Երեխայի տրամադրության անկում. պատճառներն ու օգնելու եղանակները

Զարգացում

Նկատե՞լ եք, որ երեխաների մոտ հաճախ է լինում տրամադրության կտրուկ անկում:

Հիմա ժպտում է և ուրախ քրքջում, հինգ րոպե հետո տխուր նստում է մի անկյունում: Սա բնավորության գի՞ծ է, թե՞ տարիքային առանձնահատկություն: Անհրաժե՞շտ է անհանգստանալ, դիմել մասնագետի, թե՞ պետք է ուշադրություն չդարձնել այս երևույթին:

Երեխայի տրամադրության կտրուկ անկման պատճառները.

  • Ուշադրության պակաս: Համաձայնեք՝ մեր օրերում ոչ միշտ է հաջողվում երեխաների նկատմամբ լինել ուշադիր: Այս երևույթն առավել հաճախ զգացվում է այն ժամանակ, երբ ընտանիքում այլ երեխաներ կան, հատկապես՝ նորածին: Պատկերացրեք՝ որքան միայնակ է իրեն զգում ավագ երեխան, երբ ծնողները, տատիկն ու պապիկը հավաքված են փոքրիկ քույրիկի կամ եղբոր շուրջը, խնամում են նրան: Վիրավորանք, զայրույթ, խանդ...այս ամենը նա կարող է արտահայտել տարբեր ձևերով՝ իր մեջ փակվելով, ագրեսիվ պահվածքով, լացով: Ամեն դեպքում երեխան փորձելու է ամեն կերպ ուշադրությունն իր կողմը գրավել: 
  • Անձնական տարածքի խախտում: Այս երևույթը հիմնականում դրսևորվում է 3 տարեկանում, երբ ձևավորվում է երեխայի «ԵՍ»-ը: Երեխան չի ցանկանում խաղալիքը կիսել որևէ այլ երեխայի հետ, թույլ չի տալիս իր հետ շփվել և այլն: 
  • Վիրավորվածություն: Սա հիմնականում արտահայտվում է լացով, բղավոցով: Բայց կան երեխաներ, որոնք ամեն ինչ պահում են իրենց ներսում և չեն արտահայտվում:

 

Ինչպես պայքարել երեխայի տրամադրության կտրուկ անկման դեմ

 

  • Վերացրեք ագրեսիա առաջացնող և երեխային նյարդայնացնող բոլոր գործոնները: Հոգացեք, որ երեխան չդիտի ագրեսիվ ֆիլմեր՝ մարտաֆիլմեր, սարսափ ֆիլմեր ու հաղորդումներ: Ավելի լավ է՝ այդ ժամանակը նա ծախսի ընթերցանության վրա: Կարող եք նաև միասին քննարկել որևէ հետաքրքիր և օգտակար թեմա: 
  • Հիշեք, որ երեխան մշտապես փորձում է կրկնօրինակել Ձեզ: Այնպես որ, ուշադրություն դարձրեք երեխայի ներկայությամբ Ձեր պահվածքին: Տան մթնոլորտը շատ է ազդում երեխայի պահվածքի վրա: 
  • Քաջալերեք երեխային: Յուրաքանչյուրս էլ սխալվում ենք, իսկ երեխաները, ովքեր չունեն կյանքի փորձ, սխալվում են հաճախ: Ուրեմն՝ փորձեք հասկանալ երեխային, օգնեք ուղղվել ու չկրկնել սխալը: Քաջալերեք և ասեք, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

Եթե երեխայի մոտ տրամադրության անկումները շատ հաճախ են լինում,  դիմեք մասնագետի:

 

Աղբյուրը՝ vospitaj.com 

Գովազդ