Ի՞նչ հետևանք կարող է ունենալ մայրական խանդը

Զարգացում

 Մայրական խանդը բավականին տարածված երևույթ է։ 

Ի՞նչ է սա, ինչպե՞ս է առաջանում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ու ինչպե՞ս խուսափել մայրական խանդից․ պարզաբանում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը։

«Խանդելիս մարդը հակասական զգացողություններ է ունենում՝ կիրք, լիարժեքորեն տիրելու, վերահսկելու ցանկություն, ատելություն, հուսահատություն, վիրավորվածություն և այլն: Այսպիսի զգացմունքների դեպքում, բնական է, որ մարդու վարքագծի դրսևորումները չեն կարող լինել դրական: Խանդ զգում ենք բոլորս, սակայն այդ զգացումը հարկավոր է վերահսկել, ենթարկել օբյեկտիվ վերլուծության, այլապես մեր հոգեկան պրոցեսները կարող են մթագնել: Եթե կա խանդ, ուրեմն պետք է ուսումնասիրել խանդող մայրիկի մանկությունը՝ պարզելու այդ խանդի պատճառը»,- ասում է Անի Ապիտոնյանը։ 

Նրա խոսքով՝ մարդը խանդում է, եթե նրա մոտ վիրավորանքը կուտակվել է: Այս դեպքում անձի «ես»-ը,  սիրո պահանջմունքը բավարարված չէ դեռ մանկուց։ Սիրո պահանջմունքի չբավարարվածությունն առաջացնում է խանդի զգացում: Եթե խնդիրը չի լուծվում, կարող է առաջանալ անլիարժեքության բարդույթ, կորստի վախ: Սրա արդյունքում, հնարավոր է, ամեն ինչ վերահսկելու պաշտպանական բնազդ ձևավորվի: 

«Մանկության տարիներին ծնողական սիրո և ուշադրության պակասը մայրանալուց հետո կնոջ մոտ երեխայի նկատմամբ սեփականության զգացում է ձևավորում։ Մայրը փոքրիկին համարում է իր անբաժանելի մասնիկը, այլ ոչ թե մարդ, ով ունի անկախ կյանք, մտածողություն, երազանքներ, մղումներ»,-ասում է Անի Ապիտոնյանը։

Ըստ հոգեբանի՝ խանդը կարող է առաջանալ ոչ միայն թերխնամքի, այլ նաև գերխնամքի դեպքում։ Այս պարագայում  արդեն մարդու «ես»-ը բավարարված չէ, քանի որ նա սովոր է անընդհատ ստանալ, իսկ  մարդը որքան շատ է ստանում, այնքան ավելի պահանջկոտ է դառնում:

«Մայրը պետք  հասկանա՝ որքան երեխան կախվածության մեջ լինի իրենից, այնքան չի լինի ինքնուրույն։ Երեխան չի կարողանա  շփվել  հասարակության մյուս անդամների հետ, կլինի ենթարկվողի դերում»,- ասում է Անի Ապիտոնյանն ու հավելում, որ սա ժամանակի ընթացքում կառաջացնի ավելի լուրջ խնդիրներ։ «Նախ՝ լարվում են մոր ու երեխայի հարաբերությունները, քանի որ հասունանալով՝ երեխան հասկանում է, որ իր մոտ այդպիսի հատկանիշներ ձևավորվել են մոր վերաբերմունքի պատճառով։ Երեխան սկսում է մեղադրել մորը։ Ժամանակի ընթացքում մայր-երեխա հարաբերությունները սկսում են սառել։ Իսկ քանի որ երեխան բնականոն կերպով  չի կարող նաև շփվել հասարակության մյուս անդամների հետ, հասարակությունից ևս տեղի է ունենում օտարացում։ Այդպիսի երեխան միշտ մնում է երեխա, հետագայում չի կարողանում անգամ իր անձնական կյանքը կառուցել: Յուրաքանչյուր ծնողի համար կարևորագույն խնդիր է երեխային լիարժեք և երջանիկ մարդ  մեծացնել, ուստի հաճախ հարկավոր է վերլուծել սեփական հույզերն ու զգացմունքերը, երեխայի զարգացմանը նպաստող  օբյեկտիվ լուծում գտնել»,-նշում է հոգեբանը։

Հեղինակ՝ Արփի Մուրադյան

 

Գովազդ