Լիբանանահայ Արմինե Փանոսյանն արդեն երեք տարի է՝ Հայաստանում զբաղվում է անգլերենի ուսուցմամբ: 2017 թ. սեպտեմբերին նա Երևանում հիմնել է «A+ Skills» լեզվի կենտրոնը:
«Ես Լիբանանում երկար տարիներ դասավանդելու ու դասագրքեր կազմելու փորձ ունեի։ Հայաստան եկա՝ լեզվի սեփական կենտրոնը հիմնելու ու հայ երեխաներին սովորեցնելու երազանքով: Կրթական համակարգին ծանոթանալու համար մի քանի ամիս աշխատեցի լեզվի տարբեր կենտրոններում ու ամառային ճամբարում: Սկզբում իմ բնակարանում սկսեցի պարապել սաների հետ, հետո համագործակցություն սկսեցի արվեստի ստուդիաներից մեկի հետ: Իսկ երբ աշակերտներիս թիվը մեծացավ, հիմնեցի իմ կենտրոնը»,-ասում է Արմինեն։
«A+ Skills» կենտրոնը տարբերվում է հայաստանյան ուսումնական կենտրոններից թե ՛ ուսուցման մեթոդներով ու օգտագործվող գրականությամբ, թե՛ նպատակներով ու գաղափարական տեսլականով: Արմինեն դասագրքերը բերում է Լիբանանից:
«Կենտրոնում ուսուցումը իրականացվում է TESOL-ի նորագույն մեթոդներով: Մենք շեշտը դնում ենք երեխային անգլերեն լսել, խոսել, գրել ու կարդալ սովորեցնելու վրա, և այդ ամենը`միաժամանակ,-ասում է Արմինեն,-Մեզ մոտ դասերը աշակերտակենտրոն են։ Ես չեմ թելադրում, իմ աշակերտներն էլ չեն գրում: Հասկացել եմ, որ նրանք հոգնել են դասավանդման հին մեթոդներից: Ես ինտերակտիվ մեթոդով եմ աշխատում: Մեր կենտրոնում երեխաները սկսում են խոսել՝ անգլերենի նվազագույն գիտելիքներ ունենալով անգամ: Նրանք շատ արագ սովորում են կիրառել իրենց իմացած թեկուզ մի քանի բառը»:
Արմինե Փանոսյանի կենտրոնն առանձնանում է նաև նրանով, որ թեմատիկ դասերից հետո սաներն ուսուցչի հետ դասին առնչվող որևէ հետաքրքիր վայր են այցելում:
«Երեխաները սովորում են դիտել, տեսնել ու խոսել։ Այս մեթոդով փորձում եմ խրախուսել, որ նրանք սկսեն անգլերենը առօրյա կյանքում էլ օգտագործել: Մենք փորձում ենք զարգացնել երեխայի`անգլերեն լեզվամտածողությունը»,-ասում է Արմինեն:
Կենտրոնում պարապմունքները թե անհատական են, թե խմբային: Իսկ խմբերը կազմվում են՝ հաշվի առնելով սաների տարիքային ու լեզվական իմացության մակարդակները: Ի դեպ, դասընթացները տարաբնույթ են`ընդհանուր, մասնագիտական, քննական: Այսինքն` հաշվի են առնվում սաների լեզվական կարիքները:
Թեմատիկ դասերի ընթացքում կազմակերպում են խաղեր ու մրցույթներ, իսկ ավարտին աշակերտները հանձնում են ստուգողական թեստ:
Արմինե Փանոսյանի սաները գրանցել ու գրանցում են լավ արդյունքներ, շատերը բարձր գնահատականներով ընդունվում են ուսումնական տարբեր հաստատություններ, ինչը հիմնադիր-տնօրենին շատ է ոգևորում: Արմինեն որոշել է՝ շուտով անգլիական թեքումով մանկապարտեզ է բացելու Երևանում:
«Ես անում եմ առավելագույնը, որպեսզի մեր կենտրոնում դասերը անցնեն հաճելի ու հետաքրքիր մթնոլորտում: Եվ դա իսկապես հաջողվում է: Վկան`մեր սաները, ովքեր միշտ ուրախ և զվարթ են գալիս կենտրոն, երբեք չեն տրտնջում, թե չեն ուզում դասի գնալ»,-ասում է կենտրոնի տնօրենը՝ շեշտելով, որ ուսումնական ծրագիրը կազմվում է միջազգային չափորոշիչներին համաձայն: «A+ Skills»-ը հաշվի է առնում հանգամանքը, որ փոխվել է նաև սերունդը, որն այլևս չի ցանկանում նստել, ժամերով լսել և կատարել հրահանգներ, այսինքն`դասերը պետք է լինեն ինտերակտիվ, բազմազան, երեխաներին ունկնդրի կարգավիճակից մասնակցի վերածող, ինչը և ապահովում է իր հիմնած կենտրոնը:
Հ.Գ. «A+ Skills» -ը Հայաստանում միակ կենտրոնն է, որը համագործակցում է բրիտանական «Intesol Worldwide» միջազգային ընկերության հետ: Այս ընկերությունը անգլերենի ուսուցիչներին տրամադրում է «TESOL Certificate» հավաստագրեր, այնպես որ կենտրոնի ուսուցիչները ևս վերապատրաստվելու ու միջազգային որակավորում ստանալու հնարավորություն ունեն:
Ավելին իմանալու համար զանգահարեք՝ 055 374927
Հասցե՝ Օրբելի 45
Հեղինակ`Արփինե Մուրադյան