Ինչպե՞ս օգնել երեխային դառնալ պերճախոս

Զարգացում

Ինչպե՞ս հարստացնել երեխայի բառապաշարը: Իհարկե,  միանգամից կպատասխանեք՝ փոքրիկի համար շատ կարդալու և նրա հետ զրուցելու օգնությամբ: Այո՛, ճիշտ եք:

Բայց այստեղ մի նրբություն կա, և այն կապված է զրույցի որակի հետ: Երեխան իր բառապաշարը լրացնում է՝ լսելով շրջապատի մարդկանց խոսակցությունները (բարեկամների, հարազատների խոսակցություն, հեռուստացույց և այլն):

Որքան հարուստ ու գեղեցիկ լինի Ձեր բառապաշարը խոսակցության ընթացքում, այնքան պերճախոս ու զարգացած կլինի փոքրիկը:

Շատ կարևոր է նաև, թե ինչ եք կարդում երեխայի համար: Մանկահասակ երեխայի համար բավական է կարճ  հեքիաթը՝ պարզ բովանդակությամբ ու բառերով: Բայց մեծանալուն զուգահեռ պետք է փոխել նաև հեքիաթները: Պետք է ընտրել այնպիսի հեքիաթներ, որոնք կպարունակեն նոր ու գեղեցիկ բառեր, իսկ  տեսարանները կլինեն բազմազան: Հեքիաթի ընթերցումից հետո կարող եք երեխայի հետ փոքրիկ քննարկում անել, խնդրել, որ ինքը բացատրի, թե ինչ հասկացավ հեքիաթից:

Երեխայի բառապաշարը նոր ու գեղեցիկ բառերով հարստացնելու մեկ այլ տարբերակ է շատ շրջագայելն ու զբոսնելը: Երբ որևէ վայր եք գնում, տեսնում որևէ հետաքրքիր իր, երևույթ, խնդրեք երեխային նկարագրել տեսածը, Դուք ինքներդ  էլ կարող եք գեղեցիկ բառերով նկարագրել, օրինակ` արձանը կամ քանդակը: Սա կօգնի, որ երեխան կարողանա արտահայտել իր զգացմունքները:

Երեխայի հետ շփվելիս հոմանիշներ շատ օգտագործեք:

Օգտագործեք երեխայի հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն: Օրինակ՝ երբ գործ եք անում խոհանոցում, իսկ երեխան Ձեր կողքին է, բացատրեք նրան տվյալ ճաշը կամ քաղցրավենիքը պատրաստելու եղանակը:

Երեխայի հետ հաճախ գնացեք կենդանաբանական և բուսաբանական այգիներ: Այնտեղ պատմեք ծաղիկների, բույսերի, կենդանիների մասին:

Այսպիսով՝ երեխան ոչ միայն կդառնա պերճախոս, այլև ձեռք կբերի նոր գիտելիքներ:

 

Գովազդ