլմեր դիտել՝ բացատրելով անծանոթ բառերը: Կարող եք նույն բանը կրկնել և հայերեն, և օտար լեզվով:

Հիշեք՝ չի կարելի ժամանակային մեծ դադար տալ օտար լեզու սովորելու ընթացքում: Եթե երեխան փոքր հասակում հաջողություններ է գրանցում, մի՛ սահմանափակվեք դրանով: Շարունակեք ուսուցումն արդեն մեծ տարիքում: Երեխայի մոտ պետք է ամրապնդվի լեզուն: Պարբերաբար չգործածելու դեպքում, լեզուն հեշտ մոռացվում է:

Աղբյուրը՝ vospitaj.com 

Գովազդ