Ինչպե՞ս վարվել, եթե երեխան փորձում է նմանակել ծնողին. հոգեբանների խորհուրդը

Զարգացում

Փոքրիկները հաճախ նմանակում են իրենց ծնողներին՝ տղաները սովորաբար նմանակում են հայրիկներին կամ մեծ եղբայրներին, իսկ աղջիկները՝ քույրերին կամ մայրիկներին: Լինում են դեպքեր, երբ մեծերին նմանակելու փորձերը հասնում են չափազանցության:

Օրինակ՝ տղաները ցանկանում են վարել հայրիկի մեքենան, իսկ աղջիկները քսում են մայրիկի շրթներկը, շպարվում են, հագնում են բարձրակրունկ կոշիկներ և այդպես ցանկանում տանից դուրս գալ: Ինչպե՞ս վարվի ծնողը նմանատիպ դեպքերում, և արդյոք վտանգավո՞ր չէ երեխայի՝ ծնողին այդչափ նման լինելու ցանկությունը, պարզեցինք նեոնատալ բժշկության ասոցիացիայի ընտանեկան հոգեբան- խորհրդատու Աննա Բադալյանից:

«Ցանկացած երեխա մեծանալու ընթացքում իր համար ստեղծում և ունենում է որոշակի  էտալոնային կերպարներ, որոնք հարկավոր են երեխայի ճիշտ  զարգացման համար։ Այս դեպքում երեխայի համար էտալոնային կերպարը հայրն է կամ մայրը։ Դա դրական երևույթ է, քանի որ այդպես երեխայի սեռային զարգացման գրագետ սկիզբն է դրվում: Ոչ նորմալ երևույթ կլինի, եթե երեխան չցանկանա նմանակել իր հարազատներից որևէ մեկին»,- ասում է հոգեբանը:

Հոգեբանները փաստում են, որ երեխայի կյանքի առաջին տասներկու տարին շատ կարևոր են ծնողներին ընդօրինակելու և նրանց նմանակելու առումով. կյանքի առաջին տասնամյակում ընդօրինակածը երեխայի համար ճշմարտություն է համարվելու ամբողջ կյանքի ընթացքում։ Ուստի ծնողները պետք է շատ ուշադիր լինեն իրենց վարքի, հագուստի, խոսելաձևի մեջ՝ հիշելով, որ օրինակ են ծառայում իրենց երեխաների համար:

Երբեմն պատահում է, որ տղա երեխան է ցանկանում նմանակել մայրիկին՝շպարվելով և կիսաշրջաազգեստներ հագնելով, կամ էլ աղջիկ երեխան հագնվում է ինչպես հայրիկը, կարճ սանրվածք պահում ու հրաժարվում գեղեցիկ զգեստներից։ Նման պարագայում ծնողները մտահոգվելու կարիք ունե՞ն:  Իր խորհրդով օգնում է հոգեբան Սաթեն Գրիգորյանը. «Ծնողը պետք է գիտակցի, թե երբ են սկսում խախտվել երեխայի սեռային պահանջմունքները և շեղի նրան նմանօրինակ  զբաղմունքից. պետք է բացատրել,որ  գոյություն ունեն սեռային տարբերություններ և դրանց սահմանը խախտել չի կարելի: Հարկավոր է, օրինակ,  տղաներին ասել, որ շպարվում են միայն  աղջիկները: Երբ ծնողը նկատում է, որ երեխան չափից շատ է տարվում այն ամենով, ինչն իրենը չէ, ուղղակի պետք է վերացնել այդ ամենը նրա աչքից։ Ժամանակի ընթացքում ձգտումը հակառակ սեռին բնորոշ իրերի կամ երևույթների նկատմամբ կանցնի։ Երեխաներն ամեն ինչին չափից շուտ են հարմարվում, պարզապես պետք է սեռադաստիարակման սահմանը չխախտել»:

Հոգեբանները հիշեցնում են՝  փոքրիկին չի կարելի ասել՝ «չի կարելի», պետք է օրինակ ծառայել «չի կարելին» չանելու համար:

 

                                                                                                                    Նելլի Խաչատրյան     

Գովազդ