Ինչու՞ և ինչպե՞ս սովորեցնել երեխային նկարել

Զարգացում

Փոքրիկի երևակայությունն անսպառ է և այն լավ է արտահայտվում, երբ  նրա ձեռքին հայտնվում է մատիտ կամ գրիչ:

Հոգեբաններն ասում են, որ երբեմն փոքրիկը չի կարողանում բառերով շատ բան արտահայտել, ուստի մեկ  տարեկանից սկսած նա պետք է ունենա տարբեր գույների ու ձևերի մատիտներ և թուղթ` իր մտքերն այդ կերպ արտահայտելու և ինքնադրսևորվելու համար: Դժվար թե գտնվի մի երեխա, որը չսիրի նկարել: Նրանք սկզբում խզբզում են տետրի, գրքի, պատերի վրա, իսկ հետո, երբ արդեն համեմատաբար մեծ են ու հասկանում են՝ ինչ է նկարելը, փորձում են ստեղծել հասկանալի պատկերներ:

Երեխայի հետ միասին նկարեք.

Մինչև 2 տարեկանը երեխայից հասկանալի պատկերներ մի սպասեք: Երեխայի համար գնեք ներկեր, որոնք անվնաս են փոքրիկի մաշկի համար, որպեսզի նա կարողանա մատիկներով և թաթիկներով նկարել: Երեխային նստեցրեք գետնին, առջևում մեծ կտոր փռեք և թույլ տվեք, որ փոքրիկը ստեղծագործի: Սկզբում երեխան կտորի վրա կթողնի իր թաթիկի հետքերը, հետո արդեն կսկսի երևակայել: Կարող եք նրա «գլուխգործոցը» պահել որպես հուշ:

2 տարեկանից սկսած երեխան կսկսի ավելի բարդ ու հասկանալի պատկերներ նկարել:

Սովորեցրեք երեխային՝ ինչպես գծի ուղիղ գծեր: Կարելի է երկրաչափական տարբեր պատկերներ նկարել, որոնք երեխան կներկի իր սիրելի գույներով: Գնեք «ներկի՛ր ինքդ» ալբոմ, որտեղ երեխան ավելի մոտից կծանոթանա գույներին: Երբեմն կարող եք իր հետ ներկել պատկերներն ու մանրամասն նկարագրել՝ ինչ է պատկերված և ինչ գույն պետք է ունենա պատկերը:

5 տարեկանից սկսած՝ երեխայի մոտ կարող է առաջանալ նկարելու նկատմամբ մեծ հետաքրքրություն: Ձեր առաքելությունն այն է, որ ընթացք տաք  փոքրիկի այդ ցանկությանը: Գնեք նրա համար ալբոմ, գունավոր ներկեր ու մատիտնտներ և հետևեք նրա գործողություններին: Եթե Դուք էլ կարողանում եք լավ նկարել, սովորեցրեք նրան որոշ բաներ, եթե ոչ, առաջարկեք նրան հաճախել նկարչության խմբակ: Երեխային օգնեք նաև մտքերով ու գաղափարներով: Հաճախ զրուցեք իր հետ ու հետաքրքրվեք՝ ինչ կցանկանար նկարել: Եթե երեխան կդժվարանա այդ հարցում, օգնեք նրան սեփական գաղափարներով:

Ի դեպ, նկարների միջոցով կարելի է հասկանալ՝ ինչ հոգեվիճակում է այդ պահին երեխան: Այս մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխայի հետ քննարկել նրա նկարի բովանդակությունը: Սակայն եթե երեխան Ձեզ նկարը ցույց չի տալիս, կամ չի ուզում խոսել նկարում պատկերվածի մասին, մի ստիպեք ու մի հարցախեղդ արեք երեխային:

 

Գովազդ